Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքության դեպքում օրգանիզմը կորցնում է մեկուկես անգամ ավելի շատ ջուր, ուստի նաև պահանջում է ջրի պաշարների ավելի հաճախակի համալրում: Այս մասին Championat.com-ի հետ զրույցի ընթացքում ասել է դիետոլոգ Նատա Գոնչարը:
Ջրազրկումն ու ջրի պակասը կանխելու համար անհրաժեշտ է հաճախ հեղուկ օգտագործել, սակայն խոսքը ոչ բոլոր տեսակի ըմպելիքների մասին է: Գոնչարը նշել է, որ ծարավը հագեցնելու լավագույն տարբերակը մաքուր ջուրն է`շեշտելով, որ սառցե ջուրը խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է իջեցնել դիմադրողականությունն ու կոկորդի ցավ առաջացնել:
Բացի այդ սառցե ընպելիքները ակտիվացնում են քրտնագեղձերի աշխատանքը, ինչը ջրազրկում է առաջացնում: Ուստի ավելի լավ է սենյակային ջերմաստիճանի ջուր խմել, որի մեջ համի համար կարելի է ավելացնել կիտրոն կամ թարմ անանուխի տերեւներ:
Ամառվա շոգին, ըստ մասնագետի, կարելի է նաեւ հանքային ջուր խմել, որն օգնում է լրացնել քրտինքի հետ մարմնից դուրս եկող աղերի պակասը:
Ամառային ըմպելիքների շարքին են դասվում նաեւ թեթեւ սեւ եւ կանաչ թեյերը, ընդ որում`թե’տաք, թե’սառը վիճակում: Մեկ բաժակ տաք թեյը նախ կստիպի քրտնել, ապա կիջեցնի մարմնի ջերմաստիճանը, նշել է փորձագետը։
Թույլատրելի ըմպելիքների շարքին են դասվում նաեւ տանը պատրաստված առանց շաքարի հյութերը, թարմ քամված հյութերը, տնական կվասը եւ բուսական ծագման կաթը:
Ամռան տապին չի կարելի խմել գարեջուր եւ այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ էներգետիկ եւ զովացուցիչ ըմպելիքներ, որոնք շաքար են պարունակում: Շաքարի կամ քաղցրացուցիչների մեծ քանակությունը հանգեցնում է ինչպես ծարավի, այնպես էլ ախորժակի ավելացմանը:
Շոգին նպատակահարմար է նվազեցնել սուրճի օգտագործումը, որն ունի միզամուղ ազդեցություն եւ նպաստում է ջրազրկմանը։