Սողոմոն Թեհլերյանի շուրջ ծավալված հայտնի իրադարձությունից մոտ 25 տարի առաջ Ռուսաստանի կայսրությունում նմանատիպ դատավարություն է իրականացվել։
1899 թվականի ապրիլի 29-ին Սիմֆերոպոլի շրջանի դատարանն արդարացրել է 27-ամյա Գիրգոր Գուլգուլյանին, որը Սիմֆերոպոլում սպանել էր թուրքի, օսմանյան Բայբուրթ քաղաքի իր հայրենակից Հասան Միլիա օղլուին։ Դա չտեսնված որոշում էր, որին նպաստել էր Գուլգուլյանի պաշտպանի, մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկի՝ Նիկոլայ Կարաբչևսկու խոսքը։
Բայբուրթում հայերի կոտորածների ժամանակ` 1895 թվականին, թուրքական բանդայի ղեկավար Միլիա օղլուն իր ձեռքով մորթել էր Գուլգուլյանի հորն ու երկու եղբայրներին։ Դատի ընթացքում Գրիգորի փաստաբանը ներկայացրել էր ոչ միայն 1895 թվականի իրադարձությունների ապացույցները, այլև ընդհանուր առմամբ նկարագրել էր Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ կիրառված դաժանությունները։
«Ընդամենը երեքուկես տարի առաջ հայերով բնակեցված տարածքներում, խաղաղ մարդկանց շարքերում զինված թուրք ավազակներ էին պտտվում։ Նրանք ոչ միայն թալանում, այլև սպանում էին մարդկանց։ Քաղաքում եղած ոստիկանները սկզբում ոչինչ չէին անում, հետո խառնվում էին ավազակախմբերին ու հարվածներով տապալում այն հայերին, որոնք փորձում էին փրկվել։ Անվերջանալի ջարդեր էին։ Տներում թաքնված մարդկանց քարշ էին տալիս, հանում ու սպանում սարսափահար եղած կանանց ու երեխաների աչքերի առաջ։ Նման անսանձ բանդաներից մեկի ղեկավարը Հասան Միլի օղլուն էր։ Այս Հասանը սպանել է բազում խաղաղ հայերի, այդ թվում՝ Մանուկ Գուլգուլյանին` ամբաստանյալի ծեր հորն ու նրա երկու եղբայրներին՝ Սագիսին ու Հագադուրին։ Ինքը՝ Գրիգոր Գուլգուլյանը, հրաշքով փրկվել, նա սնդուկի տակ է մտել»։
Կոտորածից հետո ողջ մնացածներին՝ հիմնականում կանանց ու երեխաներին, «անկարգությունների» համար բանտ էին նստեցնում։ Գուլգուլյանների ընտանիքում կենդանի մնում և դատվում են Գրիգորը, նրա մայրը, կինն ու չորս դուստրերը։ Ազատ արձակվելուց հետո նրանք փախչում են Ռուսաստանի կայսրություն՝ Ղրիմ։
Ցնցելով դատարանին կոտորածի մասին իր նկարագրությամբ՝ Կարաբչևսկին շարունակում է իր խոսքն Օսմանյան կայսրության ստեղծման պատմությամբ։ Նա պատմում է, թե ինչպես են մուսուլման թուրքերը ներխուժել մի տարածք, որտեղ արդեն իսկ վեց դար քրիստոնյա հայերն էին ապրում։ Թուրքահպատակ էին հայերը (այսինքն՝ այդ երկրի քաղաքացիներն էին), սակայն ոչ մի կերպ պաշտպանված չէին օրենքով։
Այստեղ դատավորը ընդհատում է փաստաբանին․
–Խնդրում եմ չանդրադառնալ դատավարության հետ կապ չունեցող թեմաների։
-Ես անդրադառնում եմ միայն այն պատմական իրադարձություններին, որոնք հայտնի են 7-րդ դասարանի գիմնազիստին։ Ունենալով համալսարանական կրթություն՝ ես իրավունք ունեմ համարել այս պատմական փաստերը հանրահայտ ու դատական ստուգման կարիք չունեցող։
–Երդվյալ ատենակալների շարքում կան բարձրագույն կրթություն չստացած մարդիկ,–շարունակում է դատավորը։
–Առավել ևս ինձ պարտավորված եմ համարում ներկայացնել այս տեղեկությունները,–ասում է փաստաբանը։
–Շարունակեք։
Ու Կարաբչևսկին շարունակում է նկարագրել Օսմանյան կայսրությունում հայերի կենցաղը` փորձելով ապացուցել, որ թուրքահայերը բռնության հակում չունեին։ Ու դա նրանց վրա վատ անդրադարձավ․ օրինակ` Թուրքիայում ապրող հույները, որոնք նույնպես քրիստոնյա էին 1820 թվականին ըմբոստացան Օսմանյան կայսրության դեմ, իսկ հայերը շարունակեցին հանդուրժել այդ ամենը։
1894 թվականին օսմանյան տարբեր քաղաքներում սկսվում են զանգվածային ջարդերը։ «Մաքրումները» մեկնարկում են Սասունից`ասելով, թե իբր հայերի կողմից խռովություն է սկսվել։ Օտարազգիների տեղեկությունների համաձայն՝ մինչ 1896 թվականի սկիզբը Փոքր Ասիայում 37 հազար քրիստոնյա է սպանվել։ 1897 թվականի Բայբուրթի կոտորածն այդ ջարդի շարունակությունն էր։
Գիրգորը, որը սնանկացած թափառական էր դարձել, 1899 թվականին Սիմֆերոպոլում հանդիպում է Հասանին. վերջինս գործերով էր Ղրիմ ժամանել։ Հասանը բարեկեցիկ կյանքով էր ապրում, Բայբուրթի սպանված հայերի ունեցվածքով նա հարստացել էր, երջանիկ ու գոհ տեսք ուներ։
«Գրիգորը տեսնում է նրան և քարանում։ Նրա առջև իր հորն ու եղբայրներին սպանած մարդն էր։ Հասանն այդ պահին մենակ չէր, նա ևս հինգ հոգու հետ զբոսնում էր։ Բայց դա էլ Գրիգորին հետ չպահեց, նա հարձակվեց Հասանի վրա և հարվածեց։ Թուրքը ընկավ գետնին ու տեղում մահացավ։ Բժիշկի եզրակացության համաձայն՝ դաշույնը ուղիղ սիրտն էր մտել», – պատմում է փաստաբանը։
Նա դիմում է դատարանին ու հղում անում Ռուսաստանի կայսրության քրեական օրենսգրքին` ընդգծելով, որ ռուսական օրենքները գրված են`հաշվի առնելով մարդկային հարաբերությունները։
«Այժմ գիտեք, թե ինչերի միջով է անցել Գուլգուլյանը։ Նրա հորն ու եղբայրներին սպանողը օրինական հատուցման ենթակա չէր։ Ստացվում է՝ նրան մնում էր միայն մոռանալ, որ Հասանն իր աչքի առաջ սպանել է իր հորն ու երկու եղբայրներին։ Մենք իրավունք ունենք մարդուց պահանջել միայն մարդկայինը։ Նման բան մոռանալ ու ներել կարող էր միայն «գերմարդը»։ Մի փնտրեք «գերմարդուն» դժբախտ, խեղճ Գուլգուլյանի մեջ։ Ձեր դատն էլ է մարդկային։ Ինչը մարդուց վեր է, դա արդեն աստվածային է, ու մեզ մնում է միայն մի կողմ անցնել»։
Երկու րոպե քննարկումից հետո երդվյալ ատենակալներն արդարացրեցին ամբաստանյալին։ Փաստաբանը հաղթեց գործը, որը նախապես կարելի էր պարտված համարել, նա փրկեց երիտասարդին։
Գրիգոր Գուլգուլյանի հետագա ճակատագիրն անհայտ է։ Սակայն Գուլգուլյան ազգանունը բավականին տարածված է ներկայիս Հայաստանում ու սփյուռքում։