Ավստրիայի կառավարությունն ընթացիկ տարվա մարտի 1-ից սկսում է էլեկտրամոբիլների և ջրածնային տրանսպորտի գնումը սուբսիդավորել 4 հազար եվրոյով: Այդ մասին հայտնել է Ավստրիայի տրանսպորտի, ինովացիաների և տեխնոլոգիաների նախարարությունը:
Ընդհանուր առմամբ «կանաչ» ավտոմեքենաների գնորդների ֆինանսական խրախուսման ծրագրի բյուջեն կազմում է 72 մլն եվրո: Այդ գումարի կեսը կուղղորդվի լիցքավորման էլեկտրակայանների համակարգի զարգացմանը: Ծրագիրն ընդգրկում է այն տրանսպորտային միջոցները, որոնց արժեքը չի գերազանցում 50 հազար եվրոն: Դրա հետ մեկտեղ հիբրիդային մոդելների գնումը կխրախուսվի 1,5 հազար եվրո, էլեկտրամոպեդներինը և էլեկտրամոտոցիկլետներինը՝ 750 եվրո գումարով:
Այդպիսի ավտոմեքենայի յուրաքանչյուր գնորդ այս տարի արդեն կարող է հավակնել խրախուսական գումարի: Դրա համար ավտոմեքենաների տերերին անհրաժեշտ է գրանցվել շրջակա միջավայրի պահպանության աջակցման հատուկ կայքում և լրացնել էլեկտրոնային հարցարան:
Որպես նախագծի նախաձեռնողներ են հանդես եկել Ավստրիայի տրանսպորտի, ինովացիաների ու տեխնոլոգիաների նախարարությունը և երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության, շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների պահպանության նախարարությունը: Երկու գերատեսչությունները նրա բյուջեին հատկացրել են 24 մլն եվրո, նույնքան էլ տրամադրել են ավտոարտադրողները ու ևս այդքան հաշվարկված են որպես ավտոդիլերների զեղչեր:
Այս տարվա ապրիլից ավստրիական իշխանություններն էկոլոգիական ավտոմեքենաների տերերին կբաժանեն նաև հատուկ կանաչ համարանիշեր: «Եկել է էլեկտրամոբիլների դարաշրջանը»,-հայտարարել է տրանսպորտի նախարար Յորգ Լյախտֆրիդը: Խրախուսման ծրագիրը տարածվում է նաև խոշոր ձեռնարկությունների վրա: Ակցիան կտևի մինչև 2018 թվականի վերջը, այնուհետև կամփոփվեն դրա արդյունքները:
Ներկայում հանրապետության ճանապարհներին արդեն երթևեկում են մոտավորապես 9,5 հազար էկոլոգիական ավտոմեքենաներ: Այս տարի պլանավորվում է վաճառել 4,5 հազար ավտոմեքենա: Սկզբնապես կառավարությունը խնդիր էր դրել մինչև 2020 թվականը երկրում էլեկտրամոբիլների թիվը ավելացնել մինչև 200 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: