Վալենտինի օրվան ընդառաջ գիտնականները բացահայտել են մի հորմոն, որը կարող է ակտիվացնել ուղեղում սեքսի և ռոմանտիկ զգացողությունների համար պատասխանատու հատվածները:
Այս Վալենտինի տոնին սերը ոչ միայն շուրջ բոլորն էր, այլ նաև՝ ուղեղում:
Լոնդոնի Իմփերիալ համալսարանի գիտնականներն ասում են, որ քիսփեփթին անվանումը կրող հորմոնը խթանում է ուղեղի այն մասերը, որոնք կապված են սեքսի և սիրո հետ:
Փորձարկումների ժամանակ 29 առողջ տղամարդկանց քիսփեփթին են ներարկել, ապա նրանց ռոմանտիկ և սեքսուալ նկարներ են ցույց տվել, և այդ ընթացքում նրանց ուղեղը սկանավորել են MRI սարքի միջոցով:
Էնդոկրինոլոգ դոկտոր Ալեքսանդր Քոմնինոսն ասում է,- «MRI-ի ընթացքում նրանք ուղեղի որոշ հատվածների ակտիվացման նպատակով առաջադրանքներ են կատարել: Տարբեր նկարների միջոցով մենք փորձել ենք ակտիվացնել ուղեղի սեքսուալ կամ ռոմանտիկ զգայակները, և նկատել ենք, որ քիսփեփթինը ազդում է թե՛ մեկի և թե՛ մյուսի վրա»:
Այս հորմոնը գտնվել է տղամարդկանց և կանանց մոտ, և շատ կարևոր է սեռական հասունությունը խթանելու համար:
Գիտնական Վալջիթ Դիլլոն ասում է,- «Այս ուսումնասիրության ամենաոգևորիչ մասն այն է, որ առաջին անգամ մեզ հաջողվել է գտնել վերարտադրողական հորմոնները խթանող հորմոնի և ուղեղում սեքսուալ պատկերների ընկալման միջև եղած կապը»:
Երբ փորձարկման ընթացքում մասնակիցներին ցույց են տվել տհաճ նկարներ, քիսփեփթինը սկսել է ակտիվանալ ուղեղում բացասական տրամադրության հետ կապված հատվածներում, ինչը մեծացնում է ընկճախտը բուժելու հավանականությունը: Սա նաև հնարավորություն կտա բուժել ուղեղի հետ կապված սեռական շեղումները: