1905 թվականին, հանգրվանելով Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում, հայ ազգային ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին Ժնևում: Հայկական իրականության մեջ այն փաստացի դարձավ հայերեն գրված և հրատարակված առաջին մարտական կանոնադրությունը:
Ընդհանրացնելով հայդուկային պայքարի իր անձնական փորձը՝ Անդրանիկը ստեղծեց ֆիդայական կռվի մի ռազմուսույց, որտեղ ներկայացվում էին մարտիկի գործողությունները տարբեր ռազմական իրադրություններում: Գիրքը գրված է պարզ, մատչելի ոճով և կազմված է մի քանի գլուխներից՝ «Զինվորների հայդուկային կյանքը», «Կռիվների մասին անհրաժեշտ գիտելիքներ», «Զինվորների վարվելակերպը երթի ժամանակ» և այլն: Ներկայացնենք հատվածներ այդ գրքից.
«Դաշտի վրա. «Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր: Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար: Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝ դիրքերդ ծառերեն դուրս շինել տուր, որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե: Երբ այդպես չընես, իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս: Եթե գյուղը եկեղեցի ունի, նախօրոք սանդուխը պատրաստե, որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս. այսպիսով քո հրացաններդ թշնամիին վրա կախված կըլլան: Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր, խրամատներ փորել տուր և առաջներդ հողը թումբեր շինել տուր»:
«Փոսի մեջ. Եթե գյուղը փոսի մեջ է, պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները, որ պահեն ու նայեն չորսդին: Պառկած տեղդ դռանն առջև ալ պահապան մը ունեցիր: Լույսը բացվելուն պես, երբ կտեսնես, որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ: Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու, մարդ ղրկե հոն ալ, իսկ ավելի հեռուն ըլլա՝ մի ղրկեր, գյուղը մնացիր»:
«Կիրճերն անցնելու ատեն. Խումբը առհասարակ կիրճը պետք չի մտցնել՝ երբ երկու կողմի սարերը շատ անառիկ և բարձր են: Իսկ եթե հարկ կա անպատճառ կիրճն անցնելու, այն ատեն չորս կողմը վեց տղա՝ լեցուցած հրացանները ձեռքերին, թող արագորեն կիրճին մեջեն անցնին մյուս կողմը:
Երբ տեսնեք, որ ոչինչ չի պատահեցավ և նկատեցիք, որ անցած են, խումբը ցրված կազմով անցնելու է կիրճեն: Եթե աչքի առաջ ունիս որ, օրինակ, դավադրություն մը եղած է, և թշնամին դիրք բռնած՝ առաջքդ կսպասե, առջևեն միշտ ղրկե երկու կամ երեք զինվոր, որոնք շատ լավ ծանոթ ըլլան այդ տեղերուն և միաժամանակ ճարպիկ, դուն ալ խումբին հետ 50-60 քայլ ետևեն գնա»: