Լոս Անջելեսի Staples Center դահլիճում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 63-րդ անգամ։ Միջոցառումն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում բազում երգիչների, երաժիշտների և սիրված աստղերի, գրում է Daily Mail-ը։
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մեծ անհամբերությամբ են սպասում, ուստի՝ նման միջոցառմանը ներկայանալուն պատրաստվում են առավել մանրակրկտորեն:
Այս տարի միջոցառումն անցկացել է սոցիալական հեռավորության պահպանմամբ, աստղերը կարմիր գորգի վրա են հայտնվել առանձին-առանձին։
Իրենց վառ կերպարներով այս տարի կարմիր գորգին փայլել են երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Դուա Լիպան, Լիզոն և այլք։
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի Folklore ալբոմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում, կարմիր գորգին ներկայացել է Oscar de la Renta նորաձևության տան կարճ զգեստով, որը պատված է եղել գունավոր ծաղկային ասեղնագործությամբ։ Երգչուհին նաև կրել է ֆրանսիական Christian Louboutin նորաձևության տան վարդագույն բարձրակրունկ կոշիկներ։
«Լավագույն նոր արտիստ» տիտղոսին արժանացած 26-ամյա Megan Thee Stallion-ն ներկայացել է Dolce & Gabbana-ի վառ նարնջագույն զգեստով։ Ռեփ կատարողն իր տեսքն ամբողջացրել է բյուրեղապակյա քարերով բարձրակրունկ կոշիկներով և աքսեսուարներով։
Ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան, որի Future Nostalgia-ն ճանաչվել է «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», կարմիր գորգին փայլել է Versace նորաձևության տան թափանցիկ զգեստով։
«Այդ զգեստը Versace-ն հատուկ ինձ համար է կարել։ Ինձ այն շատ է դուր գալիս։ Ես ինձ արքայադուստր եմ զգում, շատ ուրախ եմ»,- կարմիր գորգի վրա խոստովանել է 25-ամյա երգչուհին:
Թեյլոր Սվիֆթ
Megan Thee Stallion
Դուա Լիպա
Լիզո
Բիլի Այլիշ