ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի հռչակավոր դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրել է կանխակալության մեջ և նրան «Հիլարիի համախոհ» է անվանել այն բանից հետո, երբ դերասանուին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ հանդես է եկել նրա հասցեին խիստ քննադատությամբ:
Հունվարի 8-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը հեռարձակում էր NBC հեռուստաընկերությունը, Սթրիփը հիշել է, թե 2015 թվականին Թրամփն ինչպես է նմանակել The New York Times-ի հաշմանդամ լրագրողին: «Եղավ մի արարք, որը շշմեցրեց ինձ,- ասել է դերասանուհին:- Դա այն պահին էր, երբ մեր երկրում ամենահարգելի պաշտոնին հավակնող մարդը նմանակեց սահմանափակ հնարավորություններով լրագրողին»: