Հանրահայտ ձմեռային ըմպելիքներ. Օգո՞ւտ, թե՞ վնաս
Advertisement 1000 x 90

Հանրահայտ ձմեռային ըմպելիքներ. Օգո՞ւտ, թե՞ վնաս

Գլինտվեյնի, գինու, կակաոյի, տաք շոկոլադի և չիչխանի թեյի նման ընպելիքները հատկապես տարածված են ձմռանը, երբ եղանակը ցուրտ է: Բայց ինչպե՞ս են դրանք ազդում մարդու առողջության վրա: Կարո՞ղ են արդյոք դրանք վտանգավոր լինել:

Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստին», սննդաբան Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան) պնդում է, որ ոչ ալկոհոլային գլինտվեյնը կարելի է պատրաստել ցանկացած հյութից, բայց պետք է հաշվի առնել, որ տարբեր հյութեր տարբեր քանակությամբ օգտակար նյութեր և շաքար են պարունակում: Այն մարդկանց, ովքեր ածխաջրերի նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ չի տրվում խմել խաղողի հյութ, քանի որ այն ամենաշատն է շաքար պարունակում: Իսկ ամենաօգտակարը մասնագետը համարում է նռան հյութը։

«Այն թույլ կտա ստանալ և վիտամիններ, և հանքանյութեր, և հակաօքսիդանտներ, և կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ, որոնք տաք լինելու դեպքում մարդուն թույլ կտան ինչպես տաքանալ, այնպես էլ թարմանալ»,- ասել է Կորոլյովան։

Սննդաբան Սերգեյ Օբլոժկոն, իր հերթին, պարզաբանել է, որ գլինտվեյնի ամենաօգտակար բաղադրիչները համեմունքներն են՝ դարչինը, մեխակը և կոճապղպեղը, որոնք ունեն անոթալայնիչ ազդեցություն, նորմալացնում են արյան ճնշումը, օգնում են տաքանալ և խթանում են վերջույթներում արյան շրջանառությունը:

Ինչ վերաբերում է ալկոհոլային գլինտվեյնին, ըստ մասնագետների, կարմիր գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են օրգանիզմի դետոքսիկացիային, ինչպես նաև «ապահովում են անոթային համակարգի լավ աշխատանք և նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում»: Այսպիսով, գլինտվեյնը կարելի է, ընդհանուր առմամբ, առողջության համար օգտակար ըմպելիք համարել:

Սննդաբանները կակաոն նույնիսկ անվանել են առողջ ըմպելիք, որը կարող են խմել ինչպես երեխաները, այնպես էլ արյան ճնշման խնդիրներ ունեցող մարդիկ, քանի որ կակաոն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան թեյն ու սուրճը: Սակայն, օգտակար հատկությունները, ներառյալ մարմնի ընդհանուր տոնուսի բարձրացումը, պարունակվում են միայն կակաոյի բնական փոշու մեջ:

Իսկ ահա տաք շոկոլադի հանդեպ Օբլոժկոն խորհուրդ է տալիս զգույշ լինել, քանի որ այն մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում: Ըստ սննդաբանի, այս ըմպելիքը պետք է խմեն «միայն մարզիկները, մետալուրգները, պողպատագործները», քանի որ հարյուր գրամ ըմպելիքը պարունակում է մոտ 500 կիլոկալորիա:

«Եթե մարդը զբաղվում է սպորտով, դահուկ քշում կամ ամբողջ օրը քայլում է, ապա այս ըմպելիքը ուժ կտա մարզվելուց առաջ, ընթացքում կամ դրանից հետո: Բայց բազմոցին նստած ավելի լավ է չխմել այն»,- զգուշացնում է մասնագետը:

Մասնագետները չիչխանի թեյը համարում են օգտակար ըմպելիք:

«Հիմա մեզ մոտ ձմեռ է, մեր սննդակարգում քիչ քանակությամբ միրգ և բանջարեղեն կա, ուստի ձմռան կեսին չիչխան սառեցնելը հիանալի տարբերակ է C վիտամինով լիցքավորվելու համար»,- ասել է Օբլոժկոն:

med.news.am