Մաստակ ծամելը վնասակար է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Նման կարծիք են հայտնել դիետոլոգ, սննդաբան Դարյա Ռուսակովան եւ գաստրոէնտերոլոգ, դիետոլոգ, սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։
URA.RU-ին տված հարցազրույցում մասնագետները նշել են, որ եթե ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ դատարկ ստամոքսին սկսեն մաստակ ծամել, նրանց մոտ կարող են ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցային ախտահարումներ առաջանալ։
«Այս կատեգորիայի մարդկանց խորհուրդ չէի տա դատարկ ստամոքսին մաստակ ծամել։ Վնասակար է նրանց համար, ովքեր բերանում բրեկետներ եւ ատամի լիցքեր ունեն։ Լիցքերի եւ ատամի կոնտակտները ծամելու ընթացքում կարող են թուլանալ, եւ լիցքը կարող է ավելի արագ փչանալ»,- ասել է Ռուսակովան։
Դիանովան իր հերթին պատմել է մաստակի օգտակար տեսակների մասին։ Նրա խոսքով՝ քսիլիտ կամ շաքարի բնական փոխարինող պարունակող նման արտադրանքը դրական է ազդում բերանի խոռոչի ֆլորայի վրա։ Սակայն դրա համար մաստակը պետք է ծամել ոչ ավելի, քան 5 րոպե։ Եթե մարդը ծամելու շարժումներ է անում, իսկ օրգանիզմ սնունդ չի մտնում, դա, ըստ մասնագետի, «այնքան էլ լավ չէ»։
«Չափից շատ օգտագործման դեպքում քսիլիտն առաջացնում է լուծողական ազդեցություն: Ուստի նրանց համար, ովքեր տառապում են գրգռված աղիքի համախտանիշով, մաստակը կարող է սրացում առաջացնել»,- նախազգուշացրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ մենթոլով մաստակը ուժեղացնում է ռեֆլյուքսը եւ այրոցը։
Ռուսակովան հավելել է, որ մաստակի օգտագործումը բարելավում է թքագեղձերի աշխատանքը, ինչպես նաեւ մաքրում է բերանի խոռոչը։ Այս ապրանքը կարող է այլընտրանք լինել այն մարդկանց համար, ովքեր սովոր են սնունդը մեխանիկորեն կլանել։ Մաստակի օգնությամբ նրանց կհաջողվի կրճատել իրենց ստացած կալորիաների քանակը։