20 տարվա ընթացքում առաջին անգամ ծխողների թիվը սկսել է կրճատվել․ ԱՀԿ
Advertisement 1000 x 90

20 տարվա ընթացքում առաջին անգամ ծխողների թիվը սկսել է կրճատվել․ ԱՀԿ

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ծխողների թիվն աշխարհում սկսել է կրճատվել։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 2019թ․ տվյալներով, աշխարհում այսօր ավելի քան 1,34 մլրդ ծխող կա, եւ նրանց 80 տոկոսը տղամարդիկ են։ Ծխող կանայք մոտավորապես 235 միլիոն են կազմում։ Սակայն զեկույցը, որտեղ վերլուծվում է 2000-2018թթ․ ամբողջ տեղեկատվությունը, ենթադրում է, որ տղամարդ ծխողների թիվը այս տարի պատմության մեջ առաջին անգամ կրճատվել է։ Եթե 2018թ․ այն հասել էր իր գագաթնակետին՝ 1,093 միլիարդի, ինչպես ցույց է տալիս ԱՀԿ-ի վիճակագրությունը, ապա 2019թ․ նրանց թիվը նվազել է 2 միլիոնով։

Միունույն ժամանակ ծխողների ընդհանուր թիվը պետք է կրճատվի 60 միլիոնով։ Նոր վիճակագրությունը, փորձագետների խոսքերով, ցույց է տալիս, որ ծխելու դեմ համաշխարհային մասշտաբներով համընդհանուր պայքարը վերջապես սկսել է իր պտուղները տալ (երկար տարիների ընթացքում ԱՀԿ փորձագետները գրանցել են մահաբեր ծխախոտային միջոցներ օգտագործող տղամարդկանց թվի կայուն աճ)։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ծխախոտի, այլ նաեւ թութունի օգտագործման ցանկացած այլ ձեւի մասին է, ներառյալ անծուխ միջոցները եւ ծխամորճները։

Գիտնականներն այս հաջողությունը կապում են ավելի խիստ միջոցների հետ, որոնք ծխախոտի օգտագործման դեմ ձեռնարկվում են տարբեր երկրների կառավարությունների կողմից։ Հիշեցնենք, որ ծխախոտային միջոցները պարունակում են թունավոր նյութեր, ներառյալ սնդիկ, ֆորմալդեգիդ եւ խեժ, որոնք առաջացնում են ուռուցքների տարբեր տեսակներ, սրտի հիվանդություններ, ինսուլտներ, ծերունական թուլամտություն եւ շնչառական համակարգի ծանր վնասվածքներ, ինչպիսին են ասթմաները եւ բրոնխիտները։

news.am