«Շորիկային» մտածելակերպից դուրս. Երևանում կայացավ «Ոուսկի սիլուետ» նորաձևության մրցույթը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շորիկային» մտածելակերպից դուրս. Երևանում կայացավ «Ոուսկի սիլուետ» նորաձևության մրցույթը

Երկարատև դադարից հետո Հայաստանում կրկին անցկացվեց «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթը: Այն հիմնադրվել է 1999թ. Մոսկվայում, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Տատյանա Միխալկովայի նախաձեռնությամբ

Ամենամյա մրցութային կիսաեզրափակիչ ցուցադրումներին մասնակցում են մոտ 3000 երիտասարդ դիզայներներ ԱՊՀ երկրներից:

Մրցույթում հաղթողները հնարավորություն են  ունենում անցնել վերապատրաստում հանրաճանաչ նորաձևության տներում, հավաքածուները ցուցադրվում են տարբեր երկրներում:

2000թ-ին «Ռուսկի սիլուետ»-ին միացավ նաև Հայաստանը՝«ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի միջոցով: Տարիների ընթացքում «Ռուսկի սիլուետ»-ի հանդեպ հետաքրքրությունը չի պակասել: Հոկտեմբերի 10-ին, կայացավ երկար սպասված հայաստանյան մրցույթը: Մրցութային ծրագրին մասնակցում էին հայ երիտասարդ դիզայներներ` ամենատարբեր հավաքածուներով: «Ռուսկի սիլուետ»  մրցույթը հետաքրքիր էր նախ թեմաների բազմազանությամբ. Game of Thrones հեռուստասերիալից մինչև արևելյան մոտիվներ, վենետիկյան Կազանովայից  մինչև հայոց պատմություն:

«Մրցույթից սպասում եմ նոր տաղանդների բացահայտում։ Մասնակցել ցանկացողները շատ էին, բայց ընտրել ենք ասելիք ունեցողներին: Մենք ուղղակի շոու չենք անում, ինձ համար կարևոր է, որ այս ընթացքում նրանք սովորում են, որովհետև շատ դիզայներներ կան, որոնք էլեմենտար բաներ չեն հասկանում, ունեն «շորիկային» մտածելակերպ։ Ուզում եմ, որ  հայ դիզայներները այդ կաղապարից դուրս գան։ Այսօր տեսանք, թե որքան բազմազան էին և’ իրենց ընտրած թեմաները, և’  մտքի թռիչքը, և այն միջոցները, որոնցով  կարողացել են արտահայտել դա։ Տեսանք մտածված հավաքածուներ. զուսպ, նույնիսկ ամենափայլող հավաքածուները մտածված էին»,- Wnews.am– ի հետ զրույցում նշեց «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը։

Մրցութային փուլը գնահատվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, նրանք էլ ընտրեցին միանգամից 2 հաղթողի` Սվետլանա Մկրտչյանին` Ֆրիդա Կալոին նվիրված հավաքածուով և ամենափոքր մասնակից Մարիամ Մանուկյանին` հինավուրց եկեղեցիների թեմայով:

«Ցանկանում էի ցույց տալ Ֆրիդայի ներաշխարհը,- մեզ հետ զրույցում ասաց դիզայներ  Սվետլանա Մկրտչյանը,- եթե նկատեցիք հավաքածուն սկսվեց սևով և ավատվեց սպիտակով. այսինքն՝ նա որքան էլ ծանր կյանք է ունեցել, միևնույն է, լավատեսությունը հաղթել է»։

Հավաքածուի գլխավոր զգեստն իսկապես տպավորիչ էր. զգեստի աստառը հավաքված էր Ֆրիդա Կալոի ինքնագրերից, հաշվի էր առնվել յուրաքանչյուր դետալ` այդ թվում աբադոկով պոդիում բարձրացած տղան, ով խորհրդանշում էր լեգենդար Ֆրիդայի ոչ ավանդական սեռական կողմնորոշվածությունը:

Մրցույթի երկրորդ հաղթողի` Մարիամ Մանուկյանի հավաքածուն զուսպ էր. թեման ընտրված էր միջնադարից, դիզայները ներկայացրել էր հայկական եկեղեցիների հարթաքանդակները նոր ոճով:

«Ռուսկի սիլուետ»-ի այլ հավաքածուներին և հյուրերին ծանոթացեք Wnews.am-ի ֆոտոշարքում:

wnews.am