Ձեռնաշարժության միջոցով ինքնաբավարարումը տղամարդկանց մոտ կապակցված է սեքսի անբավարար քանակությամբ, իսկ կանանց մոտ՝ սեռական ակտի ժամանակ լրացուցիչ հաճույք ստանալու ցանկությամբ։ Նման եզրակացության է հանգել ամերիկացի հետազոտողների խումբը, որոնց հոդվածը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 18-ից 60 տարեկան 7648 տղամարդ ու 8090 կին։ Նրանց շրջանում հարցում է իրականացվել, որի ժամանակ նրանք հայտնել են, թե ինչ հաճախությամբ են ձեռնաշարժությամբ զբաղվում, երբ են դրանով զբաղվել վերջին անգամ, որքանով բավարարված են իրենց սեռական կյանքից։
Ստացված տվյալների վերլուծության ժամանակ հաշվի է առնվել կամավորների տարիքը, նրանց սեռը, նաև մշտական զուգընկերոջ առկայությունը։ Պարզվել է, որ չբավարարված տղամարդիկ, որոնք հայտնել են իրենց կյանքում սեքսի պակասի մասին, հակված են զբաղվել ձեռնաշարժությամբ, որը փոխհատուցող դեր է կատարում։ Միաժամանակ, որքան հաճախ են կանայք սեքսով զբաղվել, այդքան հաճախ են նրանք դիմել լրացուցիչ ստիմուլյացիայի միջոցով ինքնաբավարարմանը։ Նման դեպքում ձեռնաշարժությունը լրացնող ֆունկցիա է կատարել։
med.news.am