«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Լորա Շուքուրյանի պատմությունը: Լորան ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժանմունքը, այնուհետև անցել կլինիկական օրդինատուրա՝ Էրեբունի հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում, և ստացել ԼՕՌ բժշկի (քիթ-կոկորդ-ականջաբան) կոչում։ 2016 թ․ առայսօր ԵՊԲՀ-ի ԼՕՌ ամբիոնի դոցենտ է։
«2014 թվականից մինչև 2015 DAAD ծրագրի շրջանակներում եղել եմ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ԼՕՌ բաժանմունքի օտոնևրոլոգիայի բաժնում՝ պրոֆ․ Պ. Պլինկերտի ղեկավարության տակ՝ որպես կրտսեր գիտահետազոտող։ Ուսումնասիրել եմ այնտեղ ավելի խորացված կոխլեար իմպլանտոլոգիան, ականջի աղմուկը (թիննիթուս- միջազգային անվանումը), մասնակցել եմ «Կոխլեար իմպլանտավորումը որպես թիննիթուսի բուժման մեթոդ» հետազոտությանը, ուսումնասիրել եմ բարձր տեմբրի աղմուկով ականջի ստիմուլյացիան, որը ցույց է տալիս ստորին վեստիբուլյար նյարդի ֆունկցիան և ներքին ականջի խխունջի մաս կազմող sacculus պարկը, որոնք կարևոր մաս են կազմում լսողության և հավասարակշռության օրգանի (c-VEMP)։ Ոգևորված՝ որոշել եմ խորացնել գիտելիքներս օտոնևրոլոգիայի ոլորտում, և դիմելով Erasmus Mundus MEDEA Project-ին ու շահելով այն, հայտնվել եմ Բեռլին քաղաքում, Շարիտե համալսարանական կլինիկայի ԼՕՌ բաժանմունքին պատկանող Թիննիթուսի (ականջի աղմուկի) կենտրոնում (Tinnituszentrum)»,-168.am-ի հետ զրույցում պատմեց Լորան:
Նա նշում է, որ դեռ դպրոցական տարիքից երազել է արտերկրում սովորելու մասին և համոզված է եղել, որ մի օր այդպես էլ լինելու է. «Արտերկրում սովորելը շատ բան է տալիս։ Այն փաստը, որ որոշ ժամանակահատված դու, ճիշտ է ասել՝ միայնակ ես ապրում, քեզ շատ է կոփում։ Դու քեզ օր օրի ավելի ու ավելի լավ ես սկսում ճանաչել։ Հաղթահարելով այս կամ այն դժվարությունները, որոնք բոլորի մոտ, ով այս ուղին է ընտրում, պատահում են, դու դառնում ես ավելի ինքնավստահ, ավելի ուժեղ, համոզվում ես քո իսկ աչքերով, որ քո կյանքի պատասխանատվությունը միայն քեզ վրա է։ Հրաշալի զգացողություն է։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որևէ ժամանակահատվածում պետք է նման փորձ ունենա»։
Նա խոստովանում է, որ մասնագիտական առումով բավականին շատ գիտելիք է ստացել Հայաստանում՝ Էրեբունի հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության ԼՕՌ-բաժանմունքում կլինիկական օրդինատուրա անցնելու տարիներին, և համարում է, որ ԼՕՌ բաժինը բժշկության մեջ Հայաստանում քիչ թե շատ զարգացածներից է. «Մասնավորապես, Հայաստանում, արդեն տասը տարի շարունակ, միայն Էրեբունի հիվանդանոցում ԼՕՌ-բաժնի վարիչ Ա․Կ․ Շուքուրյանի անմիջական մասնակցությամբ կատարվում է ԼՕՌ ոլորտում բավականին բարդ համարվող, միևնույն ժամանակ՝ բավականին արդյունավետ, լսողությունը վերականգնող կոխլեար իմպլանտավորում վիրահատությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտահետազոտական թեմային՝ թիննիթուսով հիվանդներ, բնականաբար, այստեղ էլ կան և բավականին շատ, մասնավորապես՝ սենսոնևրալ տիպի ծանրալսությամբ տառապող հիվանդների մոտ։ Սակայն Բեռլինի Թիննիթուս կենտրոնում, հատկապես՝ քրոնիկ տիպի թիննիթուսի ժամանակ, կիրառվում է ինտենսիվ թերապիա, որը կոմպլեքս բուժում է ոչ միայն ընդհանուր պրոֆիլի քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից, այլ նաև օտօնևրոլոգի, հոգեթերապևտի և մանուալ թերապևտի մասնակցությամբ, ինչը դեռ բացակայում է Հայաստանում, բայց հուսամ՝ շատ շուտով կլինի նաև մեզ մոտ»։
Իր իսկ բնութագրմամբ՝ Լորան շատ ընկերասեր է և հասցրել է աշխարհի տարբեր ծայրամասերից ընկերներ ձեռք բերել. «Ծանոթանալով մշակույթի նման բազմազանությանը, ամրապնդվում ես այն մտքի մեջ, որ մարդը՝ անկախ ազգությունից, մշակույթից, սեռից և կրոնից, մնում է նույն մարդը։ Եվ հասկանում ես, որ մենթալիտետ ասվածը՝ որպես այդպիսին, շատ հարաբերական է. մարդն ամենուր նույնն է»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ օտար երկրում ուսումնառության ժամանակ զգում է, որ հայրենիքում չէ, քանի որ կարոտում է հարազատներին, ընկերներին, բարեկամներին. «Կարծում եմ՝ չի գտնվի այն մարդը, ով միայնակ գնա օտար երկիր սովորելու և կարոտի զգացում չունենա։ Երբ մարդ իր երազանքները, նպատակներն է իրագործում, շատ կարևոր է, որ իր կողքին լինեն համախոհներ, սիրող և հավատացող մարդիկ, դա միշտ ուժ է տալիս։ Իմ սիրելի և ինձ ուժ տվող մարդիկ, ցավոք, այս երկրում չեն»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տարբերություններ է տեսնում Հայաստանի և Գերմանիայի առողջապահական համակարգերի միջև:
«Ինչպես արդեն նշեցի՝ կոնկրետ իմ մասնագիտական ոլորտը՝ քիթ-կոկորդ-ականջաբանությունը, Հայաստանում բավականին լավ է զարգացած, եթե համեմատենք մյուս ոլորտների հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Գերմանիայի Դաշնության առողջապահական համակարգերի միջև սարեր ու ձորեր են ընկած, ինչն ինձ և, համոզված եմ՝ մեծամասնությանը, ով քիչ թե շատ ծանոթ է Գերմանիայի պատմությանը, այդ թվում նաև՝ առողջապահական համակարգին, հիացնում է. դա այն է, թե ինչպես են նրանք կարողացել պատերազմից հետո պարտված, չունենալով ոչինչ, ձեռք ձեռքի բռնած՝ համախմբվել և իրենց ավերված երկրից կառուցել մի այնպիսի երկիր, այնպիսի տնտեսական և առողջապահական հզոր և կայուն համակարգ, որն իր բոլոր հարևաններին նախանձելու առիթ է տալիս»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, Լորան նշեց, որ վերադառնալու է Հայաստան, որպեսզի նախ և առաջ՝ ստացած գիտելիքները փոխանցի և կարողանա օգուտ տալ մարդկանց. «Կուզեմ՝ ամուր կապ ստեղծվի Հայաստանի և Գերմանիայի բուժական ոլորտի միջև։ Բայց հետագայում նաև այստեղ՝ արտերկրում, իրագործելու պլաններ ունեմ: Կփորձեմ այդ երկուսը համատեղել»։
Ռազմիկ Մարտիրոսյան