Հունվարի 17-ին, 64 տարեկան հասակում Իսլանդիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում վախճանվեց ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 1972 թվականի չեմպիոն Ռոբերտ (Բոբի) Ֆիշերը: Նա մտավ պատմության մեջ ոչ միայն իր արտակարգ շախմատային տաղանդի, այլև էքսցենտրիկ բնավորության շնորհիվ։
Շատերի համար Ֆիշերը բոլոր ժամանակների լավագույն շախմատիստն է, որի հետ ոչ ոք չէր կարող մրցակցել խաղի սրությամբ և հոգեբանական պատրաստվածությամբ։
Ֆիշերը ծնվել է 1943թ., Չիկագոյում։ 14 տարեկանում նա դարձավ ԱՄՆ չեմպիոն։ Հաջորդ տարի Ֆիշերն արդեն միջազգային գրոսմայստեր էր և նույն տարում էլ թողեց դպրոցը՝ հայտարարելով, որ այնտեղ սովորելու բան չկա։
29 տարեկան հասակում նա փայլուն հաղթանակ տարավ Բորիս Սպասսկու նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն։ Ասում են, Սպասսկին այնպես էր ուզում պաշտպանել տիտղոսը, որ համաձայնեց էքսցենտրիկ ամերիկացու բոլոր պահանջներին։ Վերջինիս պահանջով փոխվեցին ֆիգուրներն ու խաղատախտակը, հանվեցին հեռուստախցիկները, իսկ հանդիսականները տեղափոխվեցին ավելի հեռու։ Ֆիշերին ներում էին անգամ ուշացումները։ Ռեյկյավիկում անցկացված այդ մրցամարտն ավարտվեց 12.5-8.5 հաշվով՝ հօգուտ Ֆիշերի։
ԱՄՆ-ում նա դարձավ իսկական հերոս, սակայն անսպասելիորեն որոշեց չմասնակցել ոչ մի պաշտոնական հանդիպման։ Ասում են, այդ ժամանակ նա տրվել էր Փասադենա քաղաքում գործող «Տիրոջ համաշխարհային եկեղեցի» աղանդին և այդ եկեղեցուն էր նվիրաբերել իր բոլոր հոնորարները։ Սակայն որոշ ժամանակ անց կապերը խզեց այդ աղանդի հետ՝ ասելով. «Աղանդի առաջնորդներն ահավոր խաբեբաներ են։ Նրանք ազդարարեցին Քրիստոսի մոտալուտ գալստյան մասին և, փաստորեն, խաբեցին ինձ։ Անգամ ներողություն էլ չխնդրեցին»։
1975թ. Ֆիշերը պետք է պաշտպաներ իր տիտղոսը՝ Կարպովի հետ մրցամարտում։ Սակայն նա նորից պահանջներ ներկայացրեց ՖԻԴԵ-ին և, մերժում ստանալուց հետո, հայտարարեց, որ հրաժարվում է շախմատային թագից։ Այդ պահից ի վեր Ֆիշերի կյանքը պատված էր մշուշով. ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հաջորդ 20 տարիների ընթացքում նա ինչով էր զբաղվում։ Իսկ Սպասսկու հետ խաղը, փաստորեն, դարձավ նրա վերջին պաշտոնական մրցամարտը։ Տեղեկություններ կան միայն այն մասին, որ 1981թ. նրան ձերբակալել են Փասադենայում բանկ թալանելու համար, սակայն շուտով ազատ են արձակել։
Դարի խաղի կրկնությունը
1992թ. Ֆիշերին առաջարկեցին նորից մրցել Սպասսկու հետ։ Խաղը պետք է տեղի ունենար Հարավսլավիայում, որի նկատմամբ այդ ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին գործում։ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Ֆիշերին նամակ ուղարկեց՝ խորհուրդ տալով չմեկնել Հարավսլավիա։ Սակայն Ֆիշերը Ֆիշեր չէր լինի, եթե այդպես հեշտ ու հանգիստ համաձայներ։ Նա որոշեց մասնակցել խաղին։ Ավելին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակայնորեն պատռեց ԱՄՆ Ֆիննախի նամակը և թքեց դրա վրա։ Այս անգամ ևս Ֆիշերը հաղթեց Սպասսկուն՝ ստանալով 3 միլիոն դոլար մրցանակ։ Դրանից հետո նա նորից անհետացավ, քանի որ ԱՄՆ-ում նրան սպառնում էր 10 տարվա բանտարկություն՝ էմբարգոն խախտելու, և 250 հազար դոլարի տուգանք՝ հարկերից խուսափելու համար։ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ֆիլիպինյան ռադիոյին տված հարցա-զրույցում Ֆիշերը չէր կարողացել թաքցնել իր ուրախությունը՝ հայտարարելով. «Դա հիանալի է։ Ժամանակը եկել է Ամերիկայի հարցերը մեկընդմիշտ լուծելու համար»։ 2004-ին Ֆիշերը հայտնվեց Ճապոնիայում և 8 ամիս բանտում անցկացնելուց հետո մեկնեց Իսլանդիա։ Այստեղ էլ շախմատային հանճարը կնքեց իր մահկանացուն։
Ֆիշերների մութ անցյալը
Շատերը գտնում են, որ Ֆիշերի խնդիրները ԱՄՆ իշխանությունների հետ սկիզբ առան հենց 1992-ին, երբ նա մեկնեց Հարավսլավիա։ Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնվել է դեռ պատանի հասակում, երբ մասնակցում էր 1958թ. Մոսկվայում անցկացված շախմատային օլիմպիադային։ Ամերիկացիները համոզված էին, որ նրան հավաքագրել է ՊԱԿ-ը, թեև հարցական է մնում, թե ՊԱԿ-ի ինչին էր պետք 15 տարեկան երեխան։
Այս ամենն ունի իր նախապատմությունը։ ԱՄՆ իշխանությունների հետ Ֆիշերների ընտանիքը խնդիրներ ուներ դեռ մինչև Բոբիի ծնվելը։ Ֆիշերի մայրը՝ ծագումով հրեա և ձախ հայացքների տեր Ռեգինան, ժամանակին ֆաշիստական Գերմանիայից փախել էր ԽՍՀՄ։ 1940թ. նա ավարտեց բժշկական ինստիտուտը և ամուսնացավ գերմանացի կենսաքիմիկոս Ֆիշերի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց երիտասարդ ընտանիքը զարմանալի հեշտությամբ մեկնեց ԱՄՆ և հաստատվեց Չիկագոյում։ Ինչպես հետո պարզվեց, ամերիկյան հակահետախուզությունն անմիջապես հսկողության տակ էր վերցրել «կասկածելի» ընտանիքին՝ ենթադրելով, որ նրանք կարող են ինֆորմացիա հաղորդել Լուբյանկային։
Սա էլ դեռ ամենը չէ. Ֆիշերների ընտանիքն ունի ևս մի գաղտնիք։ Վարկած կա, որ Բոբիի իրական հայրը եղել է ոչ թե կենսաքիմիկոս Ֆիշերն, այլ հունգարացի վտարանդի, հայտնի մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նոյմանը, որը մոտ է եղել Ֆիշերների ընտանիքին։ Նոյմանը եղել է գիտնականների խմբում, որոնք աշխատել են ամերիկյան ատոմային ռումբի ստեղծման վրա։ Դա բացատրում է, թե ամերիկյան հատուկ ծառայություններն ինչու էին հսկողություն սահմանել Ֆիշերների ընտանիքի նկատմամբ՝ մինչև 1997թ., երբ մահացավ Ռեգինան։ Գործակալների հաղորդագրություններում հաճախ էր նշվում, որ հենց մայրն է Բոբիին հակաամերիկյան տրամադրություններ ներարկել, ինչն առաջինն արտահայտվեց Վիետնամի պատերազմի սուր քննադատությամբ։
Հետաքրքիր փաստեր Ֆիշերի կյանքից
Ո՞վ է հրեան
Սպասսկու հետ երկրորդ խաղից տարիներ անց Ֆիշերը հաստատվեց Հունգարիայում և հանգիստ կյանք էր վարում՝ համառորեն խուսափելով լրագրողներից։ Սակայն 1990-ականների կեսերին, որքան էլ զարմանալի լինի, նա ինքն առաջարկեց հարցազրույց տալ Բուդապեշտի «Կալիպսո» ռադիոկայանին։ Եվ ծագեց հերթական սկանդալը… Լրագրող Դանիել Մոլնարը պատմում է, որ սկզբում ամեն ինչ լավ էր գնում։ Հետո էքստրավագանտ Ֆիշերը հանկարծ ափերից դուրս եկավ, անցավ հակասեմիթական քարոզչությանը՝ հրեաներին մեղադրելով, որ նրանք հետապնդում են իրեն և ստիպում թողնել շախմատը։ Երբ հաղորդավարը Ֆիշերին հիշեցրեց նրա իսկ հրեական ծագման մասին, շախմատիստն ուղիղ եթերում նրան առաջարկեց գնալ զուգարան և պարզել բոլոր հարցերը։
Ողորմություն
Մի անգամ Ֆիշերը շատ ցավալի պարտություն կրեց Սպասսկուց։ Խաղից հետո նրան հարցրին, թե շա՞տ է հիասթափված։ «Ոչ մի կաթիլ։ Երբ ես պարտություն եմ կրում, ինձ զգում եմ թագավորի պես, որը ողորմություն է տալիս»,- պատասխանեց Ֆիշերը։
Մրցամարտ Աստծո հետ
Մի առիթով Ֆիշերն ասել է, որ եթե շախմատ խաղար Աստծո հետ, ապա խաղն ամենայն հավանականությամբ կավարտվեր ոչ-ոքի արդյունքով։ Այնուհետև մի քիչ մտածել է և ավելացրել. «Թեև, մյուս կողմից, չգիտեմ, թե Աստված ինչ կպատասխաներ իմ e2-e4 քայլին»։
Լռությո՛ւն
Խաղի ժամանակ Ֆիշերը միշտ պահանջում էր, որ դահլիճում բացարձակ լռություն լինի, և ցավագին էր ընդունում ցանկացած շշուկ։ Սպասսկու հետ խաղերից մեկի ժամանակ նա հանկարծ հայացքը կտրեց խաղատախտակից և բղավեց.
– Էյ, դո՛ւ, 12-րդ շարքում նստած աղջիկ, անմիջապես դադարեցրու սառնաշաքար լպստելը։
– Բայց ես միայն երրորդն էի հասցրել դնել բերանս,- փորձեց արդարանալ աղջիկը։
– Ոչ թե երրորդը, այլ յոթերորդը, փոքրի՛կ խաբեբա, կարծում ես՝ ես չե՞մ հաշվում։
Սեանս բանտում
Մի անգամ Ֆիշերը միաժամանակյա խաղի սեանս էր տալիս Դենվերի բանտում։ Երբ մոտեցավ խաղատախտակներից մեկին, նկատեց, որ խաղընկերը գողացել է իր սպիտակ նավակը։
– Եթե նավակն անմիջապես տեղը չդնեք, ես կհայտնեմ բանտի տնօրինությանը, և նման խարդախության համար ձեր բանտարկության ժամկետը կավելացնեն,- սպառնաց Ֆիշերը։
– Իզուր եք վախեցնում, ես ցմահ դատա-պարտված եմ։
Ասում են, Ֆիշերն այնքան էր ազդվել այս միջադեպից, որ այս սեանսից հետո թողեց շախմատը։
«3 Միլիոն»