Ո՞ր մթերքներն են օգտակար, իսկ որոնք վնասակար COVID-19-ի ժամանակ։ Իր կարծիքն է հայտնել սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային գիտահետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Թութելյանը (Ռուսաստան)։
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ՝ իմունիտետն ամրապնդելու համար։ Դրա համար օրական պետք է ուտել առնվազն 400 (ցանկալի է 500-600) գրամ թարմ բանջարեղեն եւ մրգեր։ Աղեստամոքսային տրակտի համակարգի հետ կապված խնդիրների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ թթու կաղամբ ուտել։ Աղիքների միկրոֆլորայի խանգարում ունեցող պացիենտները պետք է ավելի շատ կաթնամթերք ուտեն, մասնավորապես՝ թթված կաթ եւ յոգուրտ։
Մասնագետը հավելել է, որ քաղցրավենիքը, աղին եւ կծուն, երշիկեղենն ու տրանսճարպերի բարձր պարունակությամբ նրբերշիկները ճնշում են իմունիտետը։ Պետք է նաեւ նվազեցնել սննդակարգում կոնսերվացված բանջարեղենի քանակը, քանի որ դրանք պարունակում են քացախ եւ զգալի քանակությամբ աղ:
«Կովկասյան, թայլանդական, հնդկական խոհանոցի շատ ուտեստներ կծու են, մեծ քանակությամբ աղ են պարունակում։ Պետք է խուսափել կծու մթերքներից, հանգստացնել աղեստամոքսային տրակտը»,- ասել է Թութելյանը։