Շատ հին ժամանակներից մեզ մի լեգենդ է հասել. Չինաստանի կայսրերից մեկը որոշում է իր մոտ ճաշի հրավիրել երկրի երկարակյացներին: Նրա մոտ են բերում 194-ամյա Մամպէ անունով մի գյուղացու, որին ուղեկցում էին 173-ամյա կինը, 153-ամյա որդին ու 145-ամյա հարսը:
Կես դար հետո նույն բանն անում է մյուս կայսրը: Եվ նորից պատկառելի հյուրերի մեջ տեսնում են գյուղացի Մամպէին` իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Կայսրը հարց է տալիս Մամպէին, թե այս տարիքում իրենց առողջության պահպանման գաղտնիքը ո՞րն է։ «Մենք ամսվա մեջ յոթ անգամ այրում ենք 100 հիվանդությունների կենտրոն-կետը»,- պատասխանում է Մամպէն:
Արևելյան բժշկության մեջ նշում են մոտ 700 կենսաբանական ակտիվության կետ, որոնք գտնվում են մարդու մարմնի վրա: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր հստակ անատոմիական դիրքն ու անվանումը: Արևելյան հին բուժակներն այդպիսի որոշակի կետերի այրումով կամ ծակելով ազատել են մարդուն ատամի կամ գլխի ցավից: Սակայն մինչ օրս ասեղնաբուժության բարենպաստ ազդեցությունը շարունակում է մնալ բնության գաղտնիքներից մեկը: Թե փոքրիկ ասեղը մտնելով մարդու մարմնի մեջ, ինչպե՞ս է ազատում ռևմատիզմի նոպայից կամ ինչպե՞ս է բուժվում բրոնխիալ ասթման, ոչ մի գիտնական դեռ սպառիչ պատասխան չի տվել: Այդ պատճառով ասեղնաբուժությամբ բուժված շատ պացիենտների համար ասեղնաբուժությունը դարեր շարունակ մնում է հրաշագործության նման մի բան: Այդ միստիկան է խանգարել ասեղնաբուժության լայն տարածմանն ու գործածությանը: Մասնագետները գտնում են, որ ասեղնաբուժությունն օգնության է հասնում հաճախ այն դեպքերում, երբ բոլոր մյուս միջոցներն անօգուտ են: Օրինակ` ոչ բոլոր ռադիկուլիտ ունեցողներին կարելի է մի քանի դեղ նշանակել ու բուժել: Այդ դեղերը կարող են կողմնակի ազդեցություն ունենալ, ասենք` իջեցնել արյան ճնշումը և այլն: Բացի այդ, ռադիկուլիտի բուժումն ավանդական միջոցներով կարող է շարունակվել 2-3 ամիս, որի ընթացքում մարդը շատ պրոցեդուրաների կարիք ունի, սակայն գամված է անկողնուն: Իսկ ասեղնաբուժությունը կարող է շատ արագ հրաշքներ գործել, չնայած բժիշկները հրաշքներին չեն հավատում: Եվ իսկապես, գործնականում պարզվել է, որ մի քանի կետերի խթանման արդյունքում, 10-15 րոպե հետո կարող են հանգստանալ ռադիկուլիտային ցավերը, իսկ 2-3 սեանսը բավական է, որպեսզի մարդու աշխատունակությունը վերականգնվի: Իհարկե, չի կարելի կուրսը կիսատ թողնել: Ըստ վիճակագրության` ասեղնաբուժությունը մի քանի անգամ արագացնում է ռադիկուլիտի բուժումը:
Մինչև վերջերս շատ մասնագետներ գտնում էին, որ ասեղնաբուժության այսպիսի դրական ազդեցության պատճառը ներշնչանքն ու հիպնոսն են: Բայց կենդանիների վրա կատարված փորձերը հակառակն են ապացուցել. չէ՞ որ կենդանիները չեն կարող հասկանալ, որ իրենց ծակում են բուժելու նպատակով: Ասեղը, մտնելով մարմնի հյուսվածքի մեջ, գրգռում է հարյուրավոր ռեցեպտորներ, որոնք իմպուլսներ են հաղորդում պերիֆերիկ համակարգից կենտրոն` ուղեղին, որն էլ օրգանիզմի համապատասխանաբար պաշտպանողական ուժը գործի է դնում:
Օրինակ` ծխելուց հրաժարվելու համար անհրաժեշտ է ասեղնաբուժության ընդամենը 2-3 պրոցեդուրա: Ասեղներն այս դեպքում մտցվում են ականջախեցու մեջ` մոտ 1մմ խորությամբ: Ուժեղ ցավի զգացողություն չի էլ լինում (սովորական ներարկումն ավելի ցավոտ է): Պրոցեդուրայի տևողությունը ընդամենը 20 րոպե է: Իհարկե, մինչ պրոցեդուրան անցկացնելն անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ տանել: Օրինակ` բուժումը սկսելուց 1 օր առաջ պետք է հրաժարվել ցանկացած քնաբեր ու խթանիչ ընդունելուց: Չի կարելի ընդունել ալկոհոլ, կոկա-կոլա, պեպսի-կոլա: Բուժումից առաջ վերջին ծխած գլանակից պետք է անցած լինի 12 ժամ: Հիմնականում այս մեթոդին դիմողները գրեթե 100 տոկոսանոց հաջողությունը երաշխավորում են, միայն թե պետք է ցանկություն լինի, այլ ոչ թե հարազատների ստիպելով:
Չինական բժշկությունը, կարելի է ասել, դարերի փորձ ունի` ասեղնաբուժության միջոցով ավելորդ քաշից ազատվելու հարցում: Այս մեթոդը գործածվում է հարյուրավոր տարիներ և ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ վերջինիս բուժական ազդեցությունը կայանում է ախորժակի ու նյութափոխանակության կարգավորման մեջ, ինչն էլ, բնականաբար, բերում է քաշի իջեցման ու ինքնազգացողության լավացման: Բուժման տևողությունը 10 պրոցեդուրա է, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը` 4-6 ամսվա ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ աստիճանաբար տեղի է ունենում քաշի նվազում: Իհարկե, դրանից հետո սնվելու ռեժիմին պետք է խիստ հետևել, որպեսզի քաշը չտատանվի: Ասեղնաբուժությամբ չի կարելի վնասել կամ ինչ-որ օրգան «շարքից հանել»: Այն պարզապես կարգի է գցում այն օրգանի աշխատանքը, որն ինչ-ինչ պայմաններում վատացել է: Այդ պատճառով այս դեպքում ոչ մի կողմնակի ազդեցություններ չկան, միայն, եթե օրգանիզմը շատ ծերացած չէ:
Ասեղնաբուժությունը դրական ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի խնդիրների բուժման դեպքում: Գերհոգնածության ու քայքայված նյարդային համակարգի դեպքում հաճախ ասում են. «Որքան ժամանակ փչացնեմ նյարդերս, այնքան էլ անհրաժեշտ է այն վերականգնելու համար»: Քայքայված նյարդային համակարգը ժամանակակից մեթոդներով բուժելու համար անհրաժեշտ է ամիսներ, երբեմն էլ` տարիներ: Սակայն այն ասեղնաբուժությամբ բուժելու համար անհրաժեշտ է 10-15 պրոցեդուրա` կախված հիվանդության աստիճանից: Այս պրոցեդուրաները չեն առաջացնում քնկոտություն, թունավորում, թուլություն և այլ զգացողություններ` ի տարբերություն նյարդային համակարգի դեղորայքային բուժման:
Իհարկե, ասեղնաբուժությունը շատ բարդ գործ է: Այն պահանջում է անատոմիայի բացառիկ իմացություն:
19.05.2010