Բնապահպանական ի՞նչ վնաս է հասցրել COVID-19-ի համավարակը
Advertisement 1000 x 90

Բնապահպանական ի՞նչ վնաս է հասցրել COVID-19-ի համավարակը

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին 2021թ. օգոստոսի դրությամբ արտադրվել էր ավելի քան 8 մլն տոննա պլաստիկե թափոն։ Ավելին, այդ քանակությունից 25 հազար տոննան արդեն հայտնվել է օվկիանոսում, տեղեկացնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Այս հաշվարկների համար Կալիֆոռնիայի (ԱՄՆ) եւ Նանկինի (Չինաստան) համալսարանների գիտնականները օգտագործել են մոդել, որը վերարտադրում է 193 երկրներում համավարակի հետեւանքով գոյացած պլաստիկե աղբի (դիմակներ, թեստերի հավաքածուներ, հիվանդանոցների թափոններ) տարածումը ջրային միջավայրում, թե ինչպես է այն քայքայվում արեւի լույսի եւ պլանկտոնի ազդեցությամբ, լողում օվկիանոսների մակերեւույթով եւ իջնում դրանց խորքերը։

Պարզվել է, որ COVID-19-ի համավարակը հանգեցրել է հավելյալ 8,6 մլն տոննա պլաստիկե թափոնների առաջացման։ Այդ բոլոր թափոնների 87,4 տոկոսը բաժին է ընկնում հիվանդանոցներին։ Մեկանգամյա դիմակների օգտագործմանը բաժին է ընկնում 7,6, թեստերին՝ 0,3 տոկոս։ 25 900 տոննա աղբի ամենամեծ քանակությունն օվկիանոսում բերվել է գետերով, որոնց 73 տոկոսը հոսում է Ասիայում։ Երեք գլխավոր աղտոտողները Շաթ էլ Արաբը, Ինդոսը եւ Յանցզին են, վեցերորդ տեղում Ամուրն է։ Եվրոպական գետերին բաժին է ընկել միայն 11 տոկոսը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ 3-5 տարի հետո ներկայում օվկիանոսում գտնվող աղբի մեծ մասը կհայտնվի լողափերին կամ էլ կիջնի օվկիանոսի հատակ։ Միեւնույն ժամանակ, նրա մի մասը այդպես էլ կմնա օվկիանոսի խորքերում, եւ որ հատկապես անհանգստացնում է հետազոտողներին՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, որտեղ մինչեւ 2025թ. կարող է գոյանալ պլաստիկի կուտակման մերձբեւեռային գոտի։

med.news.am