Օձունի եկեղեցու բակի տասնյակ շիրիմներից միայն մեկի վրա են ծաղիկներ դրված։ Քարի վրա փորագրված է «Աննա Հաբեշյան»։ Քահանա տղամարդկանց գերեզմանների շարքում հազվադեպ կտեսնես «քաղաքացիական» կնոջ շիրիմ, որին ոչինչ չի կապել եկեղեցու հետ․ նա ո՛չ միանձնուհի է եղել, ո՛չ քահանայի կին։ Սակայն տեղացիներն այնքան շատ են սիրել այս կնոջը, որ նրա մահից հետո որոշել են սրբադասել նրան․Աննան եղել է տեղի մայր Թերեզան։
Աննա և Հովսեփ Աբեշյանների շիրիմները Օձունի եկեղեցու բակում
Աննա Հաբեշյանը միանձնուհի Մարիա Յակոբսենի դուստրն է՝ դանիացի կնոջ, որը, թողնելով իր բոլոր գործերը Հայոց ցեղասպանության տարիներին ժամանել է Օսմանյան կայսրություն, աշխատել որբանոցներում և բարեգործական հաստատություններում։ Յակոբսենը 1922թ-ից օգնել է Լիբանանի հայ փախստականներին և շուտով բացել «Թռչնոց բույն» որբանոցը։ Տարիներ անց՝ 1960թ-ին, նրան սեփական ցանկությամբ հողին են հանձնել հենց որբանոցի բակում։
Թե որտեղ է ծնվել Աննա Հաբեշյանը, հայտնի չէ։ Տարբեր վարկածներ կան․ասում են, որ Մարիա Յակոբսենը որդեգրել է նրան Օսմանյան կայսրության Խարբերդ նահանգում, կարծիքներ կան, որ նա որբուկին հանդիպել է Լիբանանում։ Ասում են նաև, որ Աննան եղել է չամուսնացած Յակոբսենի հարազատ դուստրը։ Մենք դժվար թե իմանանք ճշմարտությունը, նաև չենք կարող ասել՝ Աննան Մարիա Յակոբսենից սովորել է գթասիրտ լինել, թե դա նրան արյան միջոցով է փոխանցել։ Աննան Մարիա Յակոբսենի միակ երեխան էր, սակայն կինը նրան մեծացրել է որբանոցի երեխաներին հավասար։ Որբերը Յակոբսենին «մամա» են ասել, իսկ մյուս դայակներին և գթասրտության քույրերին՝ «մայրիկ»։
Մինչև Օձուն գյուղ տեղափոխվելը Աննայի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նա ամուսնացել է Հովսեփ Հաբեշյանի հետ։ Զույգը մի քանի տարի ապրել է Եվրոպայում, հետո հայրենադարձության հերթական ալիքի ժամանակ՝ 1940—ականներին, որոշել է տեղափոխվել Հայկական ԽՍՀ։ Մարիա Յակոբսենը մի խորհուրդ է տվել աղջկան. «Գյուղ գնա, խուսափիր քաղաքներից»։
Աննա Հաբեշյանի շիրիմաքարն Օձունի եկեղեցու բակում
Ամբղջությամբ՝ armeniasputnik.am