Ճիշտ սնվելու միտման հետ միասին տարածվել է նաեւ կարծիքը որոշ մթերքների վնասակարության մասին, բայց նուտրիցիոլոգները խորհուրդ չեն տալիս որեւէ բան իսպառ չբացառել սննդաբաժնից, գլխավորը օգտագործման չափը պահելն է, գրել է «Первое областное» տեղեկատվական գործակալությունը։
Խոլեստերինի առկայության պատճառով հաճախ խորհուրդ է տրվում սահմանափակել ձվի օգտագործումը։ Բայց ձուն չի վնասում առողջությանը, եթե մարդու ֆիզիկական ակտիվությունը մշտական բնույթ է կրում, ինչպես նաեւ նրա գեները չունեն այդ ցուցանիշի բարձրացման հակում։ Մեր սնունդը միայն 25 տոկոսով է ազդում օրգանիզմում խոլեստերինի ընդհանուր խտության վրա։ Բացի այդ, ձուն հարուստ է օգտակար հագեցած ճարպաթթուներով, սպիտակուցով եւ գրեթե բոլոր վիտամիններով։
Կարտոֆիլն, իր հերթին, բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, որովհետեւ այն համարում են ոչ այնքան օգտակար արյան մեջ գլյուկոզան բարձրացնելու հատկության պատճառով։ Բայց եթե կարտոֆիլն օգտագործվի եփված եւ սառեցված վիճակում, այն կդառնա ռեզիստենտ օսլայի աղբյուր, իսկ դա գերսնունդ է աղիների օգտակար միկրոֆլորայի համար։ Թարմ եփված կարտոֆիլի մեջ շատ բջջանյութ կա, В եւ С խմբի վիտամիններ, կալիում եւ այլ հանքային նյութեր։
Կարագը հաճախ անվանում են սրտի եւ անոթների թշնամի խոլեստերինի բարձրացման հետ կապված, բայց կարագի չափավոր օգտագործումն ապահովում է պաշտպանություն բջջային մեմբրանների եւ նյարդային համակարգի համար, ինչպես նաեւ նպաստավոր ազդեցություն է ունենում վիտամին D-ի արտադրման վրա։
Վերջին ժամանակներս տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մեծահասակ մարդուն կաթ հարկավոր չէ։ Բայց եթե մեր կերակրացանկում այն ընդգրկված է լինում, դա նվազեցնում է լուրջ պաթոլոգիաների՝ հիպերտոնիայի, 2-րդ տեսակի դիաբետի, ինչպես նաեւ շնչառական վարակների առաջացման վտանգը։