Գեղանկարիչ Արտյոմ Սարգսյան. այցեքարտը` ծիրանի կորիզ. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեղանկարիչ Արտյոմ Սարգսյան. այցեքարտը` ծիրանի կորիզ. hetq.am

Կյանքի ծիլն իր մեջ ամփոփող ամենահայկական մրգի կորիզի պատկերներն ամենուր են՝ մուտքի դռնից մինչև ականջօղեր, կաշվե գոտի, վզնոց ու գեղանկար: Ծիրանի կորիզը գյումրեցի գեղանկարիչ Արտյոմ Սարգսյանի այցեքարտն է: Առավելապես ավանգարդ ոճով ստեղծագործող նկարիչը արվեստի մեջ սեփական ձեռագրով հաստատուն տեղ գրավելու հայտը ներկայացնելուց առաջ բավական երկար ժամանակ փնտրտուքների մեջ է եղել:

7 տարի առաջ, երբ վերջապես որոշեց զբաղվել լատունից, բրոնզից ու արծաթից զարդեր պատրաստելով, հասկացավ, որ կտավի վրա մետաղի, կաշվի և անգամ փայտի համադրությունը յուղաներկի հետ, որտեղ առաջին պլան պիտի մշտապես մղվեր կորիզի գաղափարը, դառնալու էր իր՝ աշխարհին ներկայանալու, սեփական երկիրը լավագույնս ներկայացնելու թերևս ամենագեղեցիկ այցեքարտը:

Ոսկերչի ու մանկավարժի միությունից ծնված երեք զավակներից ավագն է Արտյոմը: Նկարչական ձիրքը տղային փոխանցվել է հորից՝ Էդիկ Սարգսյանից: Պատմում է, որ մանկական տարիներին հայրական տան պատերը ծածկված էին մատիտով արված իր «խզբզոցներով»: «Հիմա, որ պատերի վերանորոգված հատվածներից ցանկացած տեղ քերենք, տակից երևալու են իմ «գլուխգործոցները»,-կատակում է Արտյոմը:

10 տարեկանից հաճախել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Մեկ տարվա սան էր, երբ երկրաշարժը ցնցեց հայրենի քաղաքը: Հայրական օջախը կանգուն մնաց, դրա փոխարեն հարկ եղավ ուսումնառության հիմնական տարիներն անցկացնել տնակային պայմաններում: Տնակներում էր տեղավորվել նաև Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: «Ես լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ Միրզոյան Սերգեյը, Ցողիկը, Նինելը, Գասպարյան Հովհաննեսը: Նույնն էլ ակադեմիայում էր՝ չհաշված ամենագլխավոր ուսուցչիս՝ հայրիկիս»,-նկատում է զրուցակիցս:

Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում ուսանել հաջողվում է միայն զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ 1998թ-ին: Գեղանկարչի և մանկավարժի որակավորումն Արտյոմին կարճ ժամանակով հնարավորություն է տալիս ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել նաև դասավանդմամբ՝ մեկ տարի Գյումրու «Գեղագիտության ազգային կենտրոնում» և 3 տարի «Հայ բուսակ» համալսարանում:

Ամբողջությամբ՝ hetq.am