Դերասանուհի Սիլվի Բարկովան օր օրի կտարելագործում է հնդկական խոհանոցի մասին իր գիտելիքները, որոնք արդեն կիրառում է նաեւ պրակտիկորեն: Սիլվին հաճախ իր հետեւորդներին պատմում է իր հնդկական առօրյայի ու ամուսնու սիրելի ուտեստների մասին:
NEWS.am STYLE-ը Հնդկաստանում բնակվող հայ դերասանուհու հետ զրուցել է տեղի խոհանոցին հարմարվելու, այն յուրացնելու եւ իր նախընտրած ուտեստների մասին: Իսկ որպես բոնուս` Սիլվին հատուկ մեր ընթերցողների համար ներկայացրել է սպիտակաձավարով պատրաստվող բաղդրատոմս, որն ըստ դերասանուհու` թեեւ անսովոր կարող է թվալ, շատ համեղ է:
Դերասանուհին ասում է` ամուսնությունից մեկ շաբաթ անց է սկսել պատրաստել հնդկական ուտեստներ.
«Սկզբում դրանք ինձ այդքան էլ դուր չէին գալիս, քանի որ համերը շատ խորթ էին ինձ համար, բացի այդ` շատ կծու էին: Այնուամենայնիվ, կային որոշ ուտեստներ, որոնք հավանում էի: Իսկ հիմա սիրածս ուտեստների ցուցակը բավական մեծացել է, ու դրանք շատ հաճախ եմ պատրաստում: Այդ բաղադրատոմսերն, ի դեպ, արդեն տեղադրում եմ նաեւ YouTube-ի իմ էջում, այդպիսով` դրանց պատրաստման եղանակը ցուցադրում եմ այն հետեւորդներիս, որոնք հետաքրքրված են հնդկական խոհանոցով»:
Սիլվին հիմա ավելի հաճախ հենց հնդկական խոհանոցի ուտեստներ է պատրատում, քանի որ ամուսինն իրենց ազգային կերակուրների մեծ սիրահար է, թեեւ նրա համար պարբերաբար բացահայտում է նաեւ հայկական խոհանոցը, իսկ բաղադրատոմսերին ծանոթացել է սկեսրոջ օգնությամբ:
Մեր ընթերցողներին Սիլվին ներկայացնում է մի բաղադրատոմս, որն ըստ նրա` շատ հեշտ է պատրաստվում, իսկ բաղադրիչները հասանելի են նաեւ հայկական մթերային խանութներում:
Ներկայացված ուտեստը համարվում է նախաճաշ, այն պատրաստվում է սպիտակաձավարով, սակայն տարբերվում է մեզ ծանոթ սպիտակաձավարով ու կաթով պատրաստվող շիլայից:
Պատրաստման համար անհրաժեշտ է 130 գրամ սպիտակաձավար, ոլոռ, համեմ, աղ` ըստ ճաշակի, կես թեյի գդալ շաքարավազ, մանանեխի հատիկեր, քարիի տերեւներ, 2 գլուխ սոխ, բոված գետնանուշ, կծու ծիծակ` ըստ ցանկության:
«Սկզբում պետք է բովել սպիտակաձավարը, մինչեւ այն կդառնա ոսկեգույն: Այնուհետեւ առանձին թավայի մեջ լցրեք ձիթայուղը, մի փոքր տաքանալուց հետո ավելացրեք մանանեխի հատիկները (կես թեյի գդալ), որից հետո ավելացրեք ոլոռը: Պետք չէ տապակել շատ բարձր կրակի վրա, որպեսզի ուտեստը չայրվի: Տապակելու ընթացքում պետք է ավելացնել նաեւ քարիի տերեւները, գետնանուշը: Ամբողջը միասին տապակեք կես րոպե, որից հետո ավելացրք կտրատած սոխ, որը կփոխի ուտեստի գույնը: Չմոռանաք համեմել աղով, շաքարավազով,եւ եթե կծվի սիրահար եք, ավելացրեք նաեւ կծու ծիծակ: Հնդկաստանում մարդիկ հիմնականում կծու ուտեստների սիրահար են, դրա համար մեծ մասը պատրաստում է ծիծակով: Հուսով եմ` կհավանեք: Բարի ախորժակ»: