Քննչական կոմիտեի և TikTok-ի համագործակցությունը, Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիները և «Սևան Ստարտափ Սամմիթի» վերադարձը 
Advertisement 1000 x 90

Քննչական կոմիտեի և TikTok-ի համագործակցությունը, Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիները և «Սևան Ստարտափ Սամմիթի» վերադարձը 

Նոր դասընթացներ, մրցույթներ և երկար սպասված նորություններ հայկական ՏՏ-ի անցնող շաբաթվա ընթացքում:

Նախագծերի կառավարման անվճար դասընթաց Սյունիքի մարզի երիտասարդների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է «Նախագծերի կառավարում» դասընթաց՝ Սյունիքի մարզի 15-29 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացին մասնակիցները կուսումնասիրեն նախագծերի կառավարման մեթոդաբանությունը, սկզբունքներն ու գործիքները, ինչպես նաև նախագծերի հետ կապված ռիսկերի, որակական հատկանիշների, ռեսուրսների և ծախսերի կառավարման մեխանիզմները։

Դրանք կարող են կիրառվել՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ՝ այլ ոլորտներում գործող կազմակերպություններում։

Ծրագրի տևողությունը 2 ամիս է, մասնակցությունը՝ անվճար, ձևաչափը՝ հիբրիդային։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը:

ԱՏՁՄ-ի գործադիր կազմում փոփոխություններ են տեղի ունեցել 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։

«Նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 1․1 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային և տեղական կազմակերպություններից»,- նշում են ԱՏՁՄ-ում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։

Քննչական կոմիտեն որոշել է համագործակցել TikTok-ի հետ

ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի և ТikTok ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը»,- նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Սպասված նորություն ՏՏ համայնքում` վերադառնում է «Սևան Ստարտափ Սամմիթը»

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը մայիսի 2-ին կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր (խմբ.- 25 տարի), ըստ որի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։ Այս մասին նշած է Sevan Startup Summit-ի տարածած հայտարարության մեջ:

«Երկար սպասված այս պայմանագիրն ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի, ինչպես նախկինում, հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված #SevanStartupSummit2023-ը»,- հայտարարության մեջ նշել են ֆորումի կազմակերպիչները։

Այս տարի բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 23-29-ը։ Մասնակցության հայտերը բաց են։

Sevan Startup Summit-ը վերջին անգամ Սևանում անցկացվել է 2019-ին՝ հյուրընկալելով շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանակներում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլարը։

«ԴիջիԿոդ 2023-ում» հայտնի են Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները

«ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի դարձան Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները։

Մրցույթին Հայաստանի տարբեր մարզերից 20-ից ավելի թիմ ներկայացրեց ստեղծած նախագծերը՝ «Աղուես» ծրագրով, զուգահեռ՝ 30-ից ավելի պատանի մասնակցեց «Կրիայ» և «Փայթըն» ծրագրերի օլիմպիադաներին, ինչպես նաև «IoT բանացանց» անվանակարգում, ինչը այս տարի տեղի ունեցավ առաջին անգամ։

Առաջին անգամ նաև ԴիջիԿոդի ընթացքում ստորագրվեց հուշագիր Փինսայթս ընկերության հետ՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։

«Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի 5-6-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Արեգ Մելիքյանը՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից։ 7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին միաժամանակ 3 լավագույն աշակերտները՝ Մանուկյան Ռոբերտը՝ Ֆիզմաթ դպրոցից, Ստեփանյան Մանեն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից, և Իսրայելյան Արինեն՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցից։ 10-12-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։

«Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից։

«Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթեց Կարինե Ղազարյանը՝ Գոշի միջնակարգ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Անուշ Հակոբյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։ «Ինստիգեյթ Մոբայլ» կազմակերպությունից խրախուսական մրցանակներ ստացան Կոլյա Բարիկյանը և Գոռ Պետրոսյանը՝ Սարահարթի միջն. դպրոցից։

«Համակարգչային խաղ» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում լավագույնը ճանաչվեցին Նարե Անտաշյանը և Վիկտորիա Կիլինլարիդուն՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցից։ Ավագ դպրոցականների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Էմին Դավթյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ ստացավ Ռոբերտ Դոխոյանը՝ Վանաձորի թիվ 5 դպրոցից, իսկ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության կողմից՝ Գարիկ Առաքելյանը և Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։

«IoT բանացանց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գոռ Միրզոյանը՝ «Ֆիզմաթ» դպրոցից։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվեցին Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը՝ Իջևանի վարժարանից։

«Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Խուրշուդյանը։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվեցին Հրաչյա Սարուխանյանը, և Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից։

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր