Լիլի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը բացահայտել է հետաքրքիր կապ կոֆեինի օգտագործման և Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգի միջև։ Այս աշխատանքի արդյունքները ներկայացվել են Alzheimer’s & Dementia հանդեսում՝ գիտական հանրության ուշադրությունը հրավիրելով նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման գործում կոֆեինի հնարավոր դերի վրա:
Հետազոտությունը կենտրոնացել է 70 տարեկանից բարձր հիվանդների վրա, ովքեր արդեն ունեցել են թեթև ճանաչողական խանգարումներ կամ Ալցհայմերի հիվանդության վաղ փուլեր: Մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ կախված իրենց օգտագործած կոֆեինի քանակից։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի քիչ կոֆեին օգտագործող մարդկանց շրջանում ճանաչողական և հիշողության վատթարացման ավելի մեծ վտանգ ունեն: Ավելին, այս խմբում Ալցհայմերի հիվանդության զարգացման հավանականությունը մոտ 2,5 անգամ ավելի մեծ էր, քան ավելի շատ կոֆեին օգտագործողների շրջանում:
Ֆրանսիացի գիտնականները չեն սահմանափակվել միայն ճանաչողական գործառույթների դիտարկմամբ։ Նրանք մասնակիցների ողնուղեղային հեղուկի սպիտակուցների մանրակրկիտ հետոզոտություն են կատարել, որը խմբերի միջև բետա-ամիլոիդ սպիտակուցների որոշակի ձևերի համամասնությունների և քանակի զգալի տարբերություններ է հայտնաբերել: Ավելի քիչ կոֆեին օգտագործած մարդիկ իրենց ողնուղեղային հեղուկում այս սպիտակուցների ավելի ցածր կոնցենտրացիաներ ունեին, ինչը թերևս վկայում է ուղեղում այդ սպիտակուցների ավելի բարձր մակարդակի մասին: Այդ փաստը համարվում է Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ նեյրոդեգեներացիայի կենսաբանական մարկեր։
Թեև հետազոտությունն ընդգծում է տարեցների համար կոֆեինի պոտենցիալ օգուտները, կարևոր է նշել, որ այն ուղղակի պատճառահետևանքային կապ չի հաստատում միջին տարիքում սուրճ խմելու և հետագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկերի միջև: Սակայն այդ հետազոտությունը կարևոր շրջադարձ է ավելացնում աճող հետազոտությունների մեջ, ըստ որոնց սուրճի և կոֆեին պարունակող այլ ապրանքների չափավոր օգտագործումը կարող է նպաստավոր անդրադառնալ ճանաչողական գործառույթի պահպանմանը և կյանքի տևողության երկարացմանը:
Հարկ է ընդգծել, որ չնայած իր պոտենցիալ առավելություններին, կոֆեինը անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել։ Սա հատկապես վերաբերում է կեսօրից հետո դրա օգտագործմանը, քանի որ կոֆեինի ավելցուկը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա, ինչն, իր հերթին, ճանաչողական առողջության պահպանման առումով ևս անչափ կարևոր է: