Ինչո՞ւ է կորոնավիրուսն այդքան վարակիչ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է կորոնավիրուսն այդքան վարակիչ

Cornell University-ից գիտնականներն ուսումնասիրել են COVID-19 առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի կառուցվածքը եւ յուրահատուկ առանձնահատկություն հայտնաբերել, որը կարող է բացատրել, թե ինչու է այս վիրուսն այդքան հեշտությամբ փոխանցվում մարդկանց միջեւ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Molecular Biology ամսագրում:

Հետազոտության ավագ հեղինակ եւ վիրուսաբանության պրոֆեսոր Գարի Ուիթաքերը  հայտնել է, որ գործընկերների հետ իրենք դրա կառուցվածքը համեմատել են նախկինում հայտնի մարդու կորոնավիրուսների հետ: Չնայած SARS-CoV-2-ն իր կառուցվածքով շատ նման է SARS-CoV-1-ին, որը մարդկանց մոտ առաջին անգամ գրանցվել է 2003 թվականին (դրանց գենոմային հաջորդականության 86 տոկոսը համընկնում է), այն հատկանիշներ ունի, որոնք նման են ավելի բարորակ մարդկային կորոնավիրուս HCoV-HKU1-ին:

SARS-CoV-1-ն ունի չափազանց մեծ մահաբերություն (մոտ 10 տոկոս), բայց դրա հետ մեկտեղ այն այնքան էլ արագ չի տարածվում, իսկ HCoV-HKU1-ը, չնայած եւ համեմատաբար անվնաս է, սակայն շատ վարակիչ է: Գիտնականները կարծում են, որ հենց այս երկու վիրուսների հատկությունների համադրությունն է SARS-CoV-2-ն այդքան վտանգավոր դարձնում:

«Այն երկու հատկությունների տարօրինակ համադրություն ունի»,- ասել է Ուիթաքերը՝ հավելելով, թե իրենք կարծում են, որ կորոնավիրուսում կառուցվածքային հանգույցը կարող է կարեւոր դերակատարում ունենալ՝ որոշելով դրա վարակելիությունը եւ/կամ կայունությունը. միակցված սպիտակուցից կամ S սպիտակուցից են ձեւավորված կորոնավիրուսի մակերեւույթի սեպերը, որոնց օգնությամբ այն ամրանում է առողջ բջիջների ռեցեպտորներին: Վիրուսն ունի կառուցվածքային հանգույց, որը նրան թույլ է տալիս ամուր մնալ բջջի մակերեւույթին եւ երաշխավորված թափանցել դրա մեջ:

Հեղինակները նշում են, որ նոր կորոնավիրուսի S սպիտակուցը բջիջների ռեցեպտորներին է կապվում 10 անգամ ավելի ամուր, քան SARS-CoV-1 վիրուսի միակցված սպիտակուցը:

Կատուները, կզաքիսները եւ ջրաքիսները նույնպես նոր վիրուսի հանդեպ ընկալունակ են: Բջիջը վարակելու համար սպիտակուց սեպը պետք է կապվի տիրոջ բջջի մակերեւույթի ռեցեպտորների հետ. կատուների մոտ ռեցեպտորի կապվելու հատված կա, որը շատ բանով է նման մարդկայինին: Կատուների մոտ ինֆեկցիաները թեթեւ եւ ոչ հաճախակի են թվում, եւ ապացույցներ չկան, որ կատուները կարող են մարդկանց վարակել:

Ուիթաքերը հավելել է, որ կատուների կորոնավիրուսների հետազոտությունները կարող են հետագա տեղեկություններ տալ SARS-CoV-2-ի եւ ընդհանրապես կորոնավիրուսների մասին:

news.am