Ջերմային հյուծման դեպքում պատշաճ օգնություն չստանալու դեպքում, այն կարող է վերածվել ջերմային հարվածի, որն առավել վտանգավոր է:
Ջերմային հարվածի հիմնական ախտանիշներն են.
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 40-42 աստիճան,
- քրտնարտադրության լիովին բացակայություն,
- շփոթվածություն, ապակողմնորոշվածություն,
- կարմիր եւ տաք ու չոր մաշկ. երբեմն ջերմային հարվածի դեպքում մաշկը կարող է խոնավ լինել,
- գիտակցության կորուստ,
- սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
- ուժեղ սրտխփոց,
- ուժեղ գլխացավ,
- բոլոր մկանների ջղաձգում,
- ուժեղ թուլություն եւ/կամ գլխապտույտ:
Եթե նկատել եք այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը դրսում կամ այլ տաք միջավայրում գտնվելիս, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն: Տուժածին պետք է տեղափոխել մոտակա հիվանդանոց:
Մինչ մասնագետների ժամանումը, խորհուրդ է տրվում անել հետեւյալ գործողությունները.
- տուժածին տեղափոխել տուն կամ ստվերոտ վայր եւ հանել հագուստը,
- տուժածը պետք է սառը ջրով լոգանք ընդունի, ինչը կօգնի արագ հովանալ,
- եթե սառը ջրով լոգանքի հնարավորություն չկա, տուժածի վրա սառը թրջոցներ դրեք եւ փոխեք դրանք, նախքան կհասցնեն տաքանալ,
- եթե տուժածն անգիտակից կամ կիսագիտակից վիճակում է, մի փորձեք հեղուկ լցնել նրա բերանը, քանի որ կարող է շնչահեղձ լինել:
Ջերմային հարվածի ժամանակ հիպերտերմիայի կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել, որպեսզի տուժածն օրական առնվազն 70-100 մլ/կգ հեղուկ խմի: Խորհուրդ չի տրվում գազավորված ըմպելիքներ խմել, առավել նախընտրելի են սովորական ջուրը կամ թեյը: