Հայաստանից երիտասարդ դիզայներ Արիգա Թորոսյանն արդեն երկրորդ անգամ է ներկայացնում իր օրիգինալ աշխատանքները Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում, որն անցկացվում էր սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում աղջիկը պատմել է, որ կազմակերպիչներն են գտել իրեն` սոցցանցերի միջոցով. Արիգայի աշխատանքները կարելի է տեսնել Facebook–ի և Instagram–ի սոցցանցերի իր էջերում։
«Առաջին անգամ ես Paris Fashion Week–ին մասնակցեցի այս տարվա մարտին և ներկայացրի աշուն–ձմեռ հավաքածուն։ Իսկ այժմ նույն տաղավարում մենք ներկայացնում ենք 2018 թվականի գարուն–ամառ կանանց հագուստի հավաքածուն», – ասել է դիզայները։
Նրա խոսքով` Elemental Impression անվանումով հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել երեք հիմնական երկրաչափական պատկերները` եռանկյունին, ուղղանկյունն ու շրջանը։
«Այդ պատկերներին մենք ամեն օր հանդիպում ենք առօրյա կյանքում, սակայն չենք նկատում դրանք… Իսկ ես երկրաչափական պատկերներն օգտագործում եմ զգեստ ստեղծելու համար` համադրելով մարդու մարմնի ուրվագծի հետ», – նշել է Թորոսյանը։
Արիգայի օրիգինալ և յուրատեսակ ստեղծագործությունները հետաքրքրություն են առաջացրել աշխարհի տարբեր երկրների հաճախորդների մոտ։
«Arigato–ի հավաքածուն հետաքրքրել է Գերմանիայի, Քուվեյթի, ինչպես նաև Հոնգկոնգի, Բեյրութի ֆեշն–գնորդներին։ Երևան ժամանելիս մենք կսկսենք աշխատել պատվերների վրա` դրանք հետագայում նորաձև բուտիկներ ուղարկելու համար։ Ինձ մի շարք բլոգերներ և լրագրողներ էին մոտենում Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Իրանից, որոնք հարցուփորձ էին անում ներկայացված հավաքածուի մասին», – ավելացրեց դիզայները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am