Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնացվում է վատ տրամադրության հետ: Եթե մի օր մարդն առավել ալարկոտ է լինում, չի ուզում շփվել այլ մարդկանց հետ, միանգամից համարում է, որ իր մոտ դեպրեսիա է: Իրականում այդպես չէ: Այն, ինչ նշվեց վերևում, ընդամենը դեպրեսիայի մի մասն է կազմում:
Իրականում դեպրեսիան համարվում է հիվանդություն և ենթադրում լուրջ բուժում: Այն անդրադառնում է մարդու ամբողջ օրգանիզմի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիոլոգիական ոլորտների վրա: Հոգեբանական դրսևորումների մեջ կարող ենք նշել ճնշված տրամադրությունը, մշտական տխրությունը, հուսահատությունը, ձանձրույթը, տագնապը, ներքին լարվածությունը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, ինքնամեղադրանքները, ինքնագնահատականի անկումը, հաճույք ստանալու անկարողությունը և այլն: Ֆիզիոլոգիական դրսևորումների մեջ կարող ենք նշել քնի խանգարումը (անքնությունը կամ քնկոտությունը), ախորժակի փոփոխությունը, աղիների աշխատանքի խանգարումը (փորկապություններ), սեքսուալ ակտիվության անկումը, թուլությունը, շուտ հոգնելը, ցավերը մարմնի տարբեր մասերում:
Դեպրեսիայով տառապող մարդիկ սովորաբար չեն ուզում սոցիալական շփումներ ունենալ, մեկուսանում են, հրաժարվում են հաճույքներից, հիմնականում բացասական հույզեր և մտքեր են ունենում: Առավել սուր դեպքերում մարդիկ դիմում են ալկոհոլի կամ թմրանյութերի «օգնությանը»: Իսկ շատ սուր դեպքերը նույնիսկ կարող են ինքնասպանության հանգեցնել:
Մարդիկ շատ դժվար են ախտորոշում իրենց դեպրեսիան: Նրանք հակված են դա մեկնաբանել որպես վատ բնավորություն, տխրություն, ալարկոտություն և այլն: Գուցե վերը թվարկածից շատ բաներ գտաք ձեր բնավորության մեջ: Դա նորմալ է, բոլոր մարդիկ էլ երբեմն չեն ուզում շփվել մարդկանց հետ, տխրում են, հուսահատվում են, լարվում են և այլն: Դրանք նորմալ մարդկային ապրումներ են, սակայն եթե դրանցից շատերը միաժամանակ են հանդես գալիս և բավականաչափ երկար ժամանակահատվածում, գուցե անհրաժեշտություն կա մասնագետի դիմելու՝ հասկանալու համար՝ արդյոք դա դեպրեսիա է, թե ոչ:
Մասնագետները դեպրեսիան համարում են դարի հիվանդություն: Այն շատ տարածված է և միտում ունի է՛լ ավելի տարածվելու: Ինֆորմացիոն խառնաշփոթին մարդիկ հաճախ ուղղակի չեն դիմանում: Այն բուժվող հիվանդություն է և ճիշտ ու գրագետ մոտեցումը կօգնի հաղթահարել այն:
Երկուսով – հոգեբանական մասնագիտացված կենտրոն