Ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ուշ ժամերին սնվելու սովորությունը
Advertisement 1000 x 90

Ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ուշ ժամերին սնվելու սովորությունը

Հարվարդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեկոյան ուշ ժամերին սնվելու դեպքում հաջորդ օրը մարդն ավելի քաղցած է լինում և ավելի շատ ճարպ է կուտակում, գրում է medikforum.ru-ն։

Գիտնականները պարզել են, որ ուշ ժամին ընթրելը բարձրացնուն է ճարպակալման հավանականությունը, դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացներն ու խթանում է քաղցի զգացումը հաջորդ առավոտյան։ Բժիշկները հաճախ են հորդորում մարդկանց խուսափել երեկոյան 10։00-ից հետո սննդի ընդունումից, քանի որ այդ դեպքում օրգանիզմը պարզապես չի հասցնում այրել օգտագործած կալորիաները, սակայն այժմ Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ սնվելու տհաճ հետևանքներն զգացվում են նաև հաջորդ օրը՝ առաջացնելով դոմինոյի էֆեկտ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն երեկոյան 06։00-ից հետո չսնվող մարդկանց, օրվա ընթացքում վերջին անգամ երեկոյան 10։00-ին կամ ավելի ուշ սնվելու դեպքում մարդիկ ավելի քիչ կալորիա են այրում և միևնույն ժամանակ նրանց օրգանիզմում հաջորդ օրը քաղցի հորմոնի մակարդակն ավելի բարձր է լինում։ Բացի այդ, ուշ սնվողների օրգանիզմում ավելի ցածր է լինում այն քիմիական տարրերի մակարդակը, որոնք ստիպում են մարդուն սննդի ընդունումից հետո իրեն հագեցած ու երջանիկ զգալ։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեկոյան ուշ ժամերին սնվողների մոտ քաշի ավելացման հավանականությունն ավելի բարձր է լինում։ Հետազոտության հեղինակներն ապացուցել են, որ սննդի ընդունման ժամը շատ մեծ նշանակություն է ունենում անգամ այն դեպքում, երբ մնացած ամեն ինչ նույնն է մնում։ Ի վերջո հետազոտությունը փաստել է, որ 22։00-ից ուշ սնվելը զգալի ազդեցություն է ունենում և՛ քաղցածության մակարդակի, և՛ կալորիաների այրման գործընթացի, և՛ ավելորդ ճարպաշերտերի կուտակման գործընթացի վրա։

tert.am