ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնց համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։
2011թ. գաղտնազերծված փաստաթղթում ասվում է, որ համապատասխան գործարանների տեղակայման համար դիտարկվել է մի քանի վայր՝ Ուրալից մինչև Արևմտյան Սիբիր, սակայն այդ տարածքներից ոչ մեկը հարմար չի եղել այդ նպատակի համար։
Փաստաթղթի համաձայն՝ Լավրենտի Բերիան, որը ղեկավարել է ԽՍՀՄ-ում ատոմային զենքի ստեղծման նախագիծը, որոշել է ընտրել Հայաստանը։
Մասնավորապես, ինչպես նշված է փաստաթղթում, ընտրությունը կանգ է առել Սևանա լճին հարակից տարածքի վրա։ ԱՄՆ ԿՀՎ-ի փաստաթղթում ասվում է, որ այդ հարցում վճռորոշ նշանակություն է ունեցել Զանգու (Հրազդան) գետը, որը միակն է, որ սկիզբ է առնում Սևանա լճից։
ATOM BOMB PLANT IN SOVIET ARMENIA
Փաստաթղթում ասվում է, որ միջուկային զենքի ստեղծման գործարանի շինարարությունը այդ վայրում սկսվել է 1947թ. և ավարտվել 1948թ. մայիսին։
Նշվում է, որ արտադրական գոտիները գտնվել են Արագած լեռան արևելյան ստորոտի մերձակայքում և տեղակայվել են 6 բազալտե քարայրներում։
Ընդ որում՝ շինարարական աշխատանքներին մասնակցել են գերմանացի ռազմագերիները, որոնք նախկինում ներգրավված են եղել Ֆաշիստական Գերմանիայի ստորգետնյա օբյեկտների շինարարական աշխատանքներում։
1948թ. հունվարին Հայաստանի միջուկային օբյեկտներին ուրան է մատակարարվել
Սաքսոնիայից և Չեխոսլովակիայից, իսկ 1949թ. հուլիսին մշակվել է առաջին ատոմային ռումբը։
Միջուկային զենքը փորձարկվել է Ուրալում՝ Մագնիտոգորսկ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։
1949թ. սեպտեմբերին պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը խոստովանել են խորհրդային միջուկային ռումբի փորձարկման փաստը։ Ավելի ուշ նմուշները կոնսերվացվել են Կուզնեցկում՝ 500 մ խորության վրա։
Զեկույցում ասվում է, որ ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Առաքելյանը, որը Անաստաս Միկոյանի դպրոցական ընկերներից էր (փաստաթղթում անունները նշված չեն)։
Այդ փաստաթղթի յուրահատկությունն այն է, որ այն նախապես եղել է շվեդերենով և հրապարակվել է Շվեդիայում։
Անգլերեն տարբերականում Արագած լեռան փոխարեն հիշատակվում է Արարատ լեռը։ Հատկանշական է նաև, որ անվանվում է Սևանա լճի թյուրքալեզու անվանունը՝ Գոկչա։
168.am