Վայոց Ձորի սրտում՝ Եղեգնաձորում, արդյունաբերական նախկին հսկայի՝ տրիկոտաժի ֆաբրիկայի կողքին փոքրիկ արահետը շեղում է այնտեղ հայտնված մարդու ճանապարհն ու տանում դեպի մի վայր, որը դրսից ոչինչ չասող շինություն է: Հենց այդպես էլ ես հայտնվեցի այնտեղ:
Արհեստանոց էր: Դարպասից ներս միայն տարբեր չափի երկաթե հաստոցներ էին, որոնց ետևում աչքս շոյեցին կաղնե տակառները: Այդպիսի մեծ չափերի տակառներ տեսել էի միայն գինու և կոնյակի պահեստներում: Դրանք դեռ ապրանքային տեսքի չէին բերվել, մշակվում էին:
Իսկ վարպետը մասնագիտությամբ ճարտարագետ Հայկ Իսախանյանն է, ում միտքը մշտապես պրպտումների մեջ է: 21 տարի առաջ նա փնտրեց ու գտավ տնտեսական խնդիրները լուծելու իր ճանապարհը:
«Վայոց Ձորի մարզում հիմնական գերակա ճյուղերից մեկը գինեգործությունն է: Մենք ունենք «Արենի» տեսակի խաղող, որից մենք, մեր պապերը, մեր նախնիները պատրաստել են բարձրորակ գինի: Ես լինելով ինժեներ՝ երկար տարիների փորձով, մտածեցի, որ կարելի է դնել տակառների արտադրնություն: Բոլոր հաստոցները ինքս եմ պատրաստել, գնված չեն: Երկաթները հավաքել եմ փողոցից, գնել շուկայից, Պարսկաստան գնացող հին մեքենաներ եմ գնել, ձևափոխել ու պատրաստել տակառի արտադրություն»:
Ամբողջությամբ՝ armradio.am