Սյուզաննա Մելքոնյանն ամենաընթերցասեր հայ երգչուհիներից է, որը, պարբերաբար, իր հետեւորդներին խորհուրդ է տալիս այս կամ այն գիրքը, որը տվյալ շրջանում ընթերցում է:
Քանի որ այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրն է, NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ընթերցասերների համար ամենասիրելի թեմայից:
Սյուզաննան իրեն բնորոշ անկեծությամբ նշեց, որ թեեւ գրքեր նվեր ստանալ շատ է սիրում, բայց իր գրքերը ուրիշներին տրամադրել չի սիրում, եւ դա ունի իր բացատրությունը.
«Իմ բոլոր ընկերներն արդեն շատ լավ գիտեն, որ ես գիրք ստանալ շատ-շատ եմ սիրում, բայց շատ «ժլատ» եմ գիրք տրամադրելու հարցում (ծիծաղում է), որովհետեւ, ցավոք սրտի, փորձը ցույց է տվել, որ գրքերը հիմնականում ետ չեն վերադարձվում, իսկ ինձ համար յուրաքանչյուր գիրք ունի իր մատիտը, իր նշումները, եւ ես այնքան հաճախ եմ անդրադառնում դրանց ընթերցելուց հետո, որ, այո, ես «ագահ» եմ ու չեմ կիսում գրքերս ուրիշ մեկի հետ»:
Երգչուհու համար ընթերցանությունը մի ամբողջ աշխարհ է. «Ընթերցանությունը հոգեբանություն է, տեսակ է, ուրիշ աշխարհ… Շատ եմ ցավում, որ այսօր շատերն ընթերցում են միայն «պրիստիժի», նկարներ տեղադրելու համար: Ես` ինքս, իմ սիրելի գրքերով կիսվում եմ, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց, չունեմ ինձ ցուցադրելու խնդիր, քանի որ թող անհամեստություն չհնչի, բայց ինձ իմ տարքում կայացած մարդ եմ համարում: Խորհուրդ կտամ, որ մարդիկ գիրքն ընթերցելուց առաջ ուսումնասիրեն հեղինակին, նրա ստեղծագործության մասին եւ անպայման հետեւություններ անեն»:
Երգչուհին հաճույքով համաձայնվեց իր ամենասիրելի գրքերի եռյակով կիսվել NEWS. am STYLE-ի ընթերցողների հետ` առաձնացնելով այն ստեղծագործությունները, որոնք իր կյանքում հայտնվել են ճիշտ ժամանակին:
«Շատ-շատ են այն գրքերը, որոնք կցանկանայի առանձնացնել. հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, իսկապես, ասելիք ունեցող ու օգտակար գրքեր եմ ընթերցում:
Առաջին գիրքը, որը կթվեմ, բոլոր ժամանակներում, կարծում եմ, արդիական է, լավն է`«Ազնավուրը Ազնավուրի մասին»: Ճիշտ է` այն ավելի շատ մասնագիտական է, եւ ես այս գիրքն ընթերցել եմ այն ժամանակ, երբ ինձ մոտ ինչ-որ «անկում էր», լճացում, նոր էտապ պետք է սկսեի իմ կյանքում, այն ինձ շատ ուղղորդեց, ու կարծում եմ` կարող է օգնել ցանկացած ոլորտի մասնագետի:
Երկրորդ գիրքը, որը խորհուրդ կտամ կարդալ, ավելի հոգեբանական է: Խոսքս ռուս հոգեթերապեւտ Միխայիլ Լաբկովսկու «Хочу и буду» աշխատության մասին է: Այն երկու անգամ ընթերցել եմ, ու ինչպես արդեն ասացի`այս գրքում էլ ունեմ նշումներ, եւ ամեն մեկն ինձ համար մի փոքրիկ աշխարհ է: Այս գիրքն ընթերցել եմ այն շրջանում, երբ սիրահարված ու հրապուրված էի իմ կյանքում մի շատ կարեւոր էակով, եւ այն ինձ շատ օգնեց իմ անձնական դաշտում: Կարծում եմ` յուրաքանչյուրն իրեն այս գրքում կգտնի:
Երրորդ սիրելի գիրքս Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին»/The Monk Who Sold His Ferrari ստեղծագործությունն է: Այն ինձ համար բացահայտում էր, շատ էի լսել գրքի մասին, բայց մտածում էի` երեւի անիմաստ մոտիվացիա է, որովհետեւ վերջին շրջանում շատ կարելի է հանդիպել «մոտիվացնող բեսթսելերների», որոնք կարդալուց հետո հասկանում ես, որ այնքան էլ օգտակար չէին, բայց այս գիրքն, իհարկե, այդ շարքից չէ: Սա հոգեբանություն է, փիլիսոփայություն… Այս գրքի մասին անվերջ կարող եմ խոսել:
Հենց այն ինձ օգնեց պանդեմիայի շրջանում հաղթահարել բոլոր լճացումները` թե աշխատանքային, թե անձնական, թե ընտանեկան: Վերանայեցի ինքս ինձ ու խորացա դրա մեջ, ու վստահ կարող եմ ասել, որ այն ֆանտաստիկ գրքերի շարքին է պատկանում, որը 6 միլիոնից ավելի վաճառք է ունեցել, ինչն ինքնին խոսում է գրքի բովանդակության մասին:
Ի դեպ, մի քանի օր առաջ ընկերուհուս 30-ամյակին հենց այս գիրքն եմ նվիրել»,-նշեց երգչուհին, իսկ հարցին, թե ինքն ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ այսօր, պատասխանեց.
«Կցանկանայի նվեր ստանալ Ջոն Կեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ»/Mind Power into the 21st Century գիրքը: Շատ եմ լսել այս գրքի մասին, բայց մոտ մեկ ամիս փնտրել եմ Երեւանի բոլոր գրախանութներում, դեռեւս չեմ գտել: Եթե կա մեկն, ով ունի ցանկություն ինձ այդ գիրքը նվիրելու, ես շատ շնորհակալ ու գոհ կլինեմ, եւ այդ արարքը չի մնա անպատասխան (ծիծաղում է)»: