Նախասրահում սպասում էր ամուսնական զույգը, որին շատ նրբանկատորեն ինձ մոտ էր ուղորդել մի պատկառելի հոգևոր գործիչ:
Քրիստոնյա այս զույգը հավատքի մեջ էր վաղուց, իրար հետ ծանոթացել էին եկեղեցում և ապրում էին իրենց ամուսնական կյանքի 17-րդ տարին: Ունեին երեք դպրոցական տարիքի երեխաներ: Նրանց այստեղ էր բերել մի անլուծելի հակասություն, որ 3 տարի կլիներ արդեն, ինչ քայքայում էր իրենց ամուսնական դաշինքը:
Ամուսինները միմյանց կապված էին ամենաջերմ սիրով: Հավատարիմ և նվիրված, փոխադարձ հոգատարությամբ իրար քնքշորեն խնամող այս զույգը գանգատվում էր կնոջ էրոտիկ կրքի և սեռական պահանջի բացակայությունից, որի պատճառով վերջին երեք տարիների ընթացքում սեռական կյանքի հաճախականությունը գնալով նվազել և ի վերջո դադարել էր:
Կինը միշտ ուներ մերձեցումից հրաժարվելու «հարգելի պատճառ»` երեխաների հետ զբաղվելուց հոգնել է, լարված աշխատանքային օր է ունեցել, լիքը տնային գործեր են կուտակվել և շատ այլ հնարամտությամբ հյուսված հիմնավոր պատճառներ: Ամուսինը ամեն ինչ անում էր կնոջը օգնելու և հոգսը կիսելու համար, ուշադիր էր ամեն հարցում, կիրառում էր հրապուրելու և գայթակղելու բոլոր հնարավոր միջոցները: Կինը գնահատում էր սիրեցյալի ջանքերը և վայելում սիրո պարգևած ապահովության ու պաշտպանվածության զգացումները, Եվ մինչ հոգեհուզական կապվածությունը գնալով խորանում էր, գիշերային կյանքում ամեն ինչ ընթանում էր հակառակ ուղղությամբ, սառում էր սեռական կիրքը:
Ամուսինը սաստիկ տառապում էր, քանի որ այնպես էր ստացվում, որ կինն էր որոշողը, թե երբ կունենան սեռական մերձեցում, իսկ իր սեփական ցանկությունը դատապարտված էր մնալու անպատասխան: Ինչ տեսակ անձնազոհությունների էլ որ դիմեր նա, միևնույնն է, սեռական մերձեցումը կնոջ կամքից կախված մի բան էր, դրանից էլ սկսում է առաջանալ կնոջ իշխանության տակ գտնվելու դառն զգացողություն, ծնվում և իրար են հաջորդում դժգոհությունը, ագրեսիան, վհատությունը, անճարության և անցանկալի լինելու զգացումները:
– Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը ինքնավստահ է ու ինքնաբավ-ասում է կինը:
– Այո, բայց դժվար է մշտական քննադատություններին և մերժումներին ի հանդիման պահպանել ինքնավստահությունը, բավարարության զգացումը,-առարկում է ամուսինը:
Այսպիսով ստացվում է արատավոր մի շրջան, որը շատ բնորոշ է սեռական ցանկության անհամապատասխանությունների դեպքում: Ինչքան շատ է մեկը մերժում, այնքան ուժգնանում է մյուսի կարիքը և կորչում ինքնավստահությունը: Տվյալ դեպքում ամուսնու կարիքը գնալով ուժգնանում էր և նա փորձում է շատացնել իր կողմից գործադրած ճնշումը, որին ի պատասխան կինն է՛լ ավելի է հեռանում` բողոքելով նրա անրբանկատությունից: Ամուսինն իր վարքով վանում է կնոջը, թեև ճիշտ հակառակն է ուզում, կինն էլ հեռու մնալով ամուսնուց խորացնում է նրա կարիքի և անվստահության զգացումը, որից և ամենաշատն է բողոքում:
Անշուշտ կինը նույնպես տառապում էր իր սառած կրքի պատճառով, ակնհայտորեն դրսևորելով խնդրի լուծման մեծ պատրաստակամություն: Իմ այն հարցին թե` տարփալից և ցանկասիրական ի՞նչ մտքեր է ինքն ունենում, սկսեց պատմել ամուսնու կարիքի և հուսահատությունների մասին, պարզ դարձավ, որ կինն այն աստիճան ներծծված էր ամուսնու սեռական ապրումներով, որ բոլորովին կորցրել էր կապը սեփական զգացումների և ցանկությունների հետ, նա ուղղակի չգիտեր` ինչ է իր ուզածը, մինչդեռ մանրակրկիտ կարող էր շարադրել` ինչ է ուզում ամուսինը:
Ամբողջությամբ՝ sexology.am