1960թ-ին Marie Claire հանրաճանաչ ամսագրի թղթակից Ժորժ Բելմոնտը երկու շաբաթ անցկացրեց ամերիկյան լեգենդար կինոաստղ և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի հետ: Մերիլինի ծավալուն և սկանդալայնության աստիճան անկեղծ հարցազրույցը հանրությանը հնարավորություն տվեց ոչ միայն բացահայտելու մի շարք հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից, այլև նորովի ճանաչելու նրան։ Ինչպիսի՞ն էր Մոնրոն իր ողբերգական մահից երկու տարի առաջ՝ առօրյայում, փոխհարաբերություններում, մտորումներում։ Կինոաստղն առանց դիմակի, գաղտնիքների և կեղծ խորհրդավորության պատասխանում է բոլոր հարցերին։
Մերիլին․- Ավելի լավ է՝ ես հարցերին պատասխանեմ: Չեմ կարող հենց այնպես ինչ-որ բան պատմել, դա ահավոր է: Ինչի՞ց սկսել: Այնքան տարբերակներ կան…
Marie Claire․- Այսպես թե այնպես՝ սկիզբ եղել է․ դա Ձեր մանկությունն է:
Մերիլին․- Այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի, միայն կռահում են: Երկար ժամանակ իմ կյանքն ու իմ անցյալը մնում էին խոր մշուշի մեջ: Ես երբեք չեմ խոսել այդ մասին, քանի որ դա իմ անձնական գործն է: Այնուհետև ռեժիսոր Լեսթեր Քոուենը ցանկացավ նկարահանել ինձ «Երջանիկ սեր» ֆիլմում: Նա ինձ փոքր դեր առաջարկեց և պետք է ինձ հետ պայմանագիր ստորագրեր: Այդ ժամանակ ես դեռ շատ երիտասարդ էի, դրա համար նա ասաց, թե կուզենար զրուցել իմ հոր կամ մոր հետ: Ես ասացի, որ դա հնարավոր չէ։ «Ինչո՞ւ»,- պնդում էր նա: «Ես երբեք չեմ ապրել ծնողներիս հետ»,- բացատրեցի նրան իրավիճակը: Դա մաքուր ճշմարտություն էր, և ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է հարկավոր այդ փաստը սենսացիայի վերածել: Այդ ժամանակվանից ի վեր իմ մասին այնքան շատ անհեթեթություններ են գրել, որ, Աստված իմ, ինչո՞ւ հիմա չպատմել ճշմարտությունը:
MC.- Որո՞նք են Ձեր առաջին հիշողությունները այն ժամանակներից, երբ երեխա էիք:
Մերիլին (երկար լռելուց հետո).- Իմ առաջին հիշողություննե՞րը: Դե, որքան հիշում եմ՝ ես սայլակում եմ, երկար սպիտակ զգեստով, այն տան դիմացի մայթին, որտեղ ես ապրում էի ընտանիքիս հետ, որն իմ հարազատ ընտանիքը չէր: Այն, որ ես իմ մոր հարազատ երեխան եմ, փաստ է: Բայց այն, ինչ ասում են իմ հոր կամ իմ հայրերի մասին, անհեթեթություն է: Մորս առաջին ամուսնու ազգանունը Բեյքեր էր: Երկրորդինը՝ Մորտենսեն: Բայց երբ ես ծնվեցի, նա երկուսից էլ վաղուց բաժանվել էր: Ասում են, որ հայրս նորվեգացի էր, ինչի մասին վկայում է Մորտենսեն ազգանունը, և որ նա զոհվել է ավտովթարի հետևանքով՝ իմ ծնվելուց հետո: Ինչ վերաբերում է իսկական հորս անձին, ես երկու փաստ գիտեմ: Ծննդյանս վկայականում «հոր մասնագիտությունը» տողի առջև գրված է՝ «Բեյքեր»: Դա մորս առաջին ամուսնու ազգանունն է, բայց դա նաև նրա մասնագիտության անվանումն է՝ հացթուխ: Երբ ես ծնվեցի ամուսնությունից դուրս, մայրս պետք է ինձ ազգանուն տար: Հավանաբար, արագ որոշում կայացնելով, նա ասել է՝ «Բեյքեր»: Կամ էլ՝ դա տեղի է ունեցել գործավարի սխալի պատճառով: Ինչևէ, իմ անունն է Նորմա Ջին Բեյքեր: Այս անունը գրված է իմ բոլոր դպրոցական տետրակներում: Մնացածը հիմար հեքիաթներ են:
MC․- Ստացվում է՝ մայրը Ձեզ միայնակ էր դաստիարակում…
Մերիլին․- Ես երբեք չեմ ապրել մորս հետ: Ասում են, թե այդպես չէ, բայց դա ճշմարտություն է: Ես միշտ ուրիշ մարդկանց խնամքի տակ եմ եղել: Մայրս հոգեկան խնդիրներ ուներ: Նա մոնտաժող էր կինոստուդիայում: Հիմա նա ողջ չէ: Նրա ծնողները մահացել են հոգեբուժարանում: Մորս նույնպես հարկ եղավ տեղափոխել հոգեբուժարան: Երբեմն նրան ազատ էին արձակում, բայց հետո տեղի էր ունենում ռեցիդիվ: Այդպիսով, իմ պարագայում այսպես էր. երբ շատ փոքր էի, սենյակ մտնող առաջին իսկ կնոջը «մամա» էի կոչում և մտնող առաջին իսկ տղամարդուն՝ «պապա»: Բայց մի անգամ առավոտյան, այդ ժամանակ երևի երեք տարեկան էի, ինձ լողացնում էին, և ես «մայրիկ» անվանեցի այն կնոջը, ով զբաղվում էր ինձնով: Նա պատասխանեց․ «Ես քո մայրիկը չեմ, ինձ մորաքույր անվանիր»: «Բայց նա իմ հայրի՞կն է»,- հարցրեցի ես՝ ցույց տալով նրա ամուսնուն: «Ոչ,- պատասխանեց կինը,- մենք քո ծնողները չենք: Այն կարմրահեր կինը, ով երբեմն այցելում է քեզ, նա է քո մայրը»: Այն ժամանակ դա ինձ համար շոկ էր: Բայց քանի որ մայրս շատ հազվադեպ էր գալիս, նա ինձ համար հավերժ մնաց որպես «կարմրահեր կին»: Այնուամենայնիվ, ես գիտեի նրա գոյության մասին: Ճիշտ է՝ երբ ինձ որբերի համար նախատեսված մանկատուն տեղափոխեցին, դա հերթական շոկն էր: Ես արդեն կարողանում էի կարդալ: Սև ֆոնին ոսկե տառերով գրված «Մանկատուն» բառը կարդալուց հետո հիստերիկ վիճակում հայտնվեցի, և ինձ ստիպված եղան ուժով ներս քաշել: Ես բղավում էի․ «Ես որբ չե՜մ, ես մա՜յր ունեմ»: Ավելի ուշ մարդիկ ասում էին ինձ․ «Ավելի լավ է մոռանաս մորդ մասին»: «Բայց որտե՞ղ է նա»,- հետաքրքրվում էի ես: «Մի՛ մտածիր այդ մասին, նա մեռել է»: Որոշ ժամանակ անց ես լուր եմ ստանում նրա մասին: Եվ այդպես՝ մի քանի տարի շարունակ: Ստացվում է՝ ես հորինել էի նրա մահը, որովհետև չէի ուզում խոստովանել, թե որտեղ է նա գտնվում: Ապո՛ւշ: Ինչևէ, ես տասնմեկ խնամատար ընտանիքներում եմ ապրել: Առաջին ընտանիքը շատ կրոնապաշտ էր: Մենք ապրում էինք մի փոքրիկ քաղաքում, Լոս Անջելեսի արվարձանում (ես ծնվել եմ Լոս Անջելեսում): Ինձ հետ միասին կար ևս մեկ որդեգրված տղա:
Ես նրանց հետ ապրեցի մինչև գրեթե յոթ տարեկան դառնալս: Նրանք սարսափելի խիստ էին, բայց՝ առանց չարության: Դաստիարակում էին ինձ իրենց սեփական հայացքներին համապատասխան, կոշտ կաղապարների մեջ, իսկ իմ սխալներն ուղղում էին կաշվե գոտու օգնությամբ: Ի վերջո, դա բացահայտվեց, և ինձ հանձնեցին մի հոլիվուդաբնակ անգլիացի զույգի խնամակալությանը: Նրանք դերասաններ էին, ավելի ճիշտ՝ ստատիստներ, և նրանց մոտ իմ կյանքը զգալիորեն տարբերվում էր նախկինից: Նոր ծնողներս շատ էին աշխատում, երբ աշխատանք ունեին, իսկ մնացած ժամանակ հաճույք էին ստանում կյանքից՝ երգում էին, պարում, խմում, թղթախաղ խաղում, և նրանք շատ ընկերներ ունեին: Իմ կրոնական դաստիարակությամբ ես նրանց արդեն դժոխքում էի տեսնում՝ բոլոր մեղքերի համար: Ես ժամեր շարունակ աղոթում էի հանուն նրանց հոգիների փրկության: Այդ անգլիացիներն ինձ իրենց տանն էին պահում, որովհետև գումար էին ստանում մորս սեփականության վաճառքից: Նրանք ինձ ծանոթացրին կինոյի հետ: Դեռ ութ տարեկան չէի դարձել: Ունեի իմ սիրելի աստղերը: Ջին Հարլոուն: Մազերս պլատինե էին, դրա համար էլ ինձ անվանում էին «Խծուծ գլուխ»: Ես ատում էի իմ մազերն ու երազում էի ոսկեգույն վարսերի մասին, մինչև որ չտեսա նրան՝ այդքան գեղեցիկ և պլատինե մազերով, ինձ նման: Հետո՝ Կլարկ Գեյբլը: Հուսով եմ՝ նա չի զայրանա, եթե ասեմ, որ նրան իմ հոր դերում էի պատկերացնում: Ըստ Ֆրեյդի՝ դա վատ չէ, ընդհակառա՛կը: Հետաքրքիր է, բայց ես երբեք չեմ երազել, որ ինչ-որ մեկը լինի իմ մայրը: Ինչի՞ մասին էինք մենք խոսում:
Ամբողջությամբ՝ kinoversus.com