COVID-19-ը հաղթահարածներին կարո՞ղ է սպառնալ իմունիտետի պակասը
Advertisement 1000 x 90

COVID-19-ը հաղթահարածներին կարո՞ղ է սպառնալ իմունիտետի պակասը

COVID-19-ը հաղթահարած մարդիկ կարող են բախվել իմունիտետի պակասի խնդրին։ Այս մասին զգուշացրել է իմունաբան Օքսանա Սվիտիչը (Ռուսաստան)։

«Ռադիո Ռոսսիի»-ի հարցազրույցում մասնագետը նշել է, որ գրեթե 100 տոկոս դեպքերում կորոնավիրուսը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման, ինչը պացիենտին ավելի խոցելի է դարձնում այլ վարակների եւ անգամ ուռուցքների հանդեպ։ Նորմալ իմունային համակարգը դեպքերի մեծ մասում կարողանում է կանխել ուռուցքների աճը դեռեւս նախնական փուլերում, բայց եթե իմունիտետը թուլանում է, չարորակ նորագոյացությունները զարգանալու հնարավորություն են ստանում։

Իմունիտետի թուլացման, ըստ Սվիտիչի, կարող է հանգեցնել COVID-19-ը։ Բարեբախտաբար, դա լուծվող խնդիր է, բայց պացիենտների իմունիտետի վերականգնումը տեղի է ունենում տարբեր կերպ։ Ամենանպաստավոր սցենարի դեպքում իմունիտետը վերականգնվում է 30-90 օրվա ընթացքում, բայց որոշ դեպքերում իմունիտետի վերականգնման համար կարող է պահանջվել 6 ամիս։ Իսկ եթե պացիենտը ծանր կորոնավիրուսային վարակ է տարել, իմունիտետի վերականգնման ժամկետը կարող է եւ ավելի երկար լինել։

Բանն այն է, որ COVID-19-ի ամենածանր դեպքերում պացիենտների մոտ առաջանում է իմունային համակարգի հիպերակցիա կամ ցիտոկինային գրոհ, որի վերացման համար պահանջվում է այնպիսի դեղամիջոցների ընդունում, որոնք թուլացնում են իմունիտետը, եւ իմունային համակարգի վերականգնումը ձգձգվում է։ Եթե այդ շրջանում մարդը բախվի անգամ ոչ մահացու մեկ այլ վարակի, ապա այն կարող է հանգեցնել մահացու ելքի՝ իմունիտետի թուլության պատճառով։

med.news.am