Ֆրանսիական Christian Dior նորաձեւության տունը ներողություն է խնդրել Շանհայում ցուցահանդեսի ընթացքում սկանդալային լուսանկարի համար՝ հայտարարելով, որ «հարգանքով է վերաբերում չինացի ժողովրդի զգացմունքներին»։
Օրերս Շանհայում բացվել է Christian Dior-ի՝ «Lady Dior» անվանումը ստացած ցուցահանդեսը, որի ընթացքում օգտագործվել է ասիացի աղջկա դիմանկար, որի ձեռքին պայուսակ է․ լուսանկարն առաջացրել էր Չինաստանի բնակիչների զայրույթը։
«Dior-ը հարգանքով է վերաբերում չինացի ժողովրդի զգացմունքներին, խստորեն հետեւում է չինական օրենսդրությանը եւ համագործակցում է համապատասխան դեպարտամենտների հետ ներկայացվող բոլոր աշխատանքների ստուգման եւ հավանության նպատակով։ Եթե բացթողում է եղել, մենք պատրաստ ենք ուղղել սխալը»,- ասված է Twitter-ի չինական նմանօրինակում՝ Weibo-ում Dior-ի պաշտոնական էջում։
Ավելի վաղ «China Women’s News» թերթն իր հոդվածում, որը նվիրված էր վերոնշյալ լուսանկարին, գրել էր, որ ցուցադրությունը հերթական անգամ ցույց է տվել «արեւմտյան որոշ ապրանքանիշերի կողմից էսթետիկ եւ մշակութային մեծամտությունը եւ նախատրամադրվածությունը», ինչպես նաեւ «չինական մշակույթն աղճատելու» մտադրությունը։