ՄԻԱՎ-ով ապրող կանայք կրկնակի խոցելի են բռնության տեսանկյունից, իսկ դեպքերը տարբեր են՝ սկսած հոգեբանական բռնությունից՝ մինչև տնտեսական։ Հաճախ կանայք իրենք էլ չեն կարողանում հասկանալ, որ բռնության են ենթարկվում՝ չտարբերակելով դրանց տեսակները։ Այս մասին լրագրողներին պատմեց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Ժենյա Մայիլյանը։
«Ունեցել ենք դեպքեր, երբ կնոջ մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել և նրան հետագայում ընտանիքի անդամները թույլ չեն տվել հետազոտվել, բուժում ստանալ։ Շատ տարածված է նաև տնտեսական բռնությունը, օրինակ՝ գումար չեն տալիս, կինը մարզում է ապրում և չի կարողանում գալ, հետազոտվել, բուժում ստանալ։ Ունենք դեպքեր, որ կինը չի ուզում ապրի ամուսնու հետ, բայց քանի որ անընդհատ շանտաժ են անում, որ կասենք քո կարգավիճակի մասին, եթե բաժանվես, ստիպված ապրում են, որովհետև վախենում են»։
Ժենյա Մայլիյանի խոսքով մեծ բաց կա կրթության, իրազեկվածության տեսանկյունից։
«Մեր շահառուներից մեկը մեզ պատմեց, որ ընտանիքում ամուսինները վարակված են, երեխաները` չէ։ Նախապատրաստվել են, որ երեխաների հետ խոսեն իրենց կարգավիճակի մասին։ Երեխան դպրոցից տուն է եկել, ասել է, որ դպրոցում խոսել են ՄԻԱՎ-ի մասին ու ուսուցիչն ասել է, որ այդ մարդկանցից ուղղակի պետք է փախչել։ Կինը, բնականաբար խոսակցությունը հետաձգում է և հնարավոր է՝ էլ չուզենա խոսել։ Այստեղ լուրջ խնդիր ունենք կրթության ոլորտում։ Եթե դպրոցում դասաժամեր տրամադրված են, և այդ դասաժամերը կիսատ պռատ են անում կամ ընդհանրապես էջը թերթում են, էլ ինչպե՞ս խոսենք ոչ խտրական վերաբերմունքի մասին»։
Բանախոսը նշեց, որ ՄԻԱՎ վարակակիրները խտրականությունից զերծ չեն մնում նաև առողջապահական հաստատություններում․
«Վերջերս մի դեպք էր եղել, երբ մարդը 6 բժշկական հաստատություն էր մտել, 7-րդ-ում նոր համաձայնել էին բժշկական ծառայություն մատուցել։ Նաև մի այսպիսի բան կա․ մեր շահառուներից մեկը նկատել էր, որ սկզբում գնում է, պայմանավորվում են վիրահատության մասին, գումարը ասում են, հետո երբ իմանում են կարգավիճակի մասին, կամ հետաձգում են վիրահատությունը, կամ գումարն են ավելացնում կամ ուղղակի մերժում են»։
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը, խոսելով այս երևույթի պատճառների մասին, նշեց, որ շատ դեպքերում ուղղակի առիթից օգտվելու տարբերակ է․
«Տեսնում են՝ այլ տեղ դիմելը դժվար է, օգտվում են առիթից ավելի մեծ գումար աշխատելու համար։ Նաև վախ կա, որ պետք է հատուկ միջոցներ օգտագործեն, կանխարգելեն բժշկին փոխանցելու վտանգը, կամ ավելի շատ գումար պետք է փոխանցեն անձնակազմին։ Բայց այժմ, կա հետկոնտակտային կանխարգելման տարբերակը, նույնիսկ ռիսկի հետո կարելի է վարակումը կանխարգելել համապատասխան միջոցներով։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բուժաշխատակից բոլոր պացիենտներին ընդունի որպես պոտենցյալ ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որովհետև եթե մեկը գիտի իր կարգավիճակի մասին, ապա մյուսը կարող չիմանալ, ու ռիսկը կա, բայց գիտակցավությունը չկա»։
Բանախոսները շեշտեցին, որ օրենքը թույլ չի տալիս բժշկական ծառայություն չմատուցել ՄԻԱՎ-ի հիմքով, պարզապես խտրականության ենթարկված անձինք խուսափում են բարձրաձայնել ու հարցը տեղափոխել օրենքի դաշտ։ Այնուամենայնիվ օրենսդրական դաշտում նույնպես որոշակի բաց կա ՄԻԱՎ վարակակիր տարեց անձանց սոցիալական աջակցման կենտրոններում ապրելու արգելքի վերաբերյալ․
«Հիմա օրենքով ՄԻԱՎ-ով ապրող մարդը՝ տարեցը, չի կարող ապրել սոցիալական աջակցության կենտրոններում, մինչդեռ մենք գիտենք, որ այն չի կարող փոխանցվել կենցաղային շփումների միջոցով։ Մենք օրենքի նախագծով առաջարկել ենք, որ այս արգելքը հանվի ու հույս ունենք, որ կառավարությունից դրական արձագանք կստանանք»,- նշեց Ժենյա Մայիլյանը։
Անդրադառնալով կառավարության քայլերին՝ վերջինս շեշտեց, որ Առողջապահության նախարարությունը վերջապես անտարբեր չէ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրների նկատմամբ. «Շահառուներից մեկի անկետայի վրա գրված էր ՄԻԱՎ, և դա, իհարկե, խտրական դրսևորում է։ Մենք դիմեցինք Առողջապահության նախարարություն, և նրանք շատ արագ ձեռնամուխ եղան, որ գրառումը հանվի։ Այն դեպքերում, երբ խտրականություն է եղել, չեն մատուցել ծառայություն, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դիմել ենք նախարարություն և շատ արագ խնդիրը լուծվել է»։
Բանախոսները ևս մեկ անգամ հիշեցնում են․ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և կենցաղային շփման ընթացքում այն չի փոխանցվում։ Հայաստանում հետազոտությունը, բուժումը և դեղորայքը անվճար է, այն հնարավորություն է տալիս մարդուն ապրել այնքան, ինչքան որ կապրեր առանց ՄԻԱՎ-ի։ Բուժումը հնարավորություն է տալիս նաև ՄԻԱՎ-ը չփոխանցել ու ունենալ առողջ երեխաներ։
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել միայն արյան միջոցով, սեռական ճանապարհով, ինչպես նաև մորից՝ երեխային։