Այս օրերին Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դպրոցների գույքը տասնամյակների պատմություն ունի: Դրա մի մասը վաղուց ծառայում է որպես թանգարանային նմուշ: Երևանի քաղաքապետարանը երաժշտական գործիքների ձեռքբերման ծրագիրը սկսել է 2017-ից: 2019թ. ծրագրին հատկացված 50 մլն դրամով տարեվերջին ձեռք է բերվել 27 անուն 110 երաժշտական գործիք:
«Այս ծրագիրը մեծապես նպաստում է երաժշտական և արվեստի դպրոցներում մատուցվող կրթական ծրագրերի որակի էական բարձրացմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
«Շատ կարևոր օժանդակություն է, որը խթանում է երեխաների՝ դժվարությամբ ձեռքբերվող գործիքների բաժիններ ընդունելությանը»,-ասում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:
Երաժշտական նոր գործիքներն առաջինը բացում, լարում և փորձարկում են աշակերտները: Ուսուցիչները հետ չեն մնում սաներից: Մասնագիտական աչքով ու ականջով փորձում են գնահատել որակը: Կարևորը՝ ծառայի երկար և հաջողություններ բերի պատանի երաժիշտներին:
«Այս տարի առաջին անգամ ծրագիրն իրականացվեց գնման ընթացակարգով, այդպիսով՝ մրցակցային պայմաններ ստեղծելով դաշտում գործող կազմակերպությունների համար»,- ընդգծում է Գոշ Սարգսյանը:
Երաժշտական նոր գործիքները բաժին կհասնեն կրթօջախների լավագույն այն սաներին, ովքեր բավարար միջոցներ չունեն:
Նոր գործիքներով երաժշտական կրթօջախները մտադիր են գրավել նոր բեմեր՝ Երևանում և արտերկրում: