Ռոման Պոլանսկի. 8 դրվագ տարօրինակ մարդու կյանքից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոման Պոլանսկի. 8 դրվագ տարօրինակ մարդու կյանքից

Դրվագ 1

«Դանակը ջրում»

Պոլանսկու իսկական անունը Ռայմունդ Ռոման Լիբլինգ է: Նա ծնվել է 1933թ-ի օգոստոսի 18-ին Փարիզում, լեհ նկարիչ Ռիշարդ Լիբլինգի և Ռուսաստանից գաղթած հրեուհի Բուլա Կացի ընտանիքում: 1937թ-ին նրա ծնողները որոշում են Ֆրանսիայից տեղափոխվել Լեհաստան, և նրանց տեղափոխվելուց երկու տարի անց նացիստական Գերմանիան գրավում է Լեհաստանը: Պոլանսկիների ընտանիքն այդ ժամանակ բնակվում էր Կրակովում: Ծնողներին հաջողվում է փոքրիկ Ռոմանին թաքցնել քաղաքից դուրս բնակվող մի ծանոթ ֆերմերի ընտանիքում, իսկ իրենք չեն հասցնում փախչել և հայտնվում են համակենտրոնացման ճամբարում: Պոլանսկու մայրը զոհվում է Օսվենցիմի գազախցերում, իսկ հորը տեղափոխում են Ավստրիայում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբար: Նա հրաշքով ողջ է մնում: Հայր ու որդի Պոլանսկիներն իրար գտնում են միայն պատերազմից հետո: Ռոմանը, ով մանկուց երազում էր կինոյի մասին, ընդունվում է Լոձի կինոդպրոց, որն ավարտում է 1959թ-ին: Դեռևս ուսանողության տարիներին նա գրավում է մասնագետների ուշադրությունը՝ նկարահանելով մի քանի կարճամետրաժ ֆիլմ: Սակայն նրա առաջին ուշագրավ աշխատանքը «Դանակը ջրում» լիամետրաժ հոգեբանական թրիլերն էր (1962թ): Ռեժիսորի հայրենիքում՝ Լեհաստանում, ֆիլմը բավականին սառն է ընդունվում. նորաթուխ ռեժիսորին մեղադրում են իրական կյանքից կտրվածության, թեմայի սխալ ընտրության, սոցիալիստական իրականության խեղաթյուրման համար: Փոխարենը՝ Արևմուտքում կինոնկարն այնպիսի հաջողություն է ունենում, որ նույնիսկ ներկայացվում է «Օսկարի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:

Դրվագ 2

«Վամպիրների պարահանդեսը»

«Դանակը ջրում» ֆիլմը, այդպիսով, Ռոման Պոլանսկուն պարգևում է միջազգային ճանաչում, սակայն, միաժամանակ, դարձնում է վտարանդի, մարդ՝ առանց հայրենիքի, ուր նա օտար էր և այլևս տեղ չուներ: Պոլանսկին, ով ազատ տիրապետում էր 6 լեզվի՝ լեհերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն, տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, որտեղ նկարահանում է երեք ֆիլմ, այդ թվում՝ «Վամպիրների պարահանդեսը» (1967թ)՝ իր իսկ գլխավոր դերակատարմամբ: Նկարահանումների ընթացքում սիրավեպ է սկսվում Ռոման Պոլանսկու և գլխավոր դերակատարուհի Շերոն Թեյթի միջև: Պոլանսկին ամուսնալուծվում է՝ թողնելով իր կնոջը՝ դերասանուհի Բարբարա Լասին, և ամուսնության առաջարկություն է անում Շերոնին: 1968թ-ի հունվարի 25-ին նրանք Լոնդոնում ամուսնանում են, սակայն գեղեցկուհի Շերոնը չի ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայում և Պոլանսկուն խնդրում է տեղափոխվել Ամերիկա: Ռեժիսորը համաձայնում է, քանի որ հենց այդ ժամանակ հետաքրքիր գործնական առաջարկ էր ստացել Հոլիվուդից՝ Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան» բեսթսելերն էկրանավորելու վերաբերյալ:

Դրվագ 3

«Ռոզմարիի երեխան»

«Ռոզմարիի երեխան» աննկարագրելի հաջողություն է ունենում: Կինոքննադատներն ամենաբարձր գնահատականներն են շռայլում Պոլանսկու հասցեին, իսկ հանդիսատեսը հերթ է կանգնում կինոդահլիճների մուտքի մոտ, որպեսզի սեփական աչքերով տեսնի աղմկահարույց միստիկական թրիլերը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է մասնագիտությամբ դերասան ամուսինը գործարք կնքում սատանայի հետ և հանուն իր կարիերայի վերելքի թույլատրում, որ սատանայական սերմը դրվի իր երիտասարդ կնոջ արգանդում: Պրեմիերայից հետո Պոլանսկուն արվում են նոր ֆիլմերի անհամար առաջարկներ, նա անհամբերությամբ սպասում է առաջնեկի ծնվելուն… Հետագայում ռեժիսորն իր ինքնակենսագրական գրքում գրում է, որ Շերոնի հետ անցկացրած համատեղ կյանքի ամիսներն ամենաերջանիկն էին իր կյանքում: Այդ երջանկությունը կարճատև էր. 1969թ-ի օգոստոսի 9-ին Չառլի Մենսոնի աղանդավորական ավազակախմբի անդամները արյան մեջ խեղդում են Պոլանսկիների նորաստեղծ ընտանիքը: Մենսոնն իրեն համարում էր մարդկության նոր փրկիչ կամ սատանայի երկրային մարմնավորում:

Դրվագ 4

Շերոն Թեյթ

Այդ օրը Պոլանսկին Լոս Անջելեսում չէր. նա գործնական այցով գտնվում էր Լոնդոնում: Ինը ամսական հղի Շերոնը երեկոյան հյուրընկալություն էր կազմակերպել, երբ Մենսոնի խմբի անդամները ներխուժեցին նրա տուն: Սկզբում նրանք սպանեցին դերասանուհու չորս հյուրերին: Թեպետ Թեյթը ծնկաչոք աղաչում էր խնայել իր և երեխայի կյանքը, սակայն ֆանատներն անողոք էին: Խմբի անդամ Սյուզան Աթքինսը Շերոնին պատասխանեց, թե ոչ մի պատճառ չունի նրան խնայելու և դանակի հարվածներ հասցրեց, իսկ հետո իր զոհի արյան մեջ թաթախված սրբիչով մուտքի դռան վրա գրեց՝ «խոզ»: Մարդասպանները վերադարձան Մենսոնի մոտ և պատմեցին, որ իրենց հանձնարարությունը հաջողությամբ իրականացրել են: Մենսոնը գոհ մնաց, սակայն առավոտյան պարզվեց, որ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ, նրա խոսքերով, ինքը հանձնարարել էր սպանել այդ տանն ապրող երաժշտական պրոդյուսեր Թերի Մելչերին, ով խանգարել էր իր կարիերային: Չառլի Մենսոնը չգիտեր, որ պրոդյուսերն ու նրա ընկերուհին՝ դերասանուհի Քենդիս Բերգենը դեռևս փետրվարին լքել են այդ առանձնատունը, որը վարձակալել է Պոլանսկին: Մելչերի հանդեպ նրա չարացածության պատճառն այն էր, որ վերջինս ցածր գնահատական էր տվել իր՝ Մենսոնի երգերին և հրաժարվել էր աջակցել դրանց ստուդիական ձայնագրությանը: Աղանդի ղեկավարն իր խմբի անդամներին մանրամասներ չէր հաղորդել, պարզապես հրահանգել էր ի կատար ածել «դատավճիռը»:

Իմանալով ողբերգության մասին՝ Պոլանսկին անմիջապես վերադառնում է Լոս Անջելես: Սկզբում, երբ հանցագործության հեղինակները դեռևս անհայտ էին, Պոլանսկին գլխավոր կասկածյալի կարգավիճակում էր. ոստիկանությունն անընդմեջ հարցաքննում էր նրան, ոճրագործության դրդապատճառները փնտրում նրա և կնոջ հարաբերություններում: Մի քանի ամիս տևած դժոխային վիճակը, գուցեև, այդպես էլ չհանգուցալուծվեր, եթե Չառլի Մենսոնն ու իր աղանդի անդամները չձերբակալվեին բոլորովին այլ առիթով՝ մեքենա առևանգելու համար: Հենց այդ ժամանակ էլ նրա հանցախմբի անդամներից մեկը բանտախցում պարծեցել էր մեկ այլ հանցագործի մոտ, թե իրենք են կատարել աղմկահարույց սպանությունները: Պոլանսկին այդ ամենից հետո այլևս չէր կարող բնակվել Լոս Անջելեսում, որտեղ նրան ամեն ինչ հիշեցնում էր կնոջ մասին: Նա վերադառնում է Լոնդոն, սակայն Շերոնի մահվան պատմությունը ողջ կյանքում հետապնդում է նրան: Նույնիսկ տարիներ անց նա ափսոսանքով ասում է, որ այդ օրն ինքն էլ պիտի լիներ կնոջ կողքին և կիսեր նրա ճակատագիրը:

Դրվագ 5

«Չինական թաղամաս»

Պոլանսկու կյանքում սկսվեց մռայլ շրջան, որն արտացոլվեց նաև նրա ֆիլմերում: Մեծ Բրիտանիայում նա սկսեց նկարահանել Շեքսպիրի «Մակբեթը», որը մեծ էկրան բարձրանալուց հետո քննադատներին ու հանդիսատեսին ցնցեց արյունալի տեսարանների առատությամբ: Պոլանսկին, ասես, մեծ էկրան էր տեղափոխել կնոջ և ընկերների մահվան դրվագները: Նա Լոս Անջելես վերադարձավ միայն 1973թ-ին, երբ «Ռոզմարիի երեխան» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը նրան առաջարկեց մի նոր հետաքրքիր նախագիծ՝ «Չինական թաղամաս» հոգեբանական թրիլերը: Ֆիլմի գլխավոր հերոսի՝ մասնավոր խուզարկուի դերը վստահվեց Ջեք Նիքոլսոնին: Ռեժիսորն ու դերասանն անմիջապես ընկերացան: Ֆիլմն «Օսկարի» ներկայացվեց 11 անվանակարգում, բայց ստացավ միայն լավագույն սցենարի համար: Այդուհանդերձ, այս ֆիլմով Պոլանսկին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեծ տաղանդով օժտված ռեժիսոր է, ով ունակ է ապահովել լեփլեցուն կինոդահլիճներ և, միաժամանակ, արժանանալ քննադատների ամենաբարձր գնահատականներին: Հոլիվուդյան խելահեղ կյանքը շուտով ընկղմեց նրան իր հորձանուտը. ձգտելով մոռացության տալ իր հետ կատարված ողբերգությունը՝ նա սկսեց մասնակցել Նիքոլսոնի կազմակերպած բոլոր աստղային երեկույթներին: Այդ երեկույթներից մեկի ժամանակ էլ նա ծանոթացավ տիկին Գեյլիի հետ, ով ցանկանում էր հանրաճանաչ դարձնել իր 13-ամյա դուստր Սամանթային:

Աղջիկը դուր էր գալիս 44-ամյա Պոլանսկուն. նա լրջորեն հրապուրվել էր: Երբ ֆրանսիական Vogue ամսագիրը նրան պատվիրեց մի քանի հոդված և լուսանկարներ, նա որոշեց լուսանկարել Սամանթային: Տարիներ անց, 2003թ-ին, Սամանթան, ով արդեն կրում էր ամուսնու ազգանունը՝ Գեյմեր, հեռուստալրագրող Լարի Քինգի հետ ունեցած անկեղծ հարցազրույցում մանրամասն պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր և Պոլանսկու միջև: «Առաջին իսկ նկարահանման ժամանակ Պոլանսկին ինձ հանկարծ խնդրեց զգեստափոխվել իր ներկայությամբ. այդ խնդրանքն ինձ դուր չեկավ, բայց ես կատարեցի: Երկրորդ նկարահանմանը ես առհասարակ չէի ցանկանում մասնակցել, սակայն մայրս ինձ հանգստացրեց՝ ասելով, թե ոչինչ չի պատահի…»,- վերհիշում էր Սամանթան: 1977թ-ի մարտի 10-ին Պոլանսկին և Սամանթան, ով արդեն դարձել էր 14 տարեկան, եկան Ջեք Նիքոլսոնի տուն: Տանտերը բացակայում էր, սակայն Պոլանսկին բանալի ուներ: «Մենք լուսանկարվում էինք և շամպայն խմում: Իմ գլուխը պտտվում էր, և ես սկսեցի վախենալ: Ես հանկարծ հասկացա, որ նա վատ նպատակ է հետապնդում, բայց չգիտեի, թե ինչպես վարվեմ, ինչպես փախչեմ այդ տնից… Երբ նա սկսեց դիպչել ինձ, ես մի քանի անգամ ողջ ուժով վանեցի նրան, բայց նա շարունակում էր: Ի վերջո, ես հանձնվեցի…»:

Դրվագ 6

Պոլանսկին դատարանի դահլիճում

Պոլանսկուն ձերբակալեցին: Սկզբում նրան մեղադրանք ներկայացվեց անչափահասի բռնաբարության համար, սակայն փաստաբանը Պոլանսկուն խորհուրդ տվեց գործարք կնքել դատախազության հետ՝ հանցանքի մասնակի ընդունման միջոցով, ինչի արդյունքում «բռնաբարություն» բառը մեղադրանքում պիտի փոխարինվեր «անօրինական սեռական կապ անչափահասի հետ» ձևակերպմամբ: Երկու դեպքում էլ Պոլանսկուն սպառնում էր ազատազրկում, պարզապես՝ տարբեր ժամկետներով: Դատարանը որոշում ընդունեց նրան երեք ամսով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ, որպեսզի հետազոտություն անցնի: Այդ ժամանակ Պոլանսկու փաստաբանը դատարանին խնդրեց հետաձգել որոշման իրականացումը, որպեսզի նա հասցնի ավարտել իր նոր կինոնախագիծը: 42 օր բանտում անցկացնելուց հետո Պոլանսկին ազատ արձակվեց՝ պայմանով, որ դատարանի որոշումը կատարելու է և արտասահմանում աշխատանքն ավարտելուց հետո ներկայանալու է հոգեբուժարան: Օգտվելով առիթից՝ ռեժիսորը 1978թ-ին մեկնեց Լոնդոն, սակայն, մտավախություն ունենալով, թե բրիտանական իշխանություններն իրեն կհանձնեն Մ. Նահանգներին, անմիջապես տեղափոխվեց Ֆրանսիա, քանի որ այդ երկրի քաղաքացիություն ուներ և կարող էր չանհանգստանալ իր անվտանգության համար:

Դրվագ 7

«Դաշնակահարը»

Նրա փախուստը ամերիկյան արդարադատությունից տևում է արդեն շուրջ 40 տարի: Այդ ընթացքում նա փորձել է չհայտնվել այն երկրներում, որոնք Մ. Նահանգների հետ պայմանավորվածություն ունեն հանցագործների արտահանձնման վերաբերյալ: Պոլանսկին նկարահանումների համար անվտանգ երկրներ է համարել Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան… Այդուհանդերձ, 2009թ-ին նրան ձերբակալում են Շվեյցարիայում, որտեղ նա ժամանել էր մրցանակ ստանալու: Այդ ձերբակալությունը առիթ է հանդիսանում, որ կինոաշխարհի ամենահեղինակավոր գործիչները՝ Վուդի Ալենը, Դևիդ Լինչը, Մարտին Սկորսեզեն, Վիմ Վենդերսը, Պեդրո Ալմոդովարը, Դարեն Արոնոֆսկին, Թերի Գիլիամը, Նիկիտա Միխալկովը և այլք իրենց կոչն ուղղեն ամերիկյան իշխանություններին՝ Պոլանսկու նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու պահանջով: Շեշտվում էր հատկապես այն հանգամանքը, որ Սամանթա Գեյմերը բազմիցս հայտարարել էր, թե ներում է ռեժիսորին և որևէ պահանջ չունի: Պոլանսկու քրեական գործը ԱՄՆ-ում այսօր էլ փակված չէ, թեպետ շվեյցարական, ֆրանսիական և լեհական իշխանությունները հրաժարվել են նրա էքստրադիցիայից: Ռեժիսորը բացակայում էր «Օսկարի» մրցանակաբաշխությունից, երբ պարգևատրում էին նրա «Դաշնակահարը» ֆիլմը: Ինչ վերաբերում է Սամանթային, ապա նա հայտարարել է. «Պոլանսկին մեծ սխալ է գործել, սակայն նա այլևս չի կրկնի այդ սխալը: Ես չեմ կարծում, թե նա վտանգ է ներկայացնում հասարակության համար: Համոզված եմ, որ նա տառապում է այն պատճառով, որ վատ է վարվել ինձ հետ: Նա ինքն իրեն արդեն պատժել է, այնպես որ՝ կարիք չկա նրան ազատազրկելու: Ես ներել եմ նրան: Իհարկե, տհաճ է անցյալը հիշելը, բայց ես կարող եմ ապրել այդ հիշողության բեռով…»:

Դրվագ 8

Ռոման Պոլանսկի և Էմանուել Սենիե

1987թ-ին Պոլանսկին Ֆրանսիայում նկարահանեց «Խելագարության եզրին» հոգեբանական թրիլերը, որտեղ տղամարդու գլխավոր դերակատարմամբ հանդես եկավ փորձառու Հարիսոն Ֆորդը, իսկ կանացի գլխավոր դերը վստահվեց անփորձ ու երիտասարդ Էմանուել Սենիեին: Հենց այս ֆիլմն էլ դարձավ նրանց սիրավեպի և մինչ օրս շարունակվող համատեղ կյանքի սկզբնաքարը: Նրանք ամուսնացան 1989թ-ին և ունեն երկու երեխա: Էմանուել Սենիեն դարձավ հավերժ փախստական ու թափառական Պոլանսկու խաղաղ հանգրվանը: Նրանց տարիքային տարբերությունը 33 տարի է: Թեպետ կինոքննադատներից շատերը նշում են, թե Սենիեն բավականին համեստ դերասանական ընդունակություններ ունի, սակայն Պոլանսկին կնոջը մեծ սիրով նկարահանում է իր ֆիլմերում, որոնցից են «Դառը լուսինը», «Իններորդ դարպասը», «Վեներան մորթիների մեջ»:

kinoversus.com