Միացված լույսով եւ հեռուստացույցով քնելը կարող է հանգեցնել գիրության, շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների, URA.RU-ին ասել է քնաբան եւ Սիներգիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի փորձագետ Դարիա Լեբեդեւան։
«Լույսով կամ աշխատող հեռուստացույցով քնելու փորձերը կարող են հանգեցնել կենսաբանական ժամացույցի խաթարմանը։ Մարդը դժվարանում է քնել եւ արթնանալ: Որակյալ քնի բացակայությունը կարող է աղետալի լինել։ Նման դեպքերում ավելանում է գրելինի (սովի հորմոնի) արտադրությունը, ինչի արդյունքում մարդը ցանկանում է ավելի շատ ուտել, գիրանում է, իսկ դրանից հետո ավելանում է գիրության, շաքարախտի եւ սրտանոթային տարբեր հիվանդությունների վտանգը»,- ասել է քնաբանը։
Նա նշել է, որ հանգիստ քնի բացակայությունը մարդուն ստիպում է անառողջ ապրելակերպ վարել:
«Խորը քնի բացակայության պատճառով մարդու կամքի ուժը նվազում է, մեծանում են քնկոտությունն ու հոգնածությունը։ Նա ցանկանում է պառկել, ուտել ածխաջրեր, խմել սուրճ կամ էներգետիկ ըմպելիքներ »,- ընդգծել է բժիշկը:
Նա նշել է, որ լավ քունը օրվա ընթացքում լավ զգալու գրավական է ու հավելել, որ մեր կյանքի մեկ երրորդը մենք անցկացնում ենք քնած`վերականգնելով մեր մարմնի ռեսուրսները: Քնի ընթացքում մարմինը մաքրվում էտոքսիններից եւ հակամարմիններ արտադրում:
«Առանց նորմալ քնի, մարդու օրգանիզմում խանգարվում է այնպիսի կարեւոր հորմոնների արտադրությունը, ինչպիսիք են մելատոնինը (քնի հորմոն), սոմատոտրոպինը (աճի հորմոն) եւ լեպտինը (ախորժակը ճնշող հորմոն)»,- պարզաբանել է մասնագետը։