Վաչեի կինը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն. ցուցադրության հայտնի հյուրերն ու հետաքրքիր լուքերը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վաչեի կինը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն. ցուցադրության հայտնի հյուրերն ու հետաքրքիր լուքերը. life.tert.am

Բոլոր գույների սկիզբը սևն է։ Այս գույնը կարող է ընդգծել գրավչությունը և հարմարավետ է ինչպես դասական, այնպես էլ առօրյա ոճերում։ Վաչե Թովմասյանի կինը` ImYerevan.com- ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանը, որոշել է կոտրել սև գույնի մասին հայկական կարծրատիպերը և ցույց տալ, որ այն մռայլ գույն չէ։ Գայանեն ստեղծել է Just Black ապրանքանիշը, որ ներկայացնելու է բացառապես սև հագուստ։ Երեկ կայացավ հավաքածուի անդրանիկ ցուցադրությունը, որին ներկա էին Գայանեի և Վաչեի ընկերներն ու հարազատները, մի շարք հայտնի մարդիկ։

Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։ Օրվա դրես կոդը սև հագուստն էր։ Գայանեն և Վաչեն ներկայացել էին Just Black-ի հագուստներով։ Գայանեի շապիկի վրա գրված էր` դիզայներ։ Պատրոնդաշ» խորագրով ցուցադրության ժամանակ ներկայացվեց 42 լուք։

«Մեր խորհրդանիշն է՝ սևն ամեն ինչ է. այն համախմբում է բնության բոլոր գույները, միևնույն ժամանակ, գույն չէ»,- ասաց Գայանեն ու հավելեց, որ այս բրենդը ստեղծելու գաղափարը ծնվել է դեռևս 5 տարի առաջ, սակայն հավաքածուն ստեղծելու համար ոգեշնչվել է այս տարի` դստեր` Միայի ծննդից հետո։

«Միշտ ցանկացել եմ կոտրել այն կարծրատիպը, որ հայերը սև են հագնում, մռայլ են՝ փորձելով սևը ներկայացնել պոզիտիվի մեջ։ Ոգեշնչումս եկել է գույնից, հայի ազատատենչ ոգուց, որի փոքրիկ հաղորդագրությունները հագուստի մեջ երևում էին «Պատրոնդաշի» տեսքով։ Ինձ շատ է ոգեշնչել «Ավրորա» նախագիծը՝ որպես  հայի ոգու վերածննդի նոր սկիզբ»,- պատմեց հավաքածուի դիզայները։

Նորաձևության ոլորտում Գայանեն նորեկ չէ։ Ժամանակին նա գործունեություն է ծավալել այս ոլորտում և քաջածանոթ է նրբություններին։ Բացի այդ, նա զբաղվում է նկարչությամբ, ինչն օգնել է գծագրել հագուստները։ Միաժամանակ, նա չի խուսափել լսել ոլորտի գիտակների խորհուրդները։ Ասում է` սա թիմային աշխատանքի արդյունք է։ «Այս նախագիծը միայնակ իրականացնել չէի կարող, կան մասնագիտական  նրբություններ, որոնց վերաբերյալ խորհրդակցել եմ ոլորտի պրոֆեսիոնալների հետ։ Միշտ սիրել եմ ոլորտը և ցանկացել եմ ինչ-որ բան իրականացնել»,- նկատեց Գայանեն։

Դիզայները շեշտեց, որ հավաքածուն նախատեսված է բոլորի համար։ Այստեղ իրենց ոճին համապատասխան հագուստ կգտնեն թե՛ դասական , թե՛ առօրյա ոճի սիրահարները։ Գայանեի փոխանցմամբ` հավաքածուն ստեղծելիս հաշվի են առել կտորների որակն ու հարմարավետությունը։ «Օգտագործել ենք հարմար, մաշկին հաճելի, բամբակյա բարձրորակ կտորներ, որոնք հարմարավետ են, քանի որ չեն ճմրթվում, երկկողմանի օգտագործվող են։ Կտորը ևս պետք է հարմար լինի։ Ինձ համար շատ կարևոր է նաև արտադրական որակը, որպեսզի հագուստը կրելիս զգաս, որ այն բարձրորակ է։ Կարելու ընթացքում եղել եմ ձևարարի և կարողի կողքին»,- ընդգծեց նա։

Խանութը գործելու է օնլայն հարթակում։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը` Գայանեն ասաց, որ Just Black-ը թանկ ապրանքանիշ չի լինելու, քանի որ իր նպատակն է` այն մասսայական դարձնել։ Բիզնես տեսանկյունից շահավետության մասին խոսելիս Գայանեն ասաց. «Եթե բրենդը դարձավ սիրելի, այն արդեն հաջողակ կլինի։ Մինչև նախագիծը սկսելն իմ թիրախային խումբն ինձ հավատացնում էր, որ առաջին հաճախորդներս են լինելու։ Արդեն հերթ է գոյացել, կարծում եմ, որ այդ հերթը շատ ավելի մեծ պետք է լինի ոչ միայն այստեղ, այլև արտերկրում»։

Նախագիծն իրականացնել Գայանեին շատ է օգնել ամուսինը, որն իր խորհուրդներով միշտ կնոջ կողքին է եղել։ «Վաչեն իմ առաջին օգնականն է եղել, քանի որ նախ` թողել է, որ սկսեմ այս նախագիծը` ընտանիքից ժամանակ խլելու հաշվին։ Վաչեն նաև ճիշտ խորհուրդներ էր տալիս` իր օրինակով ասելով` ինչ կկրի, ինչ` ոչ»,- պատմեց նա։

life.tert.am