Ինչով է վտանգավոր իբուպրոֆենի ոչ ճիշտ օգտագործումը
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր իբուպրոֆենի ոչ ճիշտ օգտագործումը

Արյան բարձր ճնշումը բուժելու համար միզամուղներ եւ ռենին-անգիոթենզին համակարգի (ՌԱՀ) ինհիբիտորներ ընդունելիս, իբուպրոֆենը պետք է զգուշությամբ օգտագործվի, ասվում է Mathematical Biosciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հիպերտոնիա ունեցող մարդկանց սովորաբար միզամուղ միջոցները եւ ՌԱՀ ինհիբիտորները միասին են նշանակվում: Այնպիսի ցավազրկողները, ինչպիսին է իբուպրոֆենը, հասանելի են առանց դեղատոմսի:

Վաթերլոյի համալսարանի գիտնականները համակարգչային մոդելի միջոցով ցույց են տվել, թե ինչպես են երեք դեղամիջոցները փոխազդում եւ ինչպես են դրանք ազդում երիկամների վրա: Նրանք պարզել են, որ որոշակի բժշկական պրոֆիլներ ունեցող մարդկանց մոտ այդ համադրությունը կարող է առաջացնել երիկամների սուր ախտահարում, որը որոշ դեպքերում կարող է անդառնալի լինել, գրում է МедикФорум-ը:

«Ոչ բոլորն են, ովքեր ընդունում են դեղերի այս համադրությունը, խնդիրներ ունենում»,- ասում է Վաթերլոյի համալսարանի կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկական կենսաբանության եւ բժշկության պրոֆեսոր Անիտա Լեյթոնը: «Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սա բավական լուրջ խնդիր է, ուստի պետք է զգույշ լինել»:

Համակարգչով մոդելավորված դեղերի փորձարկումները կարող են արագ արդյունք տալ, որոնց համար կլինիկական փորձարկումների դեպքում շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր։ Գիտնականները օգտագործում են մաթեմատիկան եւ ինֆորմատիկան, որպեսզի բժիշկներին առավելություն տան այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տարբեր դեղերը խառնելուց առաջացած բարդությունները:

Լեյթոնն ընդգծում է, որ միզամուղները դեղամիջոցների ընտանիք են, որոնք ստիպում են օրգանիզմին ավելի շատ ջուր արտազատել, իսկ ջրազրկումը երիկամների սուր ախտահարման հիմնական գործոնն է: Պարզվում է, որ ջրազրկված երիկամներին ՌԱՀ ինհիբիտորները եւ իբուպրոֆենը եռակի հարված են հասցնում։

med.news.am