Մատնահարդարման համար նախատեսված լամպերից ուլտրամանուշակագույն լույսը կարող է վնասել մարդու բջիջների ԴՆԹ-ն եւ մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, պնդում են Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի եւ ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nature Communications-ում։
Գիտնականները որոշել են ստուգել, թե ինչ հետեւանքներ ունի նման լամպերի կիրառումը մոլեկուլային եւ բջջային մակարդակում։ Նրանք պարզել են, որ մկների եւ մարդու բջիջների 20-30 տոկոսը մահացել է չորացման լամպի մեջ երկու 20 րոպեանոց սեանսից հետո: ԴՆԹ-ի վնասման նշաններ եւ մաշկի քաղցկեղի հետ կապված մուտացիաներ հայտնաբերվել են ազդեցությունից փրկված բջիջներում:
Մատնահարդարման ժամանակ մարդու մատները լամպի մեջ են գտնվում ընդհանուր առմամբ մոտ 10 րոպե, այսինքն՝ ուսումնասիրության ազդեցությունը ծայրահեղ էր՝ համեմատած իրականի հետ:
Չնայած այս արդյունքները ուղղակի ապացույցներ չեն տալիս քաղցկեղի բարձր ռիսկի մասին՝ դրանք ցույց են տալիս, որ այն կարող է գոյություն ունենալ: Իրական ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ են անկախ համաճարակաբանական ուսումնասիրություններ, որոնք կարող են տեւել առնվազն մեկ տասնամյակ: