Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է տղամարդկանց համար օրալ սեքսի հիմնական վտանգը, հայտնում է Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը։
Ծխող տղամարդիկ, որոնք կյանքի ընթացքում ունեցել են օրալ սեքսի հինգ և ավելի զուգընկեր, գլխի ու վզի ուռուցքների զարգացման ամենաբարձր ռիսկի խմբում են։ Առհասարակ տղամարդկանց 0․7 տոկոսի մոտ է կյանքի ընթացքում առաջանում տվյալ խմբի հիվանդություններից մեկը, ասում են հեղինակները։
Ուռուցքի առաջացման ռիսկը զգալիորեն ցածր է չծխող կանանց և նրանց մոտ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում օրալ սեքսի հինգից քիչ զուգընկեր են ունեցել։ Գիտնականները համոզիչ կապ են գտել օրալ սեքսի զուգընկերների թվի ու գլխի ու վզի ուռուցքների առաջացման հավանականության միջև։
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով 20-69 տարեկան 13089 մարդու տվյալները, որոնք մասնակցել են NHANES (National Health and Nutrition Examination Survey) ազգային հետազոտությանը։
Ուռուցքն առաջացնում է HPV16 վիրուսը՝ մարդու պապիլոմավիրուսի տեսակներից մեկը։ Փորձագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ում գլխի ու վզի քաղցկեղով հիվանդացության տեմպերը մինչև 2020թ․ կհասնեն արգանդի վզիկի քաղցկեղի ցուցանիշներին։ Նորագոյացությունների այդ տեսակները, բացի HPV16-ից, կապակցված են նաև HPV18 վիրուսի հետ։
Ավելի վաղ ամերիկացի բժիշկները հայտնել էին, որ կանոնավոր օրալ սեքսն ընդունող զուգընկերոջ մոտ 22 անգամ բարձրացնում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
ԱՄՆ-ում ՄՊՎ-ի հետ կապակցված բերանի խոռոչի նորագոյացություններին բաժին է ընկնում 6․6 դեպք հարյուր հազար տղամարդկանց շրջանում ու 1․4 դեպք նույն քանակությամբ կանանց շրջանում։ Ընդ որում բերանի խոռոչի նորագոյացությունների 70 տոկոսը կապակցված է հենց ՄՊՎ –ի հետ։
Պապիլոմավիրուսները սովորաբար փոխանցվում են կենցաղային ու սեռական ճանապարհով արյան, մաշկի ու լորձաթաղանթների միջոցով։ Դրանց մեծ մասը մարդու համար անվնաս է, բայց դրա որոշ տեսակներ հանգեցնում են գորտուկների, նաև ուռուցքաբանական հիվանդությունների առաջացմանը։