Վտանգավոր վարակիչ հիվանդություններն այսօր քիչ չեն՝ Էբոլա տենդ, Դենգե, սիբիրյան խոց և այլն։ Վտանգավոր ոչ վարակիչ հիվանդությունները նույնպես քիչ չեն, և դրանց թվում են քաղցկեղն ու սրտի հիվանդությունները։ Բայց համաճարակաբանները հայտարարում են, որ մարդկանց համար այսօր ամենամեծ վտանգը ներկայացնում է գրիպը, այն սպանում է վախեցնող քանակությամբ մարդկանց, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Վիճակագրության համաձայն՝ 2014-2015 թվականներին Էբոլայի տենդից մահացել է 11 հազար մարդ։ Իսկ գրիպի վիրուսը ամեն տարի խլում է 500 հազար կյանք։ Միևնույն ժամանակ, գրիպով վարակվելու հավանականությունը շատ ավելին է, չէ՞ որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Գիտնականները խոսում են նաև գրիպի վիրուսի սրընթաց մուտացիայի մասին, ինչը դժվարացնում է դրա բուժումը և պատվաստումը դրա դեմ։ Հետազոտողները ստիպված են ամեն համաճարակային սեզոնին թարմացնել պատվաստանյութերը, և միշտ չէ, որ հասցնում են վիրուսի փոփոխությունների հետևից։ Գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ մինչ այժմ չկա։
Գիտնականները հիշեցնում են, որ «իսպանկա» գրիպը 1918 թվականին վարակել է երկրագնդի բնակչության մեկ հինգերորդին՝ դառնալով 50 մլն մահվան պատճառ։ Վիրուսի ժամանակակից տարբերակները չեն զիջում մահաբերությամբ, ընդգծում են մասնագետները։ Ռիսկի խմբում են երեխաները, հղի կանայք, տարեց մարդիկ և իմունադեֆիցիտ ունեցող մարդիկ. նրանց համար վարակի հետևանքով բարդությունների առաջացման վտանգն ամենամեծն է։