«Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհ (Մալայզիա), Արմեն Բաբախանյան (Հայաստան), Ադամ Ջորջի (Հունգարիա), Լյու Դուկ Ան (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոն (Մեծ Բրիտանիա) և Լու Ֆանգ Չիաթ (Մալայզիա): Մրցույթն անցկացվել է 7 անվանակարգերում, որոնց մասնակցել են 29 երկրների 243 երիտասարդ երաժիշտներ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս իրենց գործուն մասնակցությունն են ունեցել մրցույթում՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Այսպես՝ Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին: Նանե Խալաթյանն էլ (դաշնամուր) «Young artist» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակին:
Նշենք նաև, որ մրցույթի հաղթող Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը 2021 թ. աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կմասնակցի մրցույթի հաղթողների Գալա համերգին: