Մարտի 13-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Խելացի գյուղատնտեսություն» հաղորդման նոր եթերաշրջանը: Հետաքրքիր ու օգտակար բացահայտումներով լի հաղորդումը հեռուստադիտողին ներկայացնում է դերասանուհի Անի Խաչիկյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հենց իր համար անսպասելիորեն ստանձնել տվյալ նախագծի հաղորդավարի դերը, խոսել նոր եթերաշրջանում սպասվող թեմաների մասին, անդրադարձել «Դիմակահանդես»-ում «Ստվերի» կերպարի հետաքրքիր ու դժվար կողմերին, երգելու մասին հաճախ տրվող հարցին եւ իր մյուս նորություններին:
Անին նշեց, որ «Խելացի գյուղատնտեսություն» հաղորդումը վարելու առաջարկը ստացել է Առաջին ալիքից, ու խոստովանեց, որ սկզբում իրեն այնքան էլ չի պատկերացրել նախագծի շրջանակում.
«Սկզբում այնքան էլ չեմ պատկերացրել, թե ինչի մասին է խոսքը, պարզապես երբ ասացին սարեր, ձորեր պիտի գնամ, միանգամից ասացի՝ համաձայն եմ: (ծիծաղում է): Հետո պարզվեց, որ խոսքը գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասին էր, չնայած՝ դեռ չէի պատկերացնում, թե այն ինչ է իրենից ներկայացնելու, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, մինչեւ որ ծանոթացա թիմի հետ, ու հանդիպեցինք քննարկումների շուրջ:
Դժվարություններից մեկն էլ այն էր, որ երբ անցա աշխատանքի, հասկացա, որ բացարձակ տվյալ ոլորտից տեղյակ չեմ, ամեն ոլորտ մի առանձին գիտություն է, որին պետք էր ծանոթնալ մինչեւ նկարահանումների մեկնարկը: Իհարկե, ամեն ինչ հաղթահարելի եղավ, եւ այն սխալ տպավորությունը, որն ունեի սկզբում, թիմի հետ աշխատանքի ընթացքում չքացավ»,-անկեղծացավ դերասանուհին:
Ամբողջությամբ՝ news.am