Հեռավոր սահմանամերձ Չորաթան գյուղում Մխիթարյան Միաբանության մշակութային գործունեության հետքերով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հեռավոր սահմանամերձ Չորաթան գյուղում Մխիթարյան Միաբանության մշակութային գործունեության հետքերով

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղը, չնայած ժամանակ առ ժամանակ հակառակորդի նշանակետի տակ է լինում, ապրում է բուռն սոցիալ-մշակութային կյանքով: Այդ գործում իր կարևոր ներդրումն ունի «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որը գործում է 2001 թվականից «Հայաստանի Մխիթարյան կենտրոնի» աջակցությամբ:

Ինչպես նշեց «Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը, Չորաթանը, լինելով հեռավոր սահմանամերձ համայնք, կտրված է մշակութային զարգացումներից: Այդ բացը լրացնելու համար է, որ որոշվեց ստեղծել «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որը հետագայում իր տեսակով դարձավ կրթամշակութային, համայնքի երեխաների առօրյան կազմակերպող կառույց, նաև սոցիալական խնդիրներ լուծող օղակ:

Համայնքի ավագանու և գյուղապետի որոշմամբ կինոյի նախկին լքված շենքը նվիրաբերվեց «Հայաստանի Մխիթարյան կենտրոնին» մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Ավելի քան 15 տարի է կենտրոնը համայնքի երեխաների համար գործում է բացառապես անվճար հիմունքներով: Հիմնական նպատակն է զարգացնել երեխաների, պատանիների կրթական,  մշակութային, մասնագիտական ունակությունները` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի տեմպերի նվազեցմանը, երիտասարդ սերնդին նոր մասնագիտություններ և հմտություններ փոխանցելուն` կապելով նրանց մայր հողին:

 

«Չորաթան գյուղն ունի 107 դպրոցահասակ երեխա, որոնցից մեծ մասը հաճախում են մեր կենտրոն:  7-17 տարեկան երեխաներն ամեն օր 3 ժամ ծանոթանում են տարբեր ձեռագործ և մասնագիտական հմտությունների` հելյունագործություն, գոբելեն, ասեղնագործություն, առողջ ապրելակերպի դասընթացներ, ասմունք, շախմատ, երաժշտություն, պար, գեղանկարչություն: Արդեն 4 տարի է կենտրոնը ես եմ ղեկավարում, այս ընթացքում բավական նոր հնարավորություններ են ստեղծվել կենտրոնի երեխաների համար: Կենտրոնում անցկացվող պարապմունքները նաև ուղղորդող նշանակություն ունեն` հետագա մասնագ իտությունն ընտրելու հարցում»,- ասաց Էդգար Քալանթարյանը:

Այս օրերին «Մեգերյան կարպետ» ընկերությունը սիրահոժար կերպով դասընթացներ է կազմակերպում համայնքի երիտասարդներից մեկի համարը, ով ավարտելուց հետո կվերադառնա և կաշխատի նախատեսվող նորաբաց հայկական ավանդական կարպետագործության խմբակում: Սաներից մեկն ընդունվել է ԵՊՀ, մեկ ուրիշն էլ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա և այլն:

Կենտրոնի սաները հաջողությունների են հասել մի շարք այլ ոլորտներում ևս,մասնակցել տարբեր ցուցահանդեսների և արտասահմանյան միջոցառումների:  Էդգար Քալանթարյանը նշեց, որ այս ամենի նպատակն է համայնքի երիտասարդների ն նոր հնարավորություններ ընձեռել, նրանց գյուղում պահել, համայնքի կրթական և մշակութային կյանքը աշխուժացնել, ինչու չէ նաև սոցիալական խնդիրներ լուծել:

Նրա խոսքով, նպատակ ունեն ընդլայնել կենտրոնի գործունեությունը. նոր դասընթացներ ավելացնել` շեշտը դնելով օտար լեզուների, համացանցի հասանելիության վրա, որոնք կնպաստեն համայնքի երեխաների և պատանիների ունակությունների բարձրացմանը՝  նոր կրթական մարտահրավերներին դիմակայելու համար:

«Ստեղծման օրվանից  մինչև այսօր «Հայաստանի Մխիթարեան կենտրոնն» է ապահովում կենտրոնի ամսական բոլոր ընթացիկ ծախսերը, սակայն այսօր  նախատեսում ենք Միաբանության նախկին սաներով ստեղծել ցանց, որի հովանավորությամբ կընդլայնենք մեր հետագա գործունեությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ ու համայնքներ:

Մխիթարյան նախկին սաները գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որտեղ հասել են բազում հաջողությունների՝ կրթության, մշակույթի, արվեստի ոլորտներում և այլն: Նրանցից մի քանիսի անունը կցանկանայի շեշտել, ինչպես օրինակ՝ Արի Հովսեփյանը` Լոս Անջելեսում, Հրաչ Գասպարը` Մոնրեալում, Ալֆրեդ Բողոսյանը` Տորոնտոյում և այլն, որոնց հետ կապի մեջ ենք իբրև համագործակցության օղակ մեր և նախկին սաների միջև։ Կարծում եմ` մեր այս գործունեությունն ընդլայնելով` կնպաստենք Հայաստան-Սփյուռք կապի խորացմանը, խաղալով այն նույն դերը, ինչպես Մխիթարյան միաբանությունը և նրա իրավահաջորդները նախորդ դարերի ընթացքում:

Այն առաքելությունը, որ Սեբաստացին 300 և ավելի տարիներ առաջ իրականացրեց աշխարհի չորս ծայրերում ցրված Հայ ժողովրդի մեջ, այսօր նոր ուղի է գտել իր անկախությունը վերգտած Մայր Հայրենիքում: Վերակենդանացնելով իր արմատները` Միաբանությունը նայում է իր հայրենիքին ինչպես ներշնչումի աղբյուրի: Պանդխտությունը, որ անցյալում Սեբաստացին ապրեց իր հալածյալ ժողովրդի հետ միասին, այսօր արդեն վեր է ածվել հայրենի ժողովրդի մեջ գործելու կենսակերպի:

Այս գաղափարի գիտակցումն է, որ համախմբել է մեզ և փորձում ենք անել հնարավորինս պահպանելու և շարունակելու Սեբաստացու առաքելությունը: Կա հզոր ներուժ, որի միասնականությամբ կարևոր նախաձեռնություններ կյանքի կկոչվեն»,- հավելեց նա: