Խենթանում եմ այս երկրի համար. ռուսական հայտնի «Поедем, поедим!» հաղորդաշարն ուշագրավ անդրադարձ է արել Հայաստանին. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խենթանում եմ այս երկրի համար. ռուսական հայտնի «Поедем, поедим!» հաղորդաշարն ուշագրավ անդրադարձ է արել Հայաստանին. tert.am

Մենք արդեն գրել էինք, որ НТВ հեռուստաընկերությունը Սիրուշոյին նվիրված թողարկում է պատրաստել:

Ինչպես գրում է tert.am-ը, ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ուորենը «Գնանք, ուտենք» («Поедем, поедим!») զբոսաշրջային հաղորդման շրջանակում կրկին այցելել է Հայաստան, որտեղ փորձել է տեղի համադամ ուտելիքները, այցելել է Սևան, զմայլվել Գեղամա գեղեցկուհու փիրուզագույն անապակ ջրերով, լեռնային խրոխտ համայնապատկերներով, ձկնորսությամբ զբաղվել, սովորել դուդուկ նվագել, Գառնիում ականատես եղել ավանդական լավաշի թխման գործընթացին, ինչպես նաև տոլմա պատրաստել:

Հաղորդման ամբողջ ընթացքում Ուորենը չի դադարում իր հիացմունքը հայտնել Հայաստանի, հայերի, մեր երկրի մշակույթի ու խոհանոցի վերաբերյալ:

Հետաքրքրական է, որ Գառնիում համեղ լավաշից ու այլ կերակուրներից զատ՝ Ուորենի վրա առանձնակի տպավորություն է գործել «Քարերի սիմֆոնիան»: Հաղորդման ամենադիտարժան պահերից մեկը երգչուհի Սիրուշոյի հետ հանդիպումն է: Հաղորդավարն աստղի հետ հանդիպում է հին հայկական մոտիվներով զարդերի պատրաստման արհեստանոցում ու հարցուփորձ անում այս գործի մասին:

Ուորենի խոսքով՝ երևանյան շուկաներն իր ամենասիրած վայրերից են, քանի որ այստեղ կարելի է համեղ ուտել նույնիսկ գումար չունենալու դեպքում: Հաղորդավարը նկատի ունի այն, որ վաճառականներն անարգել թույլ են տալիս վաճառվող մթերքներից մի-մի կտոր համտեսել:

Ինչ վերաբերում է բուն Երևանին, ապա Ուորենին ամենաշատը գրավում է այն փաստը, որ այստեղ մարդիկ շատ հանգիստ են, ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, ինչը քաղաքին առանձնահատուկ տրամադրություն է փոխանցում:

Շուկայից հետո հաղորդավարն ուղևորվել է Երևանի գինու և կոնյակի գործարան, որտեղ համտեսել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենասիրած կոնյակներից մեկը՝ «Դվին»-ը:

«Չգիտեմ՝ ինչում է հարցը՝ լավ սնունդը, անկրկնելի կոնյակը, թե տեսարժան վայրերը, բայց Հայաստանը վայրկյան առ վարկյան ավելի շատ է դուրս գալիս»,- նկատում է Ուորենը:

Գառնիից հետ հաղորդավարը սովորում է տոլմա պատրաստել հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ: Պատրաստման ամբողջ ընթացքն ուղեկցվում է բազմաթիվ հումորներով՝ այդ թվում նաև տիպիկ հայկական:

«Խենթանում եմ այս երկրի համար ու միշտ մեծ հաճույքով եմ այստեղ գալիս: Ինձ հայերի հետ շատ հարմար ու հաճելի եմ զգում, ներշնչանք եմ ստանում նրանցից»,- եզրափակում է հաղորդավարը: