ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում՝ դրա համար դիմելով ցանկացած ՔԿԱԳ մարմին։
Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին:
2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի անվան փոխման դիմում կարող էր ներկայացվել միայն անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններ: Մասնավորապես, ներկայումս անվան փոխման համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին: Բացի այդ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից. դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ մարմնի աշխատակիցները: ՔԿԱԳ ոլորտում գործող էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: