Ղարաբաղ գնացի միայնակ՝ իմ Sony Video 8 տեսախցիկով
«28 տարեկան էի։ Ղարաբաղում հայտնվեցի Խոջալուի օպերացիայի հաջորդ օրերին, այն ժամանակ, երբ արդեն, կարելի է ասել, գործնականում ոչ մի տեղ չէի աշխատում։ Ընհանրապես ժուռնալիստիկայում հայտնվեցի պատահաբար, բայց վեցերորդ զգայարանի թելադրանքով։ Ավարտել էի Պոլիտեխնիկը, մասնագիտությամբ՝ ինժեներ։ 1992թ.-ին արդեն «Լրաբերի» գլխավոր ռեժիսորն էի, համագործակցում էի արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ, որտեղից էլ ինձ տրամադրել էին անձնական Sony Video 8 տեսախցիկը։ Այդ տարիների համար մեծ ճոխություն էր։ 92թ.-ի այդ շրջանում Հայաստանում ակտիվանում էին ընդդիմադիր գործիչները, լինում էին հանրահավաքներ։ Երկու անգամ հանրահավաքներից տեսանյութեր արեցի՝ եթեր չտվեցին, զայրացա, ինքնակամ հեռացման դիմում գրեցի ու բառացիորեն երկու օրից իմ տեսախցիկով գնացի դեպի անհայտություն՝ դեպի Էրեբունի օդանավակայան, որը Արցախի հետ միակ հնարավոր կապն էր։ Ղարաբաղ էի գնում, որովհետև կիզակետն այնտեղ էր։ Վախից ավելի հզոր էր, չգիտեմ դրան ոնց ասեմ, ռոմանտիկա՞ ասեմ, թե՞ պրոֆեսիոնալ պատվախնդրություն: Ես պետք է ապացուցեի, որ ամենալավն եմ, թե ոնց՝ չգիտեմ։ Պիտի դա անեի ես՝ իմ տեսախցիկով»։
Ստեփանակերտում ասեցին՝ «Էս քո կոյկեն, ստեղ կքնես։ Մնացածն էլ՝ ոնց մենք, տենց էլ՝ դու»
«Էրեբունի օդանավակայանում հերթեր էին: Հիշում եմ՝ մի քանի օր թռչել չստացվեց։ Հետո գնացինք ուղղաթիռով՝ ես, կամավորականները, վառելիքով տակառները։ Իջանք Մարտակերտի մոտ՝ Քոլատակում։ Խոջալուն դեռ մի քանի օր էր եղել, օդակայանը չէր շահագործվում։ Չեմ էլ հիշում ինչով ու ոնց հասանք Ստեփանակերտ։ Ղարաբաղում առաջին անգամ էի։ Ստեփանակերտում, չգիտեմ, ինչ-որ հարազատ բան զգում էի, բայց փետրվարյան առավոտի սարսափելի ցուրտը չէր թողնում, որ զգամ։ Առաջին բանը, որ տեսա՝ ջրի գնացող մարդիկ էին՝ մեծ բակերով, տակառներով։ Մեխանիկորեն սկսեցի նկարել։
Հետո վերև նայեցի՝ շենքերին, բոլորն ավերված էին։ Ներկայիս Ստեփանակերտի «Կալցեվոյ» կոչվող տարածքի մոտ էր, զինվորական հագուստով մի մարդ տեսա՝ հարցնում եմ «ստեղ ո՞վ է, ի՞նչ է», ուզում ես հասկանալ՝ ստեղ ի՞նչ սիստեմ է՝ ռայսովե՞տ, կոմունի՞զմ, ջոկատնե՞ր են, ֆիդայի՞ են՝ ո՞վ է ղեկավարը։ Պատասխանեց՝ իջի ներքև՝ ավտոբազա։ Իջա։
Համազգեստավոր մարդիկ էին գալիս, լսեցի մեկը բավականին կոպիտ ասում է. «А этих журналистов кто сюда пустил?»։ Հետո, տարիներ հետո, իրար հիշեցնում ենք այդ դեպքը՝ Արկադի Իվանիչն էր (Արկադի Տեր-Թադևոսյան՝ Կոմանդոս- հեղ.)։
Ավտոբազայից ինձ ուղարկեցին վերև՝ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետարանի շենքի տարածքում գործող կապի հանգույց, ասացին Արթուր անունով մարդուն կգտնես՝ ինքն էլ ապագա գեներալ, կապի զորքերի հրամանատար Արթուր Փափազյանն էր, այդ ժամանակ, կարծեմ, դեռ մայոր էր կամ կապիտան։ Գնացի, ասացի՝ «Բարև ձեզ, ես եկել եմ, «Լրաբերում» եմ աշխատում», իրականում ինքս էլ չգիտեմ դեռ աշխատում եմ, թե՝ ոչ։ Հիշում եմ՝ Արթուրը երևանյան հայերենով էր խոսում, Երևանից Ղարաբաղ առաջին անգամ եկածի համար մեծագույն հաճույք էր։ Նայեց, ասաց՝ «արի հետևիցս»։ Երկու հարկ իջանք, կազարմա էր։ Ցույց տվեց ձախից առաջին կոյկան, ասեց՝ «տեսնու՞մ ես՝ քոնն ա, ստեղ կքնես։ Մնացածն էլ՝ ոնց մենք, տենց էլ՝ դու»։ Այդպես մնացի 61-ում՝ «սվյազ»-ում։
Ստեփանակերտում կյանք կար, բայց՝ նկուղներում
«Տեղավորվելուց հետո, հաջորդ առավոտն առաջին հերթին ուզում էի հասկանալ՝ բա վտանգը ստեղ ո՞րտեղից ա, էս ի՞նչն ա շենքերը սենց քանդում։ Քաղաքում ամաչելով հարցրեցի՝ «Շուշին ո՞րտեղ է»։ Երբ ցույց տվեցին՝ հասկացա, թե որքան մոտ ենք, որքան տեսանելի է Ստեփանակերտը կրակի համար։
Ստեփանակերտում կյանք կար, բայց՝ նկուղներում։ Նկուղներում քնում էին, ապրում, գուցե, նարդի էլ էին խաղում, հիվանդանում էին, փորձում էին բուժվել։ Երեխեք կային, որոնց հայացքները ես մինչև հիմա հիշում եմ։
Ստեփանակերտում այդ օրերի կյանքի ցուցիչ էր մի դրվագ՝ մեր կազարմա մի անգամ ավչարկա շուն մտավ։ Վախենալու էր տեսնել, թե կենդանին մի փոքր կտոր չոր հացի համար ինչ էր անում, ինչի էր պատրաստ։ Խաղաղ քաղաքում հիմա շանը երևի հաց տաս՝ վրան չի էլ նայի, իսկ այդ տեսարանը…
Այդ օրերին Արթուր Փափազյանի հետ եղա Խոջալուում, նկարեցի քաղաքը, ռեպորտաժ պատրաստեցի «Вести»-ի համար, որը հակադրեցի այդ օրերին ադրբեջանական թղթակցի պատրաստածին»։
Վախը վերանում է անզորության շոկից
«Վախը վերանում էր շոկից։ Ինձ մոտ երևի Կիչանի (գյուղ Մարտակերտի շրջանում-հեղ.) առաջին օպերացիայից հետո եղավ՝ մարտ ամսի կեսերին։ Կիչանը բարձունքի վրա էր, ներքևում՝ ադրբեջանական Սրխավենդը։ Մի օր լուր ստացանք, որ թուրքերը խփում են Կիչանին, միանգամից բոլորս լցվեցինք մի ԲՏՌ-ի վրա ու գնացինք։
Հիշում եմ՝ Կիչանում մի ավտոբուս տեսա, ավտոբուսի մեջ վառարան էր դրած, կողքը՝ զենքով աղջիկներ։ Հենց կիչանցի էին, աղջիկները զենքով իրենց գյուղն էին պահում։ Այդ օրը մենք բացարձակ զինամթերք չունեինք, մենակ «Ալազանի» երկու ուսումնական արկ։ Հրամանատարը, կարծեմ, անունը Բաբաջան էր՝ կրակի հրաման տվեց։ Մի քանի րոպեից թուրքերի կողմից սկսեց «պուշկան» աշխատել՝ Հոլիվուդը գլուխը պատով է տվել այդ տեսարանի առաջ։ Մենք բարձունքի վրա էին՝ թիկունքներումս՝ բլուր։ Արկերը թռնում էին մեր գլխավերևով ու պայթում թիկունքներումս՝ բլրի մեջ։ Էդ հմայքը, էդ գեղեցկությունը՝ եսիմ, դրան կարելի՞ է գեղեցկություն ասել… արկի պայթյունը սարի մեջ, հրե ամպը ու մի քանի վայրկյանից խայտառակ ուժեղ ձայնը։ Վախն այդ պահերին է վերանում՝ անզորության շոկից»։
Պատերազմն ու կյանքի «քամին»
Տարիներ առաջ Արթուր Գրիգորյանը հրապարակեց 92թ.-ին Ստեփանակերտում` կապի զորանոցում, արված մի տեսանյութ, որում հնչում էր Ձախ Հարութի «Քամի, քամի» երգը:
«Քամի, քամի» երգի տեսանյութի օրը բացառիկ էր պատերազմում։ Բացառիկ էր, որ հոսանք ունեինք, բացառիկ էր՝ զգացողությունների առումով։
Ինչպես քաղաքացիական մարդկանց զորքի զենքերն են հետաքրքրում, այնպես էլ՝ Ղարաբաղում բոլորին իմ տեսախցիկն էր հետաքրքիր։ Այդ օրը, չգիտես որտեղից, կազարմայում տղերքից մեկի մագնիտոֆոնը միացավ՝ «Քամի, քամի»-ով, երեխեքից մեկը կամերաս թռցրեց ու սկսեց նկարել։ Ժապավեն չկար, ես ամեն կադրը դողալով էի անում, բայց այդ անգամ, չգիտեմ ինչի ասեցի՝ «դե լավ է, նկարի»։
«Քամի, քամի»-ն կյանքի նշույլ էր։ Այնքան տաք բան կար դրա մեջ։ Երգը քեզ վերադարձնում էր անհոգության շրջան, քո հուշերին։ Հիշեցի, ոնց էինք դպրոցական տարիներին հավաքվում դասընկերոջս՝ Կարենի տանը, իբր պարապելու, ու երբ Օֆիկ տոտան գնում էր հաց սարքելու, թաքուն հանում էինք մագնիտոֆոնն ու «Քամի, քամի»-ն լսում։ Մեկ էլ՝ պատերազմի մեջտեղում էդ նույն «Քամի, քամի»-ն։ Փրկող էր»։
Շուշին օդում էր. բոլորը գիտեին, որ պետք է, բայց ե՞րբ, ո՞նց, ի՞նչ ուժերով
«Բոլորը գիտեին՝ Շուշին պետք է վերցնել։ Շուշին չվերցնելը նշանակում էր ուղղակի նստել ու սպասել, թե Ստեփանակերտում մահը երբ կգտնի քեզ։ Բայց ե՞րբ, ո՞նց, ի՞նչ ուժերով։
1992թ.-ի մայիսի 7-ն էր։ Դուրս էի եկել քաղաքում նկարելու։ Վերադառնում եմ կապ, մեկ էլ Ալիկը (Ալեքսեյ Ալեքսանյան, Շուշիի ազատագրման օպերացիայում Կրկժանի ուղղության կապավոր-հեղ.) ասում է՝ չե՞ս գալիս, ասում եմ՝ ու՞ր, ասում է՝ Շուշի ենք գնում, շուտ արա, ակումուլյատորներդ ի՞նչ վիճակում են»։
Այդ ժամանակ աչքերդ վառվում էին, գիտեիր, որ դու ինչ-որ մեծ բանի մասնակից ես դառնում։ Լցվեցինք, գնացինք Ստեփանակերտի վերևներով, այդ թաղամասերին ոնց որ Արմենավան էին ասում։ Եկանք մի հատված, որտեղ զորքից արդեն մարդիկ կային, ծանոթներ տեսա՝ Կիչանից տղերքին, օպերատոր Շավոյին (Շավարշ Վարդանյան-հեղ.)։ Կամաց-կամաց սկսեց մութն ընկնել, ինչ-որ տեղից կիթառ գտնվեց, տղերքը նստած էին՝ ամեն մեկն իր մտքի հետ։ Հիշում եմ՝ մեկը ժպտում էր, մեկն ինչ-որ անեկդոտ էր պատմում, երրորդը շատ անհոգ, չորրորդը՝ գլուխը հենած, աչքերը՝ փակ, չգիտեմ ում է հիշել, ինչ է մտածում։ Հետո որտեղից որտեղ մի դույլի չափ կոնյակ հայտնվեց, ասեցին՝ Կոմանդոսը թույլ է տվել «по пятдесят»: Խմեցինք, եկավ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա զրո ժամն ու «по команде-вперед»։
Երևի տենց մութ երբեք չեմ տեսել։ Կապը կողքս էր ու միայն դրա շնորհիվ խոսակցություններից հասկանում էինք՝ ով որտեղ է։ Խոսում էին, ասենք՝ «Սեյրան, Սեյրան, ես 17-ն եմ՝ էս ուղղությամբ գնա»։ Հետո Ալիկից իմացա, որ որոշվել էր այդ օպերացիայի ժամանակ բոլորին կապով իրենց անուններով կոչել, այսինքն՝ «պազիվնոյներն» իրական անուններն էին՝ այն հաշվարկով, որ թուրքերը երբեք չէին մտածի, որ նման գործողությունում հայերն իրար հետ կապով իրական անուններով, լրիվ բաց կշփվեն։ Առաջ շարժվելիս մեզ կատեգորիկ արգելված էր ծխելը, որպեսզի բարձունքից չնկատվենք։ Թեքվում էինք մեջքով դեպի Շուշին, շատ զգույշ մի քանի ծուխ անում ու վերջ։ Անդադար գնում էին։ Մի գետ կար՝ մեկ մոտենում էինք դրան, մեկ՝ հեռանում. ինչ-որ պահի «պաուզա» տվեցին։
Այդ ժամանակ դեռ մի քանի հոգի գիտեր, թե հստակ ինչ է լինելու։ Ներքին խոսակցություններից գիտեինք, որ խոստացվել է շատ հզոր «арт. подготовка»՝ այսինքն՝ հրետանային աջակցություն մերոնց կողմից։ Դա գրոհի դասական ձևն է։ Քիչ հետո թիկունքից մերոնք սկսեցին խփել, մենակ ձայներն էր լսվում ու պարզ էր՝ հրետանի է։ Երևի կես ժամ, քառասուն րոպե տևեց դա։ Մինչև լուսանալը մեր ուղղության առաջապահ ջոկատը պոկվեց առաջ, դրա մեջ ընկերս էր՝ Հովսեփ Հակոբյանն, ով, ի դեպ, մինչ այսօր «Շուշիի ազատագրման» համար մեդալ էլ չունի։ Հետո արդեն իմացա, որ իրենք առանց մի կրակոցի՝ մերձամարտով 2 պոստ հանել էին։
Մայիսի 8-ի լուսաբացը փոշու մեջ էր։ Հիշում եմ կողքս ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայան էր, իր օպերատորը, Շավոն։ Մեր ականանետն այնքան մոտ էր խփում, որ հողի մի մասը թափվում էր մեր գլխին։ Սվետային այս տարվա փետրվարին Երևանում հանդիպեցի՝ 25 տարի անց միանգամից, մի րոպեում ճանաչեցի, որովհետև Շուշիի մոտ այդ առավոտն իրեն նկարել էի ու դաջվել էր հիշողությանս մեջ։
Մեր ուղղության հրամանատարը Վալերի Չիտչյանն էր, ինքն անընդհատ կապերի մեջ էր։ Հիշում եմ՝ հրաման եղավ, որ մի բարձունք կար, պետք է հասնեինք այնտեղ։ Այդ պահին չէինք էլ մտածում՝ թշնամին մի կողմ, բա մեր շնչառությունը թեկուզ կհերիքի՞, որ հասնենք բարձունքին. հասանք։ Այնտեղ շատ այլանդակ կռիվ էր…գիտե՞ս, ինձ համար շատ երևանյան բեսեդկեքի խոսակցություն է, որ «դե Շուշին թուրքերը հանձնել են և այլն», ծայրահեղ վիրավորական է Շուշին վերցրած տղերքի նկատմամբ, որովհետև կրակի այն տարափը, որ գալիս էր… ֆանտաստիկ էին կռվում։
«Ֆսսս՜»՝ էս ֆսսոցն ա, որ մահ ա բերում։ Ճտոցը մահ չի բերում, գնդակի ճտոցը լսում ես՝ նշանակում է քոնոնք են կրակում, բայց էն ֆսսոցը՝ էդ քո մահն ա… Տենց պահերին մենակ սառը գլուխն ա փրկում, եթե դու սառն ես՝ չես զոհվի։ Հիշում եմ, այդ պահին օպերատոր Շավոն ասեց՝ «նկարե՞նք իրար», հասկացա ինչի համար ա ասում, ի՞նչ գիտես՝ ինչ է լինելու. նկարեցինք։
Կարենը
Մարտում վիրավոր տվեցինք, 20 տարեկան երեխա էր՝ Կարենը։ Կապով լսում էի՝ մյուս ուղղություններում էլ զոհեր կային, կարծեմ ասեցին «Կամո, էսինչը զոհվել է, ախպորն ասեք»… Մարտն այդ ընթացքում մեր ու իրանց միջև 150-200 մ հեռավորության վրա էր գնում ընդամենը։ Մինչև վիճակը մի քիչ նստեց, հանդարտվեց, վիրավորն արդեն արնաքամ էր լինում։ Պետք էր արագ, ոտքով, նույն եկած սարերով քաղաք՝ հոսպիտալ հասցնել։ Իջեցնում էինք ես, Սվետլանա Կուլչիցկայան, իր օպերատորն ու տղերքից մի քանիսը։ Ասեցին հերթով մեկս մի 50 մետր դիմացից զենքով պիտի գնանք։
Գիտե՞ս մարդը որ պառկած ա կտորի վրա ու դու տանում ես, շատ ծանր ա։ Պետք էր պահել գիտակցությունը, հենց զգում էի՝ աչքերը փակեց, մատս վերքի մեջ էի մտցնում՝ ցավից վեր էր թռչում։
Ասում էի՝ «Կարեն, եթե հանկարծ աչքերդ փակես, ձեռքով վերքդ սեղմելու եմ»։ Հասցրինք հոսպիտալ, Կարենը փրկվեց։ 92թ.-ի օգոստոսն էր, դեռ հիվանդանոցում էր, գնացի տեսության։ Ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներ էին, բայց արդեն ահագին լավ էր։
Հետո՝ 2005-2006 թվականներն էր, Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ում ինչ-որ գործ ունեի, մի տղա մոտեցավ, թե «չե՞ք հիշում ինձ»։ Պարզվեց Կարենն էր, խոսեցինք։
Հիմա… հիմա էլ չկա էդ տղեն։ Վերջին տեսնելուցս մի քանի տարի հետո՝ 38 տարեկանում մահացավ։ Չգիտեմ ինչից, երևի էդ ամեն ինչից էլի…
Մայիսի 9-ին Շուշիում հայելի տեսա, հայելում՝ ինձ
Կարենին իջացնելուց հետո արդեն մայիսի 8-ի կեսօրն անց էր։ Ստեփանակերտի կտուրներից նկարում էի Շուշին։ Հանդարտ էր, հատուկենտ կրակոցներ կային։ Չեմ էլ հիշում արդեն ոնց իմացանք, որ Շուշին մերն է։ Մենակ էն եմ հիշում, որ մայիսի 8-ին քանակություն-քանակություն կոնյակ կար ու ամսի 8-ի իրիկունն ամենավտանգավորը Ստեփանակերտում քայլելն էր, որովհետև կարայիր «խալոդնիյ պուլյա» ուտեիր՝ բոլորն անկանոն, ուրախությունից օդ էին կրակում։
Մայիսի 8-ի իրիկունը Ստեփանակերտի մեր կազարմայում հեռուստացույցը միացրած էր։ Թուրքերն ինչ-որ կինո էին ցույց տալիս իրենց «Az TV»-ով, նայում էինք, մեկ էլ կտրեցին կինոն, մի թուրք դիկտոր մտավ, սկսեց կարդալ, տղերքը թարգմանեցին, իմաստն էս էր՝ «էն որ հայերը հիմա հայտարարում են, թե Շուշին գրավել են, սաղ սուտ ա, մերոնք հետ հարվածով եկել են ու վերցրել քաղաքը»։ Իրականում հետ վերցնելու փորձ եղավ՝ մայիսի 9-ին, 10-ին և Շուշիի, և Ստեփանակերտի վրա օդուժ ուղարկվեց, ռմբակոծություններ եղան։
Իսկ ես Շուշի մտա մայիսի 9-ին։ Առաջին զգացողությունն ու բացառիկությունը հենց ճանապարհով մտնելն էր։ Նախորդ օրերի ժայռերով, անտառներով բարձրանալուց հետո, ազատության գլխավոր զգացողությունը ճանապարհով հանգիստ Շուշի մտնելն էր։ Բոլորը գնացին Սուրբ Ղազանչեցոց, այնտեղ հայտնի աղոթքի արարողությունն էր տեղի ունենում։ Ես Արթուր Փափազյանի հետ էի, իրեն էլ գլխավորապես կապն էր հետաքրքրում, գտնել-վերցնելը հնարավոր սարքավորումները՝ դրանք փնտրելու կարևորագույն տեղը հեռուստաաշտարկն էր։ Միասին գնացինք։
Հիշում եմ այնտեղից ես էլ ռազմավար ունեցա՝ տասնյակներով Ադրբեջանի «Народный фронт»-ի վկայականներ բերեցի, բոլորը թողել փախել էին ու մի քանի տուփ ֆիլտրով «Իզմիր» սիգարետ։ Հեռուստաաշտարակում նկարում էի, մեկ էլ հայելի տեսա, հայելում՝ ինքս ինձ, աչքով արեցի՝ ասեցի սա էլ էսպես թող մնա։ Վաղուց հայելի ու հայելում ինձ չէի տեսել։ Ստեփանակերտում նույնիսկ ամբողջական ապակի չէր մնացել, բոլորը կոտրված էին՝ ի՞նչ հայելու մասին էր խոսքը։
Վերջում՝ նեղության պահի ու արդարության մասին
Շուշիի ազատագրման բացառիկությունն, ըստ իս, ամենաճիշտը բնորոշվում է «Կոմս Մոնտե Քրիստոյից» վերցրած մի արտահայտությամբ՝ «այս նեղությունն էր, որ մեզ ստիպեց»։ Հոգեբանորեն սա նշանակում էր՝ եթե կարողացանք վերցնել Շուշին, ուրեմն չվերցվող բան չկա։ Շուշիից մենակ ռագատկայով, չգիտեմ, միջնադարյան ձևով քար գլորելով կարելի էր մեծաթիվ զորք վերացնել։
Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր ոգին նեղության պահին է դրսևորվում։ Տես՝ նույն 2016թ.-ին. մարտի 31-ին ու ապրիլի 2-ին մենք տարբեր, երկու տարբեր ազգեր էինք։ Ապրիլի 2-ին բոլորս նույնն էինք, անգամ կազինոյում օրն անցկացնողները երևի մի ձեռքով խաղադրույք էին անում, մյուսով՝ խաչ տղերքի համար։ Չգիտեմ, բայց սա ճիշտ չի երևի։
Մեզ միավորողը նեղությունը չպիտի լինի, երևի պիտի լինի արդարությունը։ Ամենապարզը՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալ հիմա 5000-6000 մարդ ունի՝ մինչդեռ գործողությանը 1000 մարդ էլ չի մասնակցել, ու իմ ճանաչածներից մի մասն անգամ մեդալ էլ չունի։
Իսկ անձամբ ի՞նձ։ Անձամբ ինձ՝ Շուշին վստահություն տվեց, որ, չգիտեմ, երևի Աստված ինձ պահում է։ Մեկ-մեկ, որ ինքնաթիռի մեջ եմ լինում ու օրինակ վատ եղանակի պատճառով սկսում է ուժեղ թափ տալ, մի պահ իրար եմ խառնվում, հետո հիշում եմ Շուշիում լսած, կողքովս անցած ֆսսոցներն ու քմծիծաղ տալիս։
Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Արթուր Գրիգորյանի նկարահանումներից: